Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարոնայք, դուք անտանելի եք դառնում

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Բաբկեն Թունյան

13:52 , 13 Ապրիլ 2016

Ինչպես հիշում եք, ապրիլի 6-ին մենք կոչ էինք արել օրենքով ազատել ծառայության ընթացքում զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին բոլոր տեսակի ֆինանսական պարտավորություններից՝ վարկային (բանկերի նկատմամբ) և հարկային։

Նույն օրը երեկոյան ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բարձրացրեց այդ հարցը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց . «Որ պետք է օգնենք՝ դա փաստ է: Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»։

Մեր խոսքն ուղղված էր առաջին հերթին ՀՀ իշխանություններին։ Որովհետև սահման գնացող յուրաքանչյուր ոք պետք է վստահ լինի, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը կախված է լինելու ոչ թե առանձին մարդկանց կամ տնտեսվարողների մեծահոգությունից, այլ երաշխավորված է լինելու օրենքով։

Այդուհանդերձ, նաև բանկերին էինք կոչ արել՝ մինչ պետական մակարդակով որևէ որոշում ընդունելը սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան անել։ Ասենք, «ջրել» փոքր վարկերը կամ սառեցնել վարկերի սպասարկումը։

Ի պատիվ իրեն՝ բանկային համակարգը շատ արագ արձագանքեց։

Հրապարակման հաջորդ իսկ օրը Հայբիզնեսբանկը հայտարարեց, որ զրոյացնում է ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները։ Այնուհետև նման նախաձեռնությամբ հանդես եկան ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկըՎՏԲ-Հայաստան բանկը և Կոնվերս բանկը։Իսկ երեկ զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին հայտարարեց Արարատբանկը։ Ինեկոբանկը թեպետ այդ մասին առանձին հաղորդագրություն չի տարածել, սակայն Հետքի հետ զրույցում նշել են, որ ապրիլյան դեպքերի ընթացքում և դրանցից հետո ստացվել են դիմումներ մարտական գործողություններին մասնակցելու մեկնող, ինչպես նաև այդ գործողություններից տուժած անձանցից կամ նրանց ընտանիքների անդամներից՝ վարկային պարտավորությունների պայմանների վերանայման, այդ թվում՝ պարտավորությունների զիջման առաջարկով: Առ այսօր ստացված բոլոր դիմումները բավարարվել են բանկի կողմից՝ հօգուտ դիմումատուների։

Բանկերի այս քայլը շատ դրական ընկալվեց, ինչի մասին կարելի է դատել սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններից։ Ամենևին չենք հավակնում պնդել, որ բանկերը հենց մեր հրապարակումից հետո նման քայլի գնացին։ Կարևորը փաստն է՝ բանկային համակարգը սոցիալական կարևոր քայլ կատարեց։

Իհարկե, հնչում էին նաև թեթև մեղադրանքներ, թե ինչու մինչև ապրիլի 1-ը կամ ապրիլի 7-ից հետո զոհվածների դեպքում նույնպես պարտավորությունները չեն զիջվում։ Կամ՝ ինչու վիրավորվածների համար նույնպես նման արտոնություն չեն սահմանում։ Չնայած սրան՝ շատերը հասկանում էին, որ բանկը մասնավոր կառույց է, առաջնորդվում է բիզնես շահերով, և ամենևին պարտավոր չէ զիջումների գնալ՝ սեփական շահերի հաշվին։  Ու որ այսքանի համար էլ պետք է նրանց շնորհակալություն հայտնել։

Ու մեկ էլ հանկարծ…. Լրատվամիջոցներից մեկը սկսում է ցեխ շպրտել ոչ թե այն բանկերի վրա, որոնք ոչինչ չեն արել (թեպետ դա էլ չի կարելի), այլ նման նախաձեռնությամբ հանդես եկածների։ Սա իրոք անսպասելի էր։

Գլխավոր ասելիքը հետևյալն էր՝ բանկերը չեն նշել, թե զոհվածների մեջ նշված բանկերում վարկային պարտավորություն ունեցող քանի՞ վարկառու կա, և ընդհանրապես ի՞նչ գումարի մասին է խոսքը: Ու հրապարակել են իրենց «դատավճիռը»՝ քանի դեռ կոնկրետ վարկառուների անուններ ու զրոյացված վարկերի ծավալի մասին պաշտոնական թվեր չեն ներկայացվել, վարկերը զիջելու մասին հայտարարությունները սովորական պոպուլիզմի դրսևորում են՝ սեփական բիզնեսը գովազդելու սպեկուլյատիվ տարբերակ։

Նախ, բանկը այս պահին չի կարող հստակ իմանալ՝ իր վարկառուներից ով է վերջին օրերին զոհվել կամ վիրավորվել։  Ցանկն ամեն օր թարմացվում է։ Պարզ է, որ դա հեշտ գործընթաց չէ, որ պետք է համագործակցել ՊՆ-ի և այլ պատկան մարմինների հետ։

Հնարավոր է, որ վարկային պարտավորությունները զիջելու մասին հայտարարած բանկերը ՈՉ ՄԻ նման դեպք չունենան։ Հետո՞ ինչ։ Կարևորը դիրքորոշումն է. բանկը հայտարարում է իր պատրաստակամության մասին, որ եթե կլինեն նման դեպքեր, ինքը պատրաստ է դրանք զիջել։ Այսինքն՝ այս պահին սա ավելի շատ խոստում է, որը համոզված ենք՝ ի կատար կածվի։

Կամ ասում է՝ վարկի զրոյացումը պետք է լինի եկամուտների կամ բաժնետերերի հաշվին։ Ինչպիսի բացահայտում։ Ո՞վ կմտածեր, որ զիջումը հենց այնպես չի կարող լինել։ Ախր եթե բանկի սեփականատերը չի բողոքում, դո՞ւք ինչու եք բողոքում։

Այլ աբսուրդ «հիմնավորումներ» էլ կան, սակայն չենք անդրադառնա։  Որովհետև ընդհանրապես դժվար է հասկանալ այս հրապարակման իմաստը։

Ցանկացած հրապարակում պետք է ասելիք ունենա, խնդիր վեր հանի ու նպաստի դրա լուծմանը։ Հիմա ո՞րն էր ձեր ասելիքը։ Ինչի՞ եք ձգտում՝ որ բանկերը չեղյա՞լ անեն իրենց այդ որոշումները, թե՞ որ մնացածը նման բան չանեն։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած դրական բան ձեզ արդեն նյարդայնացնում է ու փորձում եք սևացնել։

Ներքին խոհանոցից անտեղյակ ընթերցողը կարող է գլխի չընկնել՝ քամին որտեղից է փչում։ Բայց կան մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են՝ ով ով է, ինչ է անում և ինչու է անում։ Այնպես որ, վերջ տվեք էժան խաղերին, որովհետև արդեն անտանելի եք դառնում։

Իսկ զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զիջած բանկերին և ընդհանրապես՝ այս օրերին թեկուզ 100 դրամով Հայրենիքին օգնած բոլոր քաղաքացիներին ու տնտեսվարողներին ասում ենք՝ շնորհակալություն։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նվազագույն տնտեսագիտական գիտելիքներ ունենալու կարևորությունը

Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցողը հասկանում է, որ թոշակը վճարվում է հարկերից, և, եթե թոշակն ավելանում է, ապա հավաքագրվող հարկերն էլ են ավելանալու։

Ագրեսիվ վարկավորման վտանգը

Կարճ ժամանակում ՀՀ բանկային համակարգ ահռելի քանակությամբ փող մտավ, որը պետք է արագ տեղաբաշխել

Թափանցիկ ոլորտի անթափանց շերտը. ինչու են ՀՀ բանկիրները գաղտնի պահում իրենց աշխատավարձի չափը

Որքա՞ն են ստանում հայաստանյան բանկերի ղեկավարները։ Սա արդեն գրեթե «պետական գաղտնիք» է