Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծիրանի արտադրությունը և վերամշակումը որակապես նոր մակարդակի վրա է անհրաժեշտ բարձրացնել. Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

09:51 , 15 Փետրվար 2018

Վերջին տարիներին շատ է խոսվում, որ ծիրանը Հայաստանի «այցեքարտն» է և իր համային հատկանիշներով էականորեն գերազանցում է մրցակիցներին, սակայն երբ անդրադառնում ենք ծիրանի արտադրության և հետագա վերամշակման քանակական կողմին (արտադրության ծավալ, բերքատվություն), պարզ է դառնում, որ մենք գլոբալ շուկայում ոչ միայն փոքր խաղացող ենք, այլև շատ խոցելի մրցունակություն ունենք։

Այսպես, Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը ծիրանի արտադրության քանակով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ միջինում տարեկան[1] (2014-2016թթ-ի տվյալներով) արտադրելով  73 հազ տոննա ծիրան, այն դեպքում երբ համաշխարհային առաջատար Ուզբեկստանում նույն ցուցանիշը գերազանցում է 605 հազ տոննան, որին հաջորդում են Թուրքիան և Իրանը համապատասխանաբար 568 հազ․ տոննա և 267 հազ․ տոննա ցուցանիշներով։ Այս առումով, իհարկե պատկերը անսպասելի չէ, քանի որ տվյալ երկրներն ունեն ծիրանենու մշակության անհամեմատ ավելի մեծ արիալներ և հետևաբար ավելի շատ բազմամյա տնկարկներ։ Ինչ վերաբերում է բերքատվությանը, ապա պետք է ասել, որ  2014-2016թթ-ի միջին բերքատվության ցուցանիշով Հայաստանը վերոնշյալ տարածաշրջանում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը 7.9 տ/հա արդյունքով, համեմատության համար առաջատար Սլովենիայում տվյալ ցուցանիշը կազմում է 16.28 տոննա, Եգիպտոսում 15.49 տոննա, իսկ Ալբանիայում՝ 14.71 տոննա։

Ներկայացնելով Հայաստանում ծիրանի արտադրությունը պետք է ասել, որ համաձայն 2014թ-ին անցկացրած Գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալների, ծիրանենու մշակությամբ զբաղվում են մոտ 49.3 հազար գյուղացիական տնտեսություններ (ֆիզիկական անձի կարգավիճակով) և 28 կազմակերպություն ավելի քան 9.5 հազ․ հա (2016թ, ՄԱԿ ՍԳԿ) մակերեսով բազմամյա տնկարկների վրա, որոնց շուրջ 80%-ը փաստացի ոռոգված բազմամյա տնկարկներ են (ոչ տնամերձ), այսինքն կարելի է ակնկալել բարձր բերքատվություն։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Հայաստանում ծիրանենու մշակության հիմնական արիալում՝ Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում, պտղատու այգիները խիստ մասնատված են, այդ թվում նաև ծիրանենու, մինչև 1 հա հողատարածքները (պտղատու այգիները), զբաղեցնում են նշված մարզերի պտղատու այգիների ընդհանուր մակերեսի մոտ 35%-ը, ինչը մի կողմից բարդացնում է մշակությունը՝ հարաբերականորեն ավելացնելով ծախսերը, մյուս կողմից՝ սահմանափակում է արդյունաբերական գյուղատնտեսությանը բնորոշ մեթոդների կիրառման հնարավորությունը։

Անդրադառնալով արտահանմանը, պետք է նշել, որ համաձայն ՀՀ ԳՆ ՍԱՊԾ օպերատիվ տվյալների Հայաստանից 2017թ-ին արտահանվել է մոտ 28.5 հազ․ տոննա ծիրան, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է միայն մի երկիր՝ ՌԴ, ինչը նշանակում է, որ ծիրանի արտահանման համակենտրոնացումը ծայրահեղ բարձր է, ի՞նչ կլինի եթե, մի օր ինչինչ պատճառներից ելնելով ՌԴն սահմանափակի հայկական ծիրանի ներկրումը։ Հարցը թեև այս պահին հռետորական բնույթ ունի, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ օր առաջ պետք է մտահոգվել այս խնդրով։

Գծապատկերը կարելի է մեծացնել և թերթել՝ տեսնելու համար 3 էջերի պարունակությունը

Այս իրավիճակում մենք առանձնացրել ենք հինգ ուղղություններ, որոնք առավել առաջնային են Հայաստանում ծիրանի շահութաբեր, հեռանկարային և կայուն արտադրության զարգացման համար՝

1. Ծիրանենու այգիների խոշորացումը, ինչը թույլ կտա հարաբերականորեն նվազեցնել ծախսերը և ծիրանենու մշակությունը դարձնել ավելի շահութաբեր։

2. Արդյունաբերական (ինտենսիվ) այգիների զարգացումը, ինչը թույլ կտա ինչպես բերքատվությունը բարձրացնել, այնպես էլ նվազեցնել կորուստները բերքահավաքի ժամանակ։

3. Ծիրանի մշակման արժեշղթայի զարգացումը, այդ թվում նաև խոշոր չրանոցների հիմնումը, որը թույլ կտա մեծ ծավալով, համասեռ ծիրանաչիր ստանալ արտահանման համար (ունենալ ավելի բարձր հավելյալ արժեքով արտահանում)։ Օրինակ, մեր հարևան Թուրքիան 2014-2016թթ-ին ունենալով միջինում տարեկան 568 հազ․ տոննա ծիրանի արտադրություն, նույն ժամանակահատվածում միջինում տարեկան արտահանել է գրեթե 74 հազ․ տոննա ծիրանի չիր, հաշվի առնելով նաև չրի ներքին սպառումը, կարելի է պնդել, որ Թուրքիայում ծիրանենու բերքը հիմնականում վերամշակվում է չրի տեսքով։ Բացի այդ հեռանկարային ուղղություններ կարող են լինել այսպես կոչված ծիրանի օղու և ծիրանի կտի յուղի (apricot kernel oil) արտադրությունը, որի համար անհրաժեշտ կլինի ինչու չէ նաև բանակցել ալկոհոլի խոշոր արտադրողների/դիստրիբյուտորների հետ (օրինակ, Diageo, Pernod Richard) գործարան հիմնելու/վաճառքը կազմակերպելու համար, իսկ պետությունը կարող է հարկային արտոնություններ սահմանել՝ պայմանով, որ տնտեսված միջոցները կուղղվեն միջազգային շուկաներում հայկական ծիրանի օղու դիրքավորմանը։

4. Ծիրանենու նոր սորտերի սելեկցիան, որը թույլ կտա համադրել ծիրանենու ավանդական հայկական սորտերի (Երևանի, Սաթենի և այլն) համային հատկանիշները ժամանակակից կարճ և գերկարճ սորտերին բնորոշ լավագույն հատկանիշներին։

5. Արտահանման դիվերսիֆիկացումը, այս առումով որպես այլընտրանքային շուկաներ մենք առաջարկում ենք դիտարկել Պարսից ծոցի երկրները, օրինակ, 2016թ-ին դեպի ԱՄԷ թարմ ծիրանի հիմնական մատակարար երկիրը եղել է Հարավաֆրիկյան հանրապետությունը՝ ավելի քան 1100 տոննա։

Ամփոփելով, պետք է ասել, որ մեր մատնանշած ուղղություններով պետությունը որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկել է, հատկապես ուշադրության է արժանի «ՀՀում ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում տնտեսվարողները կարող են վերցնել մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-10 հա ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ, ֆինանսական մոդելներ և այլն։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

 

[1] Մենք դիտարկել ենք երեք տարիների միջինը բնակլիմայական պայմաններով պայմանավորված արտադրության տարեկան տատանումներից խուսափելու համար

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում․ Modex

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․ Modex (Մաս II)

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները