Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքացու գրպանից…

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Նորայր Մովսիսյան

17:01 , 21 Սեպտեմբեր 2015

Քաղաքացու գրպանից գումար հանելու տրամաբանությունը

Մենք այսօր այդ տրամաբանության և մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք։ Եվ քանի դեռ բոլոր խնդիրների լուծումները սկսվում և ավարտվում են հասարակության գրպանից նոր մեթոդով գումար հանելու ծայրահեղ էժան տրամաբանությամբ, դժվար է հավատալ, որ տնտեսական նույնիսկ 4,4 տոկոսանոց աճը կարող է լավացնել մարդկանց կյանքը և գոնե 4,4 տոկոսով լավացնել տնտեսական միջավայրը։

Ճգնաժամ է ամբողջ աշխարհում, և դրա արանքում, փաստորեն, հայտնվել է նաև Հայաստանը։ Անշուշտ, հարավ-արևելքի և հյուսիսի աղոտ տեսադաշտում մենք պարտավոր ենք մտածել  նաև այլ ուղղություններով։ Այս առումով մի լուսավոր զարգացում ենք նշմարում, որը մոտ է, բայց միաժամանակ դժվար հասանելի։ Խոսքն Իրանի մասին է, որտեղ այս տարի գրանցվեց պատմական մի իրադարձություն։  Համաձայնություն ձեռք բերվեց ազատել Իրանի և Արևմուտքի միջև պատժամիջոցները վերանայելու վերաբերյալ։ Ավելորդ եմ համարում խոսել Իրանի ներուժից, բոլոր այն հնարավորություններից և հեռանկարներից, որոնք կարող  են բացվել մեզ համար, ի դեպ նաև որպես ԵՏՄ անդամ պետություն և համագործակցություն ստեղծել նաև ԵՏՄ շրջանակներում՝ այդ միության կազմում ստանձնելով բոլորովին այլ, չափազանց կարևոր դերակատարում։ Սակայն այդ հնարավորությունների կյանքի կոչելը, պարզվում է այդքան էլ կախված չէ մեզանից և առայժմ զուտ դեկլարատիվ հայտարարություններից բացի այլ գործողությունների ականատես չենք լինում։ Այս ընթացքում խոսք եղավ Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, որի անմիջական մասնակիցը կարող ենք դառնալ մենք՝  որպես սահմանակից պետություն։ Սա չափազանց բարդ գործընթաց է, ժամանակատար և հաշվի առնելով Իրանի տնտեսական քաղաքականությունը, կարգավորման գործող մեխանիզմները, առնվազն առաջիկա տարիների ընթացքում քիչ հավանական ենք համարում։ Իրան-Հայաստան երկկողմանի տնտեսական և ռազմավարական հարաբերությունների զարգացման կոկորդին էլ  կանգնած է Ռուսաստանի Դաշնությունն՝  իր գերակա շահերով, ռազմավարական ոլորտների մենաշնորհով, պարտադրված  միջպետական պայմանագրերով և քաղաքական ազդեցությամբ։ Հետևաբար նստել և սպասել, որ կգա ժամանակ և Իրանի միջոցով մենք կկարողանանք հաղթահարել ստեղծված տնտեսական իրավիճակը, առնվազն անմտություն կլինի։

Գնանք Արևմուտք, որի մասին չեն սիրում խոսել Հայաստանում և որին մեղադրում են բոլոր ճգնաժամերի համար։  Բայց արի ու տես, որ թե՛ Միացյալ Նահանգներում, և թե՛ Եվրոպական Միությունում իրավիճակը լրիվ այլ է, չհաշված  օրական իրադարձությունների ժամանակավոր բացասական դրսևորումները։ Միայն կարճ անդրադարձ կանեմ այն մասին, որ մասնավորապես ԱՄՆ-ում տնտեսական բոլոր ցուցանիշներն արդեն տարիներ շարունակ ոչ միայն դրական միտում ունեն, այլև կայուն դրական են։

Եվրոպական Միությունում, որի տնտեսական դժվարություններից ի դեպ մեծագույն հպարտությամբ են խոսում ԵՏՄ անդամ պետություններում, նույնպես բավականին լավ վիճակ է։ Իհարկե այնտեղ կան խնդրահարույց կետեր, խոսքը՝  Հունաստանի և առհասարակ ԵՄ ծայրամասային պետությունների մասին է, սակայն նույն Հունաստանում մենք ականատես ենք լինում խնդիրների քայլ առ քայլ լուծմանը և համակարգերի վերականգնմանը, որն անշուշտ ժամանակի հետ բերելու է իր դրական արդյունքները։ Այսօր արդեն եվրոպական արժույթը վստահորեն վերականգնում է իր դիրքերը, Եվրոպական կենտրոնական բանկը հստակ քայլեր է իրականացնում տնտեսության զարգացումը խթանելու համար, որն ի դեպ արդեն տալիս է իր պտուղները, այդ թվում և Հունաստանում։ ԵՄ-ից մենք շարունակում ենք ստանալ տնտեսական զարգացման դրական ցուցանիշներ, որոնք իհարկե դեռ պետք է դիմանան ժամանակի փորձությանը, սակայն այս պարագայում ժամանակը կարծես նրանց օգտին է աշխատում։

Եվ վերջապես,  եթե այնուամենայնիվ դուրս գանք միջազգային հարթությունից և վերադառնանք Հայաստան, տնտեսական խնդիրները փորձենք տեսնել ներքին զարգացումների պրիզմայով, ապա առաջին հայացքից նշմարում ենք մի չափազանց պարզ բայց և շատ խորը խնդիր։ Խոսքն իհարկե մոտեցումների մասին է․ որպես կանոն, երբ մի երկրում կա ճգնաժամային իրավիճակ, երբ էականորեն նվազում են բյուջետային մուտքերը, երբ առկա է ազգային արժույթի արժեզրկում և գնաճ, երբ փոքր և միջին ձեռնարկությունները միմյանց հերթ չտալով փակվում են, իսկ գործարար կապիտալն ու ներուժը դուրս է գալիս երկրից, հետևաբար ամենատրամաբանական քայլերը պետք է լինեն բիզնես միջավայրի բարելավումը,  ներդումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովումը և վերջապես՝ ամբողջ ուժով սեփական արտադրողին ու վաճառողին աջակցելը։  Սակայն այս դեպքում ևս մենք ականատես ենք լինում տրամաբանորեն լրիվ այլ մոտեցման։ Օրերս ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր մի օրինագիծ, համաձայն որի` հարկային դաշտ պետք է մտնեն մի շարք  քաղաքացիներ, ովքեր սեփական գործունեությամբ, ինչպես օրինակ՝ կոշկակարությամբ ապահովում են իրենց առօրյա կենցաղային նվազագույն կարիքները։ Իհարկե, օրինագծի քննարկումը տեղափոխվեց մեծ օրակարգ և շատ մոտ ապագայում դժվար թե դա կյանքի կոչվի, սակայն խնդիրն այստեղ մոտեցումն է և իրավիճակի լուծման տրամաբանությունը։ Եվ մենք այսօր այդ տրամաբանության և մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք։

Եվ քանի դեռ բոլոր խնդիրների լուծումները սկսվում և ավարտվում են հասարակության գրպանից նոր մեթոդով գումար հանելու ծայրահեղ էժան տրամաբանությամբ, դժվար է հավատալ, որ տնտեսական նույնիսկ 4,4 տոկոսանոց աճը կարող է լավացնել մարդկանց կյանքը և գոնե 4,4 տոկոսով լավացնել տնտեսական միջավայրը։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ