Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազագույն տնտեսագիտական գիտելիքներ ունենալու կարևորությունը

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Բաբկեն Թունյան

14:43 , 25 Փետրվար 2017

Ի՞նչ եք կարծում` եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկը հայտարարի, որ իշխանության գալու դեպքում կենսաթոշակը կդարձնի 500 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը` 1 մլն դրամ, կիսով չափ կնվազեցնի սպառողական ապրանքների գները, իսկ հանրային ծառայությունները (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) կդարձնի անվճար` ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։

Փորձենք գուշակել։ Փորձագետները, լրագրողները և քաղաքական մրցակիցները կսկսեն ակտիվ քննադատել այդ խոստումները` ապացուցելով, որ դրանք անիրատեսական են և պոպուլիզմի ժանրից։ Կլինեն թեժ բանավեճեր, անգամ բանը կհասնի անձնական վիրավորանքների։

Սոցիալական ցանցերում և հատկապես Ֆեյսբուքում ակտիվ քննարկումներ կընթանան։ Ոմանք լուրջ քննադատական գրառումներ կկատարեն, մյուսները` հումորով, երրորդները` մեմեր կհորինեն ու կսկսեն «թռոլլինգ» անել։ Խրախճանքին կմիանան նախընտրական շրջանում բազմացած ֆեյքերը (կեղծ օգտատերերը)` բոլոր ճամբարներից։ Մի խոսքով` Հայաստանը կսկսի քննարկել այդ խոստումները։ Ընդ որում, որքան անիրատեսական լինեն այդ խոստումները, այնքան այդ մասին ավելի շատ ու ավելի բուռն են խոսելու։

Դրանից հետո՞ ինչ է լինելու։ Մարդիկ, ովքեր իրենց համարում են գիտակից, հետևում են մամուլին, ունեն որոշակի գիտելիքներ, տեղեկացված են, հասկանալու են, որ սա դասական պոպուլիզմ է։ Իրենց նաև թվալու է, թե այդ մեծ աղմուկի շնորհիվ` բոլորը հասկացան, որ չի կարելի խաբվել։

Հետո այդ գիտակից մասսայից մեկը մի օր հանդիպելու է իր հեռու բարեկամին, որն աշխատող մարդ է, զբաղվում է տների վերանորոգմամբ և սոցիալական ցանցերն օգտագործում է հիմնականում օնլայն նարդի խաղալու համար։ Ո՞ւմ ես ընտրելու, եթե գաղտնիք չէ` հարցնելու է մեր գիտակից ու տեղեկացված քաղաքացին։ Իհա՛րկե X-ին։ Ինչո՞ւ` զարմացած հարցնելու է գիտակիցը։ Բա էլ ո՞ւմ` ոչ պակաս զարմացած պատասխանելու է աշխատավոր բարեկամն ու անպայման շեշտելու է` ընտրելու եմ, որովհետև ուզում եմ մի քանի տարի հետո 500 հազար դրամ թոշակ ստանամ։

Գիտակիցը սկսելու է նրան երկար-բարակ բացատրել, որ դա հնարավոր չէ, որ պետությունն այդքան ռեսուրս չունի, որ դա բյուջեի համար լրացուցիչ այսքան բեռ է, և այլն։ «Բյուջեի համար լրացուցիչ բեռ» արտահայտությունն արտասանելու ժամանակ նայելով զրուցակցի դեմքին` հասկանալու է` զրուցակիցն իրեն չի լսում ու չի էլ ուզում լսել։

Հետո հասկանալու է, որ այդ մարդուն փաստարկները հետաքրքիր չեն, թե՛ այն պատճառով, որ գիտելիքների բավարար պաշար չունի այդ ամենը հասկանալու համար, թե՛ նաև այն պատճառով, որ արդեն ոգևորվել է 500 հազար դրամ թոշակի ու անվճար գազի հեռանկարով և չի ուզում կտրվել իր երազից։

Ու ամենասարսափելին` հասկանալու է, որ իր բարեկամի նման մտածողները շատ են, չափազանց շատ։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր անգամ ավելի շատ, քան իր ֆեյսբուքյան գիտակից «շրջապատը»։ Գիտակցելու է, որ պոպուլիստական խոստումների շուրջ առաջացած աղմուկը ոչ թե նպաստել է, որ մարդիկ հասկանան իրականությունը, այլ հակառակը` նպաստել է, որ հնարավորինս շատ մարդ լսի այդ 500 հազարի ու մնացած բարիքների մասին։

Ավելի լավ կլիներ այդ մասին չխոսվեր, սակայն արդեն բանը բանից անցել է։ Ու ընտրության արդյունքն ապացուցելու է, որ «ֆեյսբուքներն» իրականությունից հեռու են։ Պոպուլիստը միանձնյա իշխանություն դժվար թե ստանձնի, սակայն հավաքելու է ավելի շատ ձայներ, քան լուրջ ու հիմնավոր ծրագրեր ներկայացրած ինտելեկտուալ ուժերը։

Ո՞վ է մեղավոր` նման խոստումներ տվո՞ղը։ Իհա՛րկե ոչ։ Մեծ հավանականությամբ` այդ խոստումների հեղինակն ամենից քիչ է հավատում իր ասածներին։ Սակայն գիտի, որ հավատացողները շատ կլինեն, և խոստանում է։ Ընդ որում, շատ «արխային» է խոստանում։ Որովհետև մի կողմից` ներքուստ համոզված է, որ ասածներն ապացուցելու առիթ չի լինելու, ինքն իշխանության գալու շանսեր չունի։ Իսկ եթե անգամ գա, ապա, ինչպես Չերչիլն էր ասում, հաջողությամբ կհիմնավորի, թե ինչու իր խոստացածը տեղի չունեցավ։ Եթե ընտրությունները դիտարկենք բիզնեսի տեսանկյունից, որտեղ թեժ մրցակցություն է, ապա նրանց մարքետինգն իրեն արդարացնում է։

Կարճ ասած, պոպուլիստները, թերևս, ամենատեղեկացված ու ամենապրագմատիկ ուժերն են, որովհետև նրանք բոլորից լավ են ճանաչում ընտրազանգվածին։ Որովհետև եթե ընտրազանգվածը ցանկանում է խաբվել, ապա ոչ ոք նրան չի կարող խանգարել։

Սակայն, մյուս կողմից` հասարակությունը խաբվել չի ցանկանում (առավելևս` հայերը)։ Պարզապես, որքան էլ դառը լինի խոստովանելը, պետք է խոստովանել, որ տնտեսագիտական նվազագույն գիտելիքների առումով մեր հասարակությունը շատ աննախանձելի վիճակում է։ Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցողը հասկանում է, որ թոշակը վճարվում է հարկերից, և, եթե թոշակն ավելանում է, ապա հավաքագրվող հարկերն էլ են ավելանալու։ Հենց սա գիտակցեց, նրա գլխում ծագելու են շատ այլ հարցեր։ Նա նաև կհասկանա, որ գազը չի կարող անվճար լինել, որովհետև Հայաստանը գազ չունի։ Պետությունը չի կարող ապրանքների գներն էժանացնել, որովհետև վաճառողն ինքը չէ։ Այսինքն, խնդիրն իրականում թաքնված է հասարակությանը կրթելու մեջ։ Կիրթ ու գիտակից քաղաքացուն կարիք չի լինի համոզել, որ ընտրակաշառք վերցնելը վատ բան է` շեշտը դնելով բարոյական արժեքների վրա։ Քաղաքացին ինքը կհասկանա, որ ընտրությանը մասնակցող օլիգարխը մի քանի միլիոն դոլար հենց այնպես նվեր չի անի, ու հաջորդ տարիների ընթացքում ստանալու է դրա բազմապատիկը։

Ընդ որում, խնդիրը միայն ընտրություններին չի վերաբերում։ Քաղաքացին բանկից վարկ է վերցնում` առանց հասկանալու փաստացի և անվանական տոկոսադրույքների տարբերությունը։ Ու երբ պարզում է, որ 12%-ի փոխարեն` իրենից 24% են գանձում, սկսում է մեղադրել բանկերին, որ իրեն խաբեցին։

Հանուն արդարության` պետք է նշել, որ վերջին տարիներին այս առումով որոշակի առաջընթաց կա։ Հասարակությունը դարձել է ավելի տեղեկացված ու զգուշավոր, ամեն մեկին ու ամեն ասածին անվերապահորեն չեն հավատում։ Սակայն այդ առաջընթացի տեմպը շատ թույլ է։ Որովհետև, ըստ էության, ոչ ոքի, մեծ հաշվով, պետք չէ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տանել։ «Գիտակիցները» դառնությամբ ասելու են` էս ժողովրդին էսպես էլ պետք է, և շարունակելու են իրենց ինտելեկտուալ քննարկումները ֆեյսբուքներում և թվիթթերներում։

Աղբյուրը՝ 168 Ժամ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ագրեսիվ վարկավորման վտանգը

Կարճ ժամանակում ՀՀ բանկային համակարգ ահռելի քանակությամբ փող մտավ, որը պետք է արագ տեղաբաշխել

Թափանցիկ ոլորտի անթափանց շերտը. ինչու են ՀՀ բանկիրները գաղտնի պահում իրենց աշխատավարձի չափը

Որքա՞ն են ստանում հայաստանյան բանկերի ղեկավարները։ Սա արդեն գրեթե «պետական գաղտնիք» է

Պարոնայք, դուք անտանելի եք դառնում

Ինչու են ոմանք ծանր տարել բանկերի՝ զոհվածների ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշումը