Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայկական կոնյակը» Ռուսաստանի շուկայում

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

09:01 , 31 Հուլիս 2018

Մոտ 20 օր առաջ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Մանե Ադամյանի, տեղեկացրեց «կոնյակ» ապրանքային անվանման վերաբրենդավորման (վերանվանման) գործընթացի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջին քայլը վերաբրենդավորման կարիքների գնահատման միջազգային մրցույթի հայտարարումն էր, ինչի ֆինանսավորումը իրականացվելու է ԵՄ միջոցներով։

Ինչպես հայտնի է, «կոնյակ» (cognac) անվանումը հանդիսանում է աշխարհագրական նշում և դրա օգտագործումը պաշտպանված է և՛ ԵՄ օրենսդրությամբ, և՛ մի շարք միջազգային կոնվենցիաներով։ Հայաստանը «կոնյակի» վերաբրենդավորման/վերանվանման հստակ պարտավորություն ստանձնել է 2017թ-ին՝ ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ գործընկերության համաձայնագրով (տե՛ս հոդված 235-237), ըստ որի՝ համաձայնագրի երկկողմանի վավերացումից հետո 14 տարվա ընթացքում աստիճանաբար «կոնյակ» անվանումը ներքին շուկայում պետք է դուրս բերվի շրջանառությունից, իսկ 24 տարի հետո «կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի երրորդ երկրներ (մինչ այդ ոչ-լատինատառ պիտակավորմամբ և իրական ծագման հստակ նշմամբ թույլատրվում է, օրինակ, «Армянский коньяк»)։

Այս առիթով, «Մոդեքսը» որոշել է անդրադառնալ, այսպես կոչված, ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։

Ինչքա՞ն կոնյակ է տարեկան սպառվում ՌԴ-ում

Համաձայն ՌԴ Պետական վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների՝ 2014-2017թթ-ին ՌԴ-ում կոնյակի մանրածախ վաճառքը շարունակաբար կրճատվել է, այսպես եթե 2013թ-ին ՌԴ-ում վաճառվել է 121 մլն լիտր կոնյակ, ապա 2017թ-ին այդ ցուցանիշը հասել է 101 մլն լիտրի, այսինքն միջինում տարեկան կրճատվել է 4.7%-ով։

Cognac1

Անկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝

1. Կոնյակի վաճառքի նվազագույն գինը շարունակաբար բարձրացվել է. եթե 2012թ-ին 1 լիտր կոնյակի մանրածախ վաճառքի նվազագույն գինը եղել է 386 ռուբլի, 2014թ-ին այն սահմանվել է 644 ռուբլի, իսկ 2017թ-ին (մայիսի 13-ից սկսած)՝ 742 ռուբլի։

2. Ակցիզային հարկը շարունակաբար բարձրացվել է. եթե 2012թ-ին 1 լիտր 100% սպիրտ/լիտրին համարժեք կոնյակի ակցիզային հարկը եղել է 300 ռուբլի, 2014թ-ին՝ 500 ռուբլի, 2017թ-ին՝ 523 ռուբլի։

3. Նվազել է բնակչության գնողունակությունը՝ ՌԴ ռուբլու արժեզրկման, դրան հաջորդող գնաճի և նավթագազային եկամուտների կրճատման պատճառով։

Ինչքա՞ն կոնյակ է տարեկան արտադրվում ՌԴ-ում

 Թեև կոնյակի սպառումը ՌԴ շուկայում շարունակում է նվազել, արտադրությունը մնում է նույն մակարդակին կամ նույնիսկ աճում է։ Եթե համադրելու լինենք նաև ներմուծման ցուցանիշների հետ, ինչն աճել է 2017թ-ին, ապա կարող ենք եզրակացնել, որ ՌԴ-ում ընթանում է ներմուծման փոխարինում, մասնավորապես ռուսական արտադրողները ներկրում են չշշալցված կոնյակ կամ կոնյակի սպիրտ և տեղում արտադրում են կոնյակ կամ պարզապես շշալցնում են։

 Cognac2

Ինչքա՞ն մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում

Համաձայն ԱՎԾ տվյալների, 2013թ-ին Հայաստանում արտադրվել է 20.3 մլն լիտր կոնյակ, իսկ 2017թ-ին ավելի քան 30 մլն լիտր, այսինքն` արտադրությունն աճել է մոտ 48%-ով։ Մի կողմ դնենք այն հարցը՝ արդյոք հնարավոր էր այդպիսի աճ, թե ոչ և ինչով է այն պայմանավորված (կքննարկենք մեր հետագա հրապարակումներից մեկում), պետք է փաստենք, որ արտադրված կոնյակը մեծամասամբ արտահանվում է, իսկ արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, մասնավորապես, 2017թ-ին Հայաստանից արտահանվել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի կոնյակ, որից 173 միլիոնը Ռուսաստան։

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի՝ հայկական կոնյակին (հայկական բրենդիին) առաջադրվող մի շարք տեխնիկական պահանջների հետ մեկտեղ, պարտադիր պայման է նաև, որ խմիչքը շշալցվի Հայաստանում (հոդված 24.2): Այդ առումով պետք է նշել, որ Հայաստանից արտահանված կոնյակի (բրենդիի) մեծ մասը որպես այդպիսին «հայկական կոնյակ» չէ։ Այսպես, 2016թ-ին Հայաստանից արտահանվել է 18.8 մլն 100% սպիրտ/լիտրին համարժեք կոնյակ/բրենդի, որի 40.8%-ն է միայն եղել շշալցված մինչև 2լ տարողությամբ անոթներում։ Հարց է առաջանում, իրականում ի՞նչ մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում։

Cognac3

Մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «հայկական կոնյակը» (եթե ընդունենք, որ ողջ շշալցված արտահանումը համապատասխանում է «հայկական կոնյակի» տեխնիկական պահանջներին) վերջին 2 տարիներին որոշակիորեն ամրապնդել է իր դիրքերը ՌԴ կոնյակի շուկայում՝ 2017թ-ին ՌԴ-ում սպառված ամեն 5 շիշ կոնյակից մեկը Հայաստանում է արտադրված եղել, սակայն միևնույն է, այն շատ ավելի փոքր մասնաբաժին ունի, քան շատերը կարող են ենթադրել։

այս հոդվածում «կոնյակ» ասելով հասկանում ենք ԱՏԳԱԱ 220820 ծածկագրի ներքո հանդես եկող ապրանքները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լոյալության ծուղակը»։ Ո՞ր սեգմենտի հաճախորդի լոյալությունն է անհրաժեշտ բարձրացնել

Իսկ Դուք գիտեք բջջային հեռախոսակապի բաժանորդը միջինում քանի տարի է սպասարկվում օպերատորի մոտ։

ՀՀ բանկային համակարգի գործունեությունը թվերով. Ի՞նչ զարգացումներ են եղել 2018թ-ի 1-ին եռամսյակում

2018թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխատվությունների գումարային մեծությունը կազմել է մոտ 2.68 տրլն դրամ կամ 5.578 մլրդ ԱՄՆ դոլար

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 2-րդ)․ Modex

Շուկայում առկա են զգալի հնարավորություններ միկրովարկերի պորտֆելի ընդլայնման, ավանդների ներգրավման, ինչպես նաև մանրածախ ֆակտորինգի գծով