Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատժամիջոցների վերացումն ու Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ապագան

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Կառլեն Խաչատրյան

14:22 , 22 Հունվար 2016

Վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները շատ արագ ու դինամիկ զարգացում են ապրել, ու այդ ֆոնին վստահորեն կարելի է ասել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն է՛լ ավելի կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը: Հարցն այն է, որ նախկինում իրանական կողմը Հայաստանի հետ կապված տարբեր տնտեսական նախաձեռնություններով էր  հանդես գալիս՝ թե՛ էներգետիկ, ու թե՛ այլ ոլորտներում, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը դանդաղեցնում կամ խոչընդոտում էր դրանց պատշաճ մակարդակով իրականացմանը:

Պատժամիջոցների վերացումն այդ խնդիրը մասամբ լուծում է, այսինքն` պատժամիջոցների վերացմամբ Իրանի տնտեսությունը, փաստորեն, աճում է, հավելյալ գումարներ, եկամուտներ են մտնելու երկիր, ինչը Իրանը կկարողանա ուղղել այդ թվում նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Դրան գումարած` պետք է ֆիքսել նաև, որ հարևան երկրի տնտեսության աշխուժացումն ապրանքաշրջանառության, առևտրի տեսանկյունից էլ է դրական անդրադառնալու մեզ վրա: Գաղտնիք չէ, որ Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ունենք, և այդ թիվը վերջին տարիներին դինամիկ կերպով աճում է: Իսկ շարքային իրանցու եկամուտների ավելացումը, բնականաբար, կբերի նաև նրան, որ վերջինս Հայաստանում շատ ավելի մեծ գումար պատրաստ կլինի ծախսել: Այսինքն` այս կոնտեքստում է պետք դիտարկել խնդիրը. մի կողմիցխ Իրանի տնտեսությունը զարգանալով` կկարողանա հայ-իրանական նախագծերին, ներդրումային ծրագրերին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ուղղել, մյուս կողմից` հենց Իրանի քաղաքացիների, հասարակության բիզնեսի մոտ եկամուտների ավելացումը նույնպես կբերի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Արտաքին առևտրի տեսանկյունից ևս կարող ենք դրական ակնկալիքներ ունենալ: Դրա մասին բազմիցս է խոսվել` սկսած էներգետիկ ոլորտում համագործակցությունից, վերջացրած պարենային որոշ ապրանքների, այդ թվում նաև ոչխարի մսի արտահանումից: Այս ոլորտում ևս վերջին տարիներին դինամիկ կերպով ներդրումներ են կատարվում: Այդ պոտենցիալը կա, և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ևս մի խթան է երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու համար: Այստեղ պոտենցյալ իրականում կա երկուստեք` թե՛ հայկական և թե՛ իրանական կողմի մոտ:

Երբ դիտարկում ենք Հայաստանի և Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը վերջին հինգ տարիների կտրվածքով, ակնհայտ է դառնում, որ մինչև 2012 թվականը թե՛ Հայաստանից արտահանումը և թե՛ դեպի Հայաստան ներմուծումն աճել է: Բայց 2012թ.-ից հետո, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, 2013-2014 թվականների ընթացքում մենք թե՛ արտահանման և թե՛ ներմուծման ծավալների որոշակի անկում արձանագրեցինք:

2015թ.-ի տվյալները դեռևս ամփոփված չեն, այդ իսկ պատճառով 2015թ. կտրվածքով համեմատություն չենք կարող անել: Եթե մոտավորապես նայենք, ապա 2014թ.-ին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 290 մլն դոլար` արտահանումն ու ներմուծումը միասին վերցրած: Դա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի առաջ` 2011թ.-ին, մոտ 325 մլն էր կազմել, իսկ 2014թ.-ին 290 էր, այսինքն` մոտ 35 միլիոնի անկում ունենք արտաքին առևտրաշրջանառության մեջ` երեք տարվա կտրվածքով: Հատկապես արտահանման ծավալներն են հետզհետե իջնում: Եթե, օրինակ, 2012թ.-ին Հայաստանից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանումը կազմել է մոտ 108,5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, ապա 2013-ին այդ ցուցանիշը եղել է մոտավորապես 95 մլն, իսկ 2014-ին` 85 մլն, այսինքն` արտահանումը հետզհետե նվազել է, ու դա առավելապես պետք է պայմանավորել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ:

Փաստորեն, եթե համեմատում ենք 2013-2014 թվականները, ապա, այո, որոշակի անկում կա: Այսինքն` եթե մինչև 2011թ.-ը մենք որոշակի դինամիկ աճ էինք արձանագրում, ապա 2012թ.-ից հետո արդեն ոչ միայն աճի տեմպեր չկան, այլև դանդաղ նվազում կա: Բայց քանի որ պատժամիջոցների կիրառումը բերել է նվազման, ենթադրելի է, որ պատժամիջոցների վերացումը պետք է նպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Եվ դա առավելապես պայմանավորված է հենց Իրանի տնտեսության վիճակով:

Այդ պատժամիջոցների կիրառման արդյունքում Իրանի տնտեսությունը համեմատաբար վատ, անկայուն վիճակում է հայտնվում ներդրումների և ֆինանսական հոսքերի տեսանկյունից, և հետևաբար` չի կարողանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել, կամ շարքային իրանցու կենսամակարդակն է որոշակիորեն ընկնում, որովհետև արտադրության ծավալները նվազում են, մի մասը դառնում է գործազուրկ և այլն: Այդ բոլոր գործոնները շղթայաբար իրենց ազդեցությունն են ունենում երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ