Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում․ Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

09:30 , 17 Հոկտեմբեր 2018

 2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։

2000-ականների սկզբին քչերը կպատկերացնեին, որ մի երկրում, որտեղ ամեն տան խոհանոցում կարելի է բացել ծորակը և ջուր խմել կամ քայլել փողոցում և օգտվել հազարավոր ցայտաբյուրներից[1] որևէ մեկից, կարելի է տարայավորված[2] աղբյուրի ջուր (ներառյալ բարձրորակ խմելու ջուր) վաճառել։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում տարայավորված աղբյուրի ջրի սպառումը[3] վերջին տասնամյակում անշեղորեն աճում է (չհաշված ճգնաժամային 2009թ-ը), ինչը վկայում է սպառողների նախասիրությունների փոփոխման մասին։

jur1

Ինչպես ներկայացված է վերոնշյալ գծապատկերում, 2017թ-ին Հայաստանում 1 շնչի հաշվով տարայավորված աղբյուրի ջրի սպառումը հասել է 11.7 լիտրի, ինչը գրեթե 5 անգամ ավելի շատ է, քան 2007թ-ին (արտադրության մասով վիճակագրական տվյալները 2007թ-ից են հասանելի)։ Թեև արդարության համար պետք է նշել, որ իրականում սպառման աճը ավելի համեստ է եղել, իսկ 2013-2014թթ-ին ժամանակագրական շարքի աղճատումը պայմանավորված է ստվերի կրճատմամբ։

Մասնավորապես, 2013թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի այն դրույթը ըստ որի ԱՏԳ ԱԱ 2201 դիրքի տարայավորված ապրանքները ՀՀ տարածքում իրացնելիս դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, ինչի արդյունքում 2013-2014թթ-ին Հայաստանում 1 շնչի հաշվով սպառումը ֆորմալ աճել է համապատասխանաբար 33%-ով և 39%-ով։ Այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ վերջին 10 տարում տարայավորված աղբյուրի ջրի սպառումը ՀՀ-ում մի քանի անգամ աճել է, ավելին 2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի սպառումը առաջին անգամ գերազանցել է հանքային տարայավորված ջրի սպառմանը։ Առհասարակ, 2014թ-ից առկա է որոշակի միտում, որ աղբյուրի տարայավորված ջրի սպառման աճը տեղի է ունենում նաև տարայավորված հանքային ջրի սպառման անկման հաշվին, այսինքն գնալով մարդիկ գազավորված հանքային ջրի փոխարեն նախընտրում են խմել չգազավորված աղբյուրի ջուր։

jur2

Պետք է նշել, որ տարայավորված ջրի սպառման աճը համաշխարհային միտում է, օրինակ, ԱՄՆ-ում դիտարկվող ժամանակահատվածում՝ 2007-2017թթ-ին, տարայավորված ջրի սպառումը 1 շնչի հաշվով աճել է  45.2%-ով հասնելով 159.4 լիտրի։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարայավորված ջրի սպառումը 1 շնչի հաշվով դեռևս բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում (22.3 լիտր, 2017թ․), այնինչ 2017թ-ին ԵՄ երկրներում միջին ցուցանիշը եղել է 117 լիտր՝ ըստ երկրների զգալիորեն տատանվելով (Իտալիա 188լ, Շվեդիա 10լ)։ Խոսելով Հայաստանի շուկայի առանձնահատկությունների մասին՝ պետք է նշել, որ դեռևս բարձր է գազավորված ջրերի մասնաբաժինը՝ 48%[4], այնինչ այլ երկրներում՝ հատկապես զարգացած, այն շատ ցածր է, օրինակ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը ընդամենը՝ 7.5% է։

Ամփոփելով մեր ակնարկը՝ պետք է նշենք, որ սպառողական նախասիրությունները անընդհատ փոփոխվում են և երկարաժամկետ հեռանկարում շուկայում հաղթող կլինեն ոչ թե այն ընկերությունները, որոնք կանխատեսում են «այսօրվա» պահանջարկը, այլ «վաղվա»։

 «Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտությունների և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ և ֆինանսական մոդելներ։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

——————————-

[1] 2015թ-ի ապրիլի 1-ի դրությամբ միայն Երևանում գործել են 2135 ցայտաղբյուր, աղբյուր՝ https://bit.ly/2yEWHFX

[2] Առավել շատ ընդունված է օգտագործել «շշալցված» (bottled) հասկացությունը, մենք նախընտրեցինք օգտագործել «տարայավորված» հասկացությունը, ինչը հստակ մատնանշում է, որ խոսքը գնում է ոչ միայն ապակյա կամ պլաստիկե շշերով ջրի, այլև խոշոր տարաներով ջրի մասին, որոնք նախատեսված են դիսպենսերների համար։

[3] Առկա է որոշակի մեթոդաբանական տարբերություն արտադրության վիճակագրական հաշվառման և արտաքին առևտրի վիճակագրական հաշվառման միջև, մենք ընդունել ենք, որ ԱԳՏ ԱԱ միայն 220190 ապրանքային ենթադիրքի ապրանքներ են «աղբյուրի ջուր», այսինքն բացառել ենք գազավորված աղբյուրի ջուրը։

[4] Հաշվարկած միայն հանքային ջրերի մասով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․ Modex (Մաս II)

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները

«Հայկական կոնյակը» Ռուսաստանի շուկայում

«Մոդեքսը» որոշել է անդրադառնալ ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։