Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեխնո-Մերիտոկրատիայի ներդրման սկզբունքները

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Արթուր Դանիելյան

15:10 , 26 Նոյեմբեր 2016

 

Միջազգային վարկանիշային պարբերականներում հրապարակված գիտական աշխատանքներին յուրաքանչյուր 5 հղման համար, ՀՀ –ում, նվազագույնը, 180 օր անցկացրած ՀՀ քաղաքացիները կստանան ցանկացած ընտրություններում մեկ հավելյալ քվե տալու հնարավորություն:

===========

Հայաստանի ժողովրդագրական վիճակագրությունը համադրելով էթնոմշակութային յուրահատկությունների հետ՝ սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում բավականին տրամաբանական կոնտեքստ է ստանում:

Ժողովրդավարական մեխանիզմները արդեն բավական կայացած են, որպեսզի այդ համակարգերի շնորհիվ բնակչությունը կարողանա իր կամքն արտահայտել, մինչդեռ փաստացի կամարտահայտման արդյունքում կառավարման լծակներ են ստանում այն շրջանակները, որոնք չեն կարողանում պատշաճ պատասխան տան հասարակության առջև ծառացած մարտահրավերներին:

ՀՀ հասարակությունը բնութագրող` ուղղափառ, հիերարխիկ, պատրիարխալ առանձնահատկությունները  պատասխան են պարունակում այն հարցի, թե ինչո՞ւ է հասարակությունն իր կամքն արտահայտելիս հակված  գերադասել նեղ-անձնական շահը հանրայինին: Կայացած ժողովրդավարական հասարակարգերը անցել են հանրային վարքագծի էվոլյուցիոն տարբեր փուլերով, հասնելով մի իրավիճակի, երբ անհատների օրակարգում գերակշռում է հանրային շահը: Հայաստանը, այս առումով, բացառություն չէ, և նշված էվոլյուցիան տեղի է ունենում գրեթե նույն հունով, որը ադապտացվում է տեղական աշխարհաքաղաքական իրավիճակին:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ տնտեսական և աշխարհաքաղաքական սկզբնական տվյալները թույլ չեն տալիս ակնկալել, որ հանրապետությանը կհաջողվի գոյատևել այնքան ժամանակ մինչև հասարակությունը կանցնի անհրաժեշտ զարգացման բոլոր փուլերով:

Ինչպես ամենուրեք, Հայաստանում նույնպես հանրության քվեն  ստանում են հեղինակություն վայելող անձինք: Սակայն Հայաստանի բնակչության մեծամասնության համար առավել հեղինակավոր են համարվում այն անձինք, որոնք գտնվում են հանրային բուրգի միջին և ստորին հատվածներում: Այս յուրահատկությունը բավականին տարածված է ասիական հասարակություններում, և դա է պատճառը, որ հենց ասիական հասարակություններում է առավել տարածված իմպերատիվ կարգով մերիտոկրատիայի սկզբունքների ամրագրումը:

Պետական ինստիտուտների կայացման անհրաժեշտությունն ընդունելով որպես գերակայություն, նշված երկրների հասարակությունները, որոշ դեպքում հանրային պայմանագրի շրջանակներում, որոշ դեպքերում էլ միապետի որոշման շնորհիվ, արտոնություններ են սահմանում հանրության այն խավերի ներկայացուցիչների համար, որոնց առաջխաղացումը կնպաստի համընդհանուր բարեկեցությանը:

Ներկա պահին ընտրական մեխանիզմները աշխատում են փակ ցիկլի մեջ: Ընտրական ռեսուրսները բաշխվում են հեղինակություն վայելող անձանց միջև, այդ անձինք իրենց հերթին ապահովում են քաղաքական սուբյեկտների հիմք հանդիսացող ձայների քանակը: Փաստացի ժողովուրդը ընտրում է հեղինակություններին (ըստ էության՝ «ընտրիչներին»), իսկ նրանք ընտրում են, թե՛ իշխանավորներին և թե՛ ընդդիմադիրներին: Վերոհիշյալ էթնո-մշակութային հանգամանքների արդյունքում հեղինակություն են վայելում կասկածելի քաղաքացիական դիրքորոշում ունեցող, երբեմն էլ՝ հակապետական վարքագիծ դրսևորող անձինք: Արդյունքում, առաջնային մանդատով ընտրված կառույցը առնվազն 90%-ով իրենից ներկայացնում է իշխանավորների տարբեր երանգներ: Թեպետ հանրության բոլոր օղակներում հստակ գիտակցում են այս համակարգի ոչ պիտանելիությունը տվյալ աշխարհաքաղաքական պարագայում, սակայն հեղափոխական փոփոխությունների հայտ չի ներկայացվում․ հանրությունը նախընտրում է փակուղային, էվոլյուցիոն տարբերակը, որը և լայնատարած ապատիայի պատճառ է դառնում:

 

Զրկված լինելով թե՛ մարդկային և թե՛ հումքային ռեսուրսներից` Հայաստանի Հանրապետության գոյատևման միակ գրավականը կարող է լինել գիտելիքահեն հասարակության կառուցումը, որը իր հերթին կերաշխավորի գիտելիքահեն տնտեսության զարգացում:

Անշուշտ, գիտություն ունենալը և դրա վրա հենվելը հենց այնպես չի լինում: Համապատասխան ինստիտուտների զարգացումն էլ է ռեսուրս պահանջում: Այս առումով, առավել նպատակահարմար ռազմավարությունն է հնարավորին չափ outsource անել գիտության զարգացման ֆունկցիաները: Անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որը թուլյ կտա աութսորս անել գիտնականների մասնագիտական պատրաստումը, հետագա ֆինանսավորումը և նրանց աշխատանքի արդյունքների կիրառումը պրակտիկայում:

Նման աութսորսի հնարավորություն կարող են ընձեռել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները: Այն ռեսուրսները, որոնք ծախսվում են վերոհիշյալ «ընտրիչների» ինստիտուտի վրա, պետք է մասամբ ուղղվեն գիտության աութսորսինգի վրա:

Ի՞նչ է սա նշանակում պրակտիկայում՝

Այն գիտնականները, որոնք ունեն անհրաժեշտ պոտենցիալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, կստանան ընտրական արտոնություն, որն ապագայում իրենց ոլորտի ֆինանսավորման աղբյուր կդառնա:

Համաշխարային գիտության ոլորտում ամենա հստակ չափանիշներից մեկը հղումների քանակն է: Կան վարկանիշային գիտական պարբերականներ, որոնց հղումների քանակը որոշում է դրանց վարկանիշը։ Կան նաև համակարգեր, որոնք կարող են որոշել անհատական գիտական աշխատանքին արված հղումների  քանակը:

Գիտական աշխատանք հրապարակած անձը իր աշխատանքին կատարած յուրաքանչյուր հինգ հղումի դիմաց կստանա մեկ քվե տալու իրավունք: Այսպիսով, օրինակ, 1994 թվականին, իրենց աշխատանքները հրապարակած Թոմսոնը, Հիգինսը և Գիբսոնը, այսօր կունենային 8000 քվե տալու իրավունք, քանի որ իրենց աշխատանքները, տարիների ընթացքում, 40,000 հղում են հավաքել: Անշուշտ նման հոդվածները բացառություն են կազմում. կոնկրետ այս հոդվածը պատմության մեջ 10-րդ ամենա շատ հղում ունեցող հոդվածն է: Գիտական աշխատանքների ճնշող մեծամասնությունը շատ ավելի համեստ վարկանիշ ունեն: Պատմության մեջ 10,000 կամ ավել հղում ունեցող աշխատանքները ընդամենը 148-ն են: Այս չափանիշից զատ կան այլ գիտական արդյունավետության չափորոշիչներ: Դրա հետ մեկ տեղ պետք է պարտադիր համարվի տարվա մեծ մասը Հայաստանում բնակվելու պահանջը:

Արդյունքում քաղաքական սուբյեկտները ստիպված են լինելու «որսալ» և հովանավորել ոչ միայն հեղինակություններին, որոնց քվեների քանակը խիստ սուբյեկտիվ մեծություն է, այլ նաև գիտնականներին, որոնք ունենալու են իրենց վերապահված հստակ քվեների քանակ և կանխատեսելի ներդրում կունենան ընտրությունների ժամանակ:

Գիտնականների բնակության վայրը սահմանափակելով՝ պետությունը կերաշխավորի, որ իրենց գործունեության վայրը մեծամասամբ կլինի Հայաստանը, իսկ քաղաքական դրդապատճառներով գիտությունը հովանավորող սուբյեկտները, ստիպված կլինեն Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները ստեղծել:

Բացառված չէ նաև, որ հովանավորները կդիմեն տրանսֆերային տեխնոլոգիաների՝ ներմուծելով և «նատուրալիզացնելով» գիտնականների արտերկրից: Սա ևս շատ դրական արդյունք կունենան ՀՀ գիտական ներուժի հզորացման գործում: Փաստացի, արտերկրից «նատուրալիզացիայի» դեպքում, աութսորս է արվում նաև գիտնականի դաստիարակման առավել ծախսատար ֆունկցիան:

Ակնկալվող արդյունքները բազմաշերտ են: Առաջին հերթին հակակշիռ կստեղծվի «ընտրիչների» շրջանում հակապետական մտածելակերպի դիսկուրսին: Ելնելով սեփական պրոֆեսիոնալ առաջխաղացման հեռանկարից՝ գիտաշխատողները ամեն դեպքում միտված են լինելու հեռանկարային, պետականամետ որոշում կայացնել: Սահմանված անուղղակի կրթական ցենզը կերաշխավորի ընտրողների այս արտոնյալ խավի տեղեկացված որոշում կայացնելու սկզբունքը:

Այս քաղաքականությունը ունենալու է նաև հզոր մշակութային ենթատեքստ: Հասարակության բոլոր շերտերում կսկսվի ձևավորվել այն համոզմունքը, որ բարեկեցությունը երաշխավորում է ոչ միայն հեղինակությունը փողոցում կամ գերդաստանում, այլ նաև գիտնականը՝ գիտական աշխարհում: Ժամանակի ընթացքում կստեղծվի գիտության և գիտաշխատողի պաշտամունք: Մինչդեռ, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու պարտադրանքը կնվազեցնեն գավառամտության արատավոր  դրսևորումները:

Հարկ է նշել նաև, որ վարկանիշային գիտնականների առկայությունը Հայաստանի տնտեսության համար կհանդիսանա ամենահզոր ներդրումային հիմքը: Սահմանելով հատուկ գործակիցներ՝ կառավարությունը կկարողանա խրախուսել գիտության որոշ ճյուղերի գերակայությունը և ներդրումներ ներգրավել պետության համար առավել կարևոր ոլորտներում: Սա իրականում առաջարկվող ծրագրի ամենա կարևոր կետն է, քանզի այլևս փաստ է, որ ՀՀ տնտեսությունը կարող է ունենալ ապագա՝ միայն գիտության վրա հենվելով: Առաջարկվող փաթեթը հենց այդ հենարանն է:

Անշուշտ, այս գաղափարը իրագործելիս գոյություն են ունենալու կոռուպցիոն ռիսկեր, սակայն ներկա պահի տեխնոլոգիաները զարգացել են այնքան, որ դրանք հնարավոր է համապատասխան սահմանափակումներով համակարգված չեզոքացնել: Դրա հետ մեկ տեղ կա հասարակական կոնսենսուս, որ գիտությանը պետք է աջակցել, և կարելի է ակնկալել, որ Հայաստանի հանրությունը բացասական չի արձագանքի մի նախաձեռնության, որը փաստացի միտված է օրինականացնելու խտրականությունը կրթական հողի վրա, քանի որ այն կարող է դառնալ պայքարի լավագույն միջոցը վերոհիշյալ համատարած ապատիայի դեմ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դաժան մարդասիրություն

Անդրադառնամ այն դաժան պատճառին, թե ինչու աշխատավարձ բարձրացնելը լավ միտք չէ

Պորտաբույծների հեռացման վտանգը

Ոչ թե կրճատել է պետք, այլ աշխատատեղ ստեղծել