Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լուրեր ապագայից․ ավտոմեքենաների ապստամբությունը (ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ)

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Սամվել Մարտիրոսյան

15:49 , 18 Փետրվար 2017

Մեքենաշինությունը հերթական հեղափոխության նախաշեմին է։ Ավելի ճիշտ՝ շեմն արդեն մի ոտքով ոլորտը անցել է, սակայն դեռ վախենում է շարժվել առաջ։ Հիմնական երկու կարևորագույն ուղղություններն են էլեկտրական շարժիչով և ինքնուրույն, առանց վարորդի մեքենաները։

Էլեկտրական շարժիչով մեքենաները արդեն իսկ դարձել են իրականություն։ Ըստ Bloomberg-ի, 2040 թվականին նոր մեքենաների 35%-ն արդեն իսկ լինելու է էլեկտրական։ Կան ավելի օպտիմիստական կանխատեսումներ, ըստ որոնց՝ 10 տարվա ընթացքում նման մեքենաները կարող են կազմել արդեն ընդհանուր քանակի կեսը։

cars01

Ինչ վերաբերում է ինքնուրույն շարժվող մեքենաներին, ապա այստեղ կան լուրջ նվաճումներ։ Սակայն, նմանատիպ մեքենաները դեռ փորձարկվում են և չեն դարձել կենցաղի մի մաս։ Խնդիրը նաև տեխնոլոգիական է, դեռևս կան բազմաթիվ կիսատ լուծումներ։ Կան նաև իրավական բազմաթիվ հարցեր։ Օրինակ, վթարի դեպքում ո՞վ պետք է ճանաչվի մեղավոր՝ մեքենայի արտադրո՞ղը, ծրագրային ապահովման արտադրո՞ղը, արհեստական ինտելե՞կտը, թե՞ մեքենայի միջին գտնվող մարդը։

Կան կանխատեսումներ, որ առանց վարորդի մեքենաների թիվը 2020 թվականին կհասնի 10 միլիոնի։

cars02

2015-2020 թթ․ առանց վարորդ ավտոմեքենաների քանակի աճի կանխատեսում։ Ըստ Business Insider֊ի

Ի՞նչ հետևանքներ կարելի է սպասել նման հեղափոխական գործընթացներից։ Բնականաբար, այս ամենը կունենա մեծ ազդեցություն ածխաջրածնային հանածոների շուկայի վրա։ Բենզինի, գազի և դիզելի սպառման կտրուկ անկումը կարող է լուրջ տրանսֆորմացիաներ առաջացնել միջազգային շուկաներում, ինչի մոտավոր պատկերը երևաց 2015-2016թթ.նավթի կտրուկ գնի անկման ժամանակ: Դա լուրջ ազդեցություն ունեցավ միջազգային տնտեսական շուկաների վրա, իսկ դրա արձագանքները լսվեցին նաև քաղաքական ոլորտում։ Ըստ Fitch֊ի, 10 տարվա ընթացքում կա սցենար, ըստ որի, Եվրոպայում մոտ 25 տոկոսով կնվազի բենզինի սպառումը։

Առանց վարորդի մեքենաների դեպքում հնարավոր են քաղաքակրթական մակարդակի փոփոխություններ։ Կլուծվի մեծ քաղաքների ամենաբարդ հարցերից մեկը՝ կայանատեղերի անբավար քանակի խնդիրը։ Մարդիկ կկարողանան աշխատանքի հասնելով՝ մեքենան ուղարկել տուն և կանչել այն հետ հարկ լինելու դեպքում։ Սա կարող է հետագայում ընդհանրապես այնպես փոխել կյանքը, որ մարդկանց մեծամասնության համար մեքենան դադարի լինել սեփականություն։

Իհարկե, լրիվ համակարգչային, արհեստական ինտելեկտի կողմից կառավարվող մեքենան նաև ծնում է նոր վտանգներ։ Արդեն իսկ կան մեքենաների վրա հաքերային հարձակումների գրանցված դեպքեր։ Որպես գիտափորձ՝ արդեն ապացուցված է, որ հեռահար հարձակման միջոցով հնարավոր է մայրուղիների վրա, բարձր արագությունների դեպքում ներգործություն ունենալ, օրինակ, արգելակների վրա, ինչը կարող է տեսականորեն օգտագործվել մահափորձ իրականացնելու համար։ Որքան մեքենաները զարգանան, այնքան նմանատիպ հարձակումները կդառնան ավելի ռեալ և ավելի վտանգավոր։

Ինչ սպասել Հայաստանի դեպքում

Հասկանալի պատճառներով Հայաստանում իրավիճակը զարգանալու է շատ ավելի դանդաղ։ Օրենդրական փոփոխությունների տեսանկյունից Հայաստանը բավականին լրջորեն ետ է մնում տեխնոլոգիական փոփոխությունները իրավաբանորեն նկարագրելու տեսանկյունից։ Առայսօր բազմաթիվ խնդիրներ կան նույնիսկ էլեկտրոնային կոմերցիայի և այլ ոլորտներում, որոնք թվայնորեն զարգացած երկրներում դարձել են առօրեական։

Եթե բեռնատար կամ ռազմական տրանսպորտի տեսանկյունից ճանապարհների որակը առաջնային չէ, ապա քաղաքացիական առանց վարորդ տրանսպորտում մայրուղիների վիճակը դեռևս մնում է կարևոր գործոն։ Չմաքրած ձյունը և փոսերը դեռևս լուրջ խնդիր են արհեստական ինտելեկտի համար։ Հայաստանի այսօրվա ճանապարհների վիճակը և ընդհանուր մոտեցումը կոմունիկացիաների հանդեպ կհանդիսանա հիմնական խոչընդոտներից մեկը առանց վարորդ մեքենաների շահագործման համար։ Նույնիսկ ուշադիր և փորձառու հայ վարորդի համար ձմռանը և գարնանը երթևեկելը ինչ-որ հատվածներում դառնում է կյանքի համար վտանգավոր։

Իսկ եթե Հայաստանը սկզբնական փուլում չդառնա նմանատիպ մեքենաների ներմուծող, ապա դա ավելի հետ կգցի զարգացումը։ Քանի որ ինչ֊որ պահից հասարակ, ավանդական մեքենաների գները կսկսեն կտրուկ ընկնել, ինչը իր հերթին կբերի դրանց՝ Հայաստան ներմուծման կտրուկ աճի։ Հաշվի առնենք, որ Հայաստանը հանդիսանում է օգտագործված մեքենաների շուկայի կույրաղիք․ այստեղից մեքենաները այլևս դուրս չեն գնում։ Նման զարգացումների դեպքում Հայաստանը կարող է հեղեղվել հին ավանդական մեքենաներով, դառնա գերեզմանոց, ինչն էլ իր հերթին երկար տարիներով հետ կտանի երկիրը առանց վարորդ մեքենաների շահագործման հարցում։

Նյութի գլխավոր լուսանկարը՝ The New York Times-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լուրեր ապագայից․ աշխատավարձ բոլոր գործազուրկներին. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կանխատեսումները խոսում են այն մասին, որ արտադրության մեջ ռոբոտների թիվը աճելու է, ինչը նշանակում է, որ նվազելու են մարդկանց համար նախատեսված գործատեղերը։

Հայաստանյան ինտերնետը․ սոցցանցերն ու մեսենջերները

ֆեյսբուքի և Ինստագրամի գովազդային հարթակները բավականի շատ տեղեկատվություն են տրամադրում Հայաստանից ինտերնետից օգտվողների վերաբերյալ

Կրիպտովիրուսները և տնտեսությունը․ արդյո՞ք Հայաստանը տուժում է

Հայաստանում գտնվող հարցման մասնակիցներից 4.7%-ը հանդիսացել են 2016 թվականին կրիպտովիրուների զոհ

Յուքոմը