Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական պանիրը ռուսական շուկայում․ «ռազմավարական պատուհան», որից պետք է առավելագույնս արդյունավետ օգտվել, քանի դեռ ուշ չէ. Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

08:55 , 15 Մարտ 2018

Իրավիճակը ՌԴ շուկայում

Մինչև 2013թ-ը  ՌԴ-ն հանդիսանում էր պանրի արտահանման ամենաարագ աճող շուկաներից մեկը, այսպես 2010-2013թթ-ին ՌԴ-ի բնեղեն արտահայտությամբ ներմուծումը միջինում տարեկան աճում էր 10.5%-ով (2010-2013թթ)՝ հասնելով 438.5 մլն կգ-ի կամ 2.168 մլրդ ԱՄՆ դոլարի (միջին CIF գինը՝ $4.94/կգ), որը կազմում էր ՌԴ-ում սպառվող պանրի (850.5 մլն կգ) մոտ 52%-ը։ Սակայն 2014թ-ին Ղրիմի թերակղզու շուրջ ծավալվող իրադարձությունները էականորեն խառնեցին «խաղաքարտերը» պանրի համաշխարհային շուկայում:

Մասնավորապես, ի պատասխան Արևմտյան սանկցիաների, 2014թ-ի օգոստոսի 6-ին ՌԴ-ն պատասխան սանկցիաներ հայտարարեց արգելելով նաև՝ «Պանիր և կաթնաշոռ» ապրանքային դիրքի գծով ապրանքների ներմուծումը ԵՄ-ից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Նորվեգիայից, որոնք ապահովում էին ՌԴ-ի սպառման ավելի քան 30%-ը։ Արդյունքում, արդեն 2016թ-ին ՌԴ պանրի ներմուծումն ուրիշ տեսք ուներ, նախ ծավալը կրկնակի կրճատվել էր (216.6 մլն կգ), բացի այդ փոխվել էր աշխարհագրությունը, արդյունքում տվյալ ապրանքային դիրքի գծով Հայաստանից ներմուծումը ավելացել էր 2013թ-ի 1.576 մլն կգ-ից 6.094 մլն կգ-ի 2015թ-ին և 2.417 մլն կգ-ի 2016թ-ին[1]։

Ստեղծված իրավիճակը աննախադեպ ռազմավարական պատուհան բացեց Հայաստանում պանիր արտադրողների (և ոչ միայն պանիր արտադրողների) համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2015թ-ի հունվարի 1-ից ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին՝ ստանալով առևտրային արտոնություններ։

Սակայն, երբ հետադարձ հայացք ենք նետում անցած 3 տարիներին, պարզ է դառնում, որ հայաստանյան արտադրող/արտահանողները ռուսական շուկայում իրենց մրցակցային դիրքերի ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկել՝ այլ պարզապես օգտվելով պահի ընձեռած հնարավորությունից կազմակերպել են էքստենսիվ արտահանում։ Մասնավորապես, չի հաջողվել ռուսական շուկայում ստեղծել և լրջորեն դիրքավորել հայկական բրենդեր (կլինի պանրի հայկական կամ եվրոպական սորտերով), ինչը խիստ խոցելի է դարձնում նրանց մրցակցային դիրքերը սանկցիաների վերացման լուրերի ֆոնին, երբ ստիպված են լինելու մրցակցել մեծ ճանաչում, լուրջ մարքեթինգային կարողություններ և պետական աջակցություն վայելող եվրոպական արտադրողների հետ։

Պանրի արտադրությունը Հայաստանում և արտահանումը

Հայաստանում պանրի արտադրությունը ըստ պաշտոնական վիճակագրության 2013-2017թթ-ին ցուցաբերել է անկայուն վարքագիծ, մասնավորապես, կտրուկ աճել է 2016թ-ին (ավելի քան 20%), սակայն 2017թ-ին արձանագրվել է անկում։ Հիմք ընդունելով, որ նույն ժամանակահատվածում կաթի արտադրությունը անընդհատ աճել է, սակայն ցածր տեմպով, կարող են եզրակացնել, որ իրականում տեղական արտադրությունը նման կտրուկ աճ և անկում չի ունեցել։

Անդրադառնալով, Հայաստանից պանրի արտահանմանը[2] պետք է ասել, որ 2015թ-ին արձանագրվել է պանրի արտահանման կտրուկ աճ, սակայն հաշվի առնելով, որ արտադրությունը կտրուկ չի ավելացել, իսկ պանրի գներն էլ կտրուկ չեն բարձրացել (ներքին շուկայում դեֆիցիտի պատճառով), ապա վստահաբար կարող ենք ասել, որ արտահանված պանիրը մեծամասամբ տեղական արտադրության չէ։ Ինչ խոսք, միգուցե այս ժամանակահատվածում ավելացել է նաև տեղական պանրի արտահանումը, սակայն ոչ այդքան մեծ ծավալներով, այլ կերպ ասած, մինչ այժմ ձևավորված «ռազմավարական պատուհանից» շատ քիչ են տեղական արտադրողներն օգտվել։

Մարտահրավերներ և դիմակայելու ուղիներ

Նախևառաջ, պետք է նշել, որ մենք խնդիր ունենք արտադրելու այնպիսի պանրի տեսակներ, որոնք վայելում են պահանջարկ ռուսական շուկայում, այս առումով՝ ավանդական «Չանախն» ու «Լոռին» լուրջ մրցակցային առավելություններ չեն կարող ապահովել, քանի որ ռուսաստանցի սպառողների քիմքը մեծ հաշվով սովոր չի դրանց, իսկ այդ տեսակները շուկայում լայնամասշտաբ ներդնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ և երկար ժամանակ է անհրաժեշտ, հետևաբար առավել նպատակահարմար է կենտրոնանալ եվրոպական սորտերի և որմնախորշային սորտերի (օրինակ, մոթալ) պանիրների արտադրության վրա (վերջինը հատկապես փոքր արտադրողների պարագայում)։

Երկրորդ, պետք է հնարավորինս շուտ նշանակալից ֆինանսական միջոցներ ներդնել պանրի բրենդի/բրենդների զարգացման ուղղությամբ։ Նախորդ տարիների փորձը, ի դեմս «Հայկական պանիր» ՓԲԸ-ի, ցույց է տվել, որ «անձրևանոցային» բրենդի զարգացումը պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ արդյունավետ չի։ Ըստ էության այս պահին, ամենաիրատեսական տարբերակը պանրի արժեքային շղթայում խոշոր խաղացողի/խաղացողների հայտնվելն է (ինչպես «Սպայկան» մրգերի դեպքում), որը/որոնք ունենալով բավարար ֆինանսական միջոցներ և շուկայական իշխանություն, մի կողմից կապահովեն մարքեթինգի և վաճառքի ֆունկցիաների իրականացումը արտաքին շուկաներում, մյուս կողմից՝ վերահսկողի դեր կստանձնեն արժեքային շղթայի ավելի ստորին մակարդակներում գտնվող մասնակիցների նկատմամբ՝ ապահովելով բարեխիղճ արտադրական պրակտիկայի կիրառումը և որակի տեսանկյունից համասեռ արտադրանքի թողարկումը, պատկերավոր ասած դրանք կստանձնեն «շոգեքարշի» դեր։

Ավելին, անկախ նրանից փոքր արտադրողները կհամագործակցեն այդպիսի խաղացող/խաղացողների հետ թե չէ, անուղղակիորեն կօգտվեն նրանց ծավալած մարքեթինգային ջանքերի արդյունքներից (նկատի ունենք շուկայի ստեղծումը, ընդլայնումը)։ Թեև ընդունված է համարել, որ շուկայում համակենտրոնացման մակարդակի բարձրացումը, այն է խոշոր խաղացողի հայտնվելը, վտանգավոր է փոքր խաղացողների գործունեության համար, մեր խորին համոզմամբ, ՀՀ-ում պանրի արժեքային շղթայում ճիշտ դերաբաշխումը հնարավորություն կտա բարձրացնել ընդհանուր մրցունակությունը և արտադրության ծավալները նշանակալից ընդլայնել։

Ամփոփելով պետք է նշել, որ առաջիկայում, շուկայում նմանատիպ առնվազն մեկ խաղացողի մուտք ակնկալվում է ի դեմս Սպայկայի, որը պետք է տարեկան արտադրի 1000տ բորբոսով պանիր և արտահանի ՌԴ, սակայն կստանձնի «շոգեքարշի» դեր թե ոչ, դեռ պարզ չի։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ, ֆինանսական մոդելներ և այլն։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

[1] Աղբյուր՝ UN Comtrade

[2] Ի դեպ Հայաստանի դեպի Ռուսաստան պանրի արտահանումը չի համընկնում Հայաստանից ՌԴ պանրի ներկրմանը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում․ Modex

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․ Modex (Մաս II)

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները