Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թափանցիկ ոլորտի անթափանց շերտը. ինչու են ՀՀ բանկիրները գաղտնի պահում իրենց աշխատավարձի չափը

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Բաբկեն Թունյան

18:24 , 01 Մայիս 2016

Citigroup-ի ղեկավար Մայքլ Քորբաթի (Michael Corbat) վարձատրությունը 2015 թվականին կազմել է մոտ 16.5 մլն դոլար (ամսական՝ 1 մլն 375 հազար դոլար): Սա աստղաբաշխական գումար է թվում, սակայն միջազգային մակարդակով նորմալ աշխատավարձ է ֆինանսական հաստատությունների ղեկավարների համար։

Ամերիկյան խոշորագույն բանկերից մյուսի՝ JPMorgan Chase-ի ղեկավար Ջեյմի Դայմոնի վարձատրությունը դրա կրկնակին է (2014-ին՝ մոտ 27.6 մլն դոլար): Ջեյմս Գորմանը (James P. Gorman), ով ղեկավարում է Morgan Stanley-ն, ստացել է 23 մլն դոլար։

Ռուսաստանյան ընկերոթյունները նույնպես ետ չեն մնում։ Օրինակ, Сбербанк-ի ղեկավար Գերման Գրեֆը և Газпромбанк-ի ղեկավար Անդրեյ Ակիմովը, Forbes-ի գնահատականներով, տարեկան վաստակում են 12-15 մլն դոլար։

Սրանք, իհարկե, միայն աշխատավարձերը չեն։ Այդ գումարների մեջ մտնում են նաև պարգևավճարները (բոնուսները), որոնք կարող են աշխատավարձից ավելի մեծ լինել։

Սակայն մեր նպատակը բանկիրների փողերը հաշվելը չէ։ Պարզապես ցանկանում էինք ցույց տալ, որ աշխարհի խոշորագույն ընկերությունների (այդ թվում՝ ֆինանսական) ղեկավարների վարձատրության չափը գաղտնիք չէ, և նրանք չեն թաքցնում, թե որքան են վաստակում։

Իսկ որքա՞ն են ստանում հայաստանյան բանկերի ղեկավարները

Այ սա արդեն գրեթե «պետական գաղտնիք» է։ Հայաստանյան բանկիրների վարձատրության իրական չափը ոչ ոք չգիտի՝ իրենցից և համապատասխան պետական մարմիններից բացի։

Կարծիք կա, որ դրանք այնքան մեծ են, որ կարող են կրքերի թեժացման պատճառ դառնալ։ Մանավանդ, որ վերաբերմունքը բանկային համակարգի վերաբերյալ, մեղմ ասած, բարյացակամ չէ։

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը շուրջ 180 հազար դրամ է։ Ու տեղեկատվությունը, որ այսինչ բանկի տնօրենը ստանում է ամսական մի քանի միլիոն (կամ՝ մի քանի տասնյակ) դրամ, հաստատ չի նպաստի այդ վերաբերմունքի բարելավմանը։

Կարճ ասած, բանկիրները չեն ցանկանում բորբոքել կրքերը։ Ու նաև հայտարարում են, որ իրենք իրավունք ունեն չհայտարարել իրենց վարձատրության չափը։

Ի դեպ, իրանական «Մելլաթ» բանկը հայաստանյան միակ բանկն էր, որը հրապարակում էր ղեկավարների վարձատրության մանրամասն տվյալները։

Ըստ բանկի կողմից հրապարակված տեղեկանքի՝ գործադիր տնօրենը 2014 թվականի ընթացքում ստացել է 66.4 միլիոն դրամ, որից 47.8 միլիոնը՝ աշխատավարձ, 11.1 միլիոնը՝ պարգևատրություն, 5 միլիոն դրամը՝ արձակուրդային, 2.4 միլիոնը՝ այլ վճարումներ։ Ամսական կտրվածքով՝ դա կազմում է ավելի քան 5.5 միլիոն դրամ կամ 11.8 հազար դոլար։ Գլխավոր տնօրենի տեղակալն ամսական վաստակում է 5 միլիոն դրամ, գլխավոր հաշվապահը՝ 1.4 միլիոն։

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ «Մելլաթ» բանկն իր կապիտալով և ֆինանսական միջնորդության ծավալներով հայաստանյան ամենափոքր բանկերից մեկն է։

Սակայն «Մելլաթը» նույնպես մտավ գաղտնիության ռեժիմ։ 2015 թվականի հաշվետվություններում այս բանկի՝ աշխատավարձերի վերաբերյալ փաստաթուղթը պաշտպանված է հատուկ գաղտնագրով։ Այսինքն, այդ տվյալները այլևս հասանելի չեն։

 

Իսկ ի՞նչ է ասում օրենքը՝ պարտավո՞ր են բանկերը հրապարակել այդ տվյալները։

Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Օրենքը ձևակերպված է այնպես, որ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է բանկերի տեղեկությունները և դրանց հրապարակումը։ 1-ին կետի «ե» ենթակետը վերաբերում է հենց ղեկավարների վարձատրությանը։

***

Հոդված 43. տեղեկությունները և դրանց հրապարակումը

  1. Բանկերը պարտավոր են ինտերնետում` բանկի տնային էջում, մշտապես հրապարակել՝

ե) բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները՝ նրանց անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը:

***

Իսկ ի՞նչ են անում հայաստանյան բանկերը։ Նրանք իրոք հրապարակում են ղեկավար անձնակազմի մասին վերը նշված տվյալներն իրենց կայքերում, ՍԱԿԱՅՆ այդ տվյալները փակ են, և դրանց ծանոթանալու համար հարկավոր է իմանալ ծածկագիրը (որը գիտեն միայն սահմանափակ թվով մարդիկ):

Ստացվում է՝ ինֆորմացիան հրապարակվում է, սակայն… չի հրապարակվում։ Բանկերը դե յուրե կատարում են օրենքի պահանջը, սակայն դա դառնում է անիմաստ ու ինքնանպատակ։ Եթե այդ տեղեկատվությունը մյուսներին հասանելի չէ, ո՞րն է կայքում տեղադրելու իմաստը։

Կենտրոնական բանկն, այս առումով, բանկերի կողմից է, և պաշտպանում է վարձատրության չափը գաղտնի պահելու նրանց իրավունքը։ Միգուցե իրավական առումով նրանց հիմնավորումը «երկաթյա» է։

Սակայն մյուս կողմից, բանկերը իրենք իրենց մասին խոսելիս չպետք է չարաշահեն «թափանցիկություն» բառը։ Թափանցիկն իրականում հաճախորդներն են, ում մասին բանկերը պահանջում և ստանում են ցանկացած տեղեկատվություն՝ կոշիկի համարից սկսած մինչև «կողմնակի եկամուտների» չափը։

Հ.Գ. – Forbes-ի գնահատականներով, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը տարեկան վաստակում է շուրջ 35 մլն դոլար։ ВТБ-ն, իհարկե, Forbes-ի հետ համաձայն չէ, սակայն մյուս կողմից՝ չի բացահայտում իրական թիվը։

Մենք նույնպես առաջիկայում կփորձենք գոնե մոտավոր հաշվել՝ որքան են ստանում հայաստանյան բանկերի թոփ-մենեջերները։ Իհարկե, մեր հաշվարկը ճշգրիտ չի լինի, սակայն թույլ կտա գոնե մոտավոր պատկերացում կազմել և նպաստել բանկային համակարգի թափանցիկությանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նվազագույն տնտեսագիտական գիտելիքներ ունենալու կարևորությունը

Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցողը հասկանում է, որ թոշակը վճարվում է հարկերից, և, եթե թոշակն ավելանում է, ապա հավաքագրվող հարկերն էլ են ավելանալու։

Ագրեսիվ վարկավորման վտանգը

Կարճ ժամանակում ՀՀ բանկային համակարգ ահռելի քանակությամբ փող մտավ, որը պետք է արագ տեղաբաշխել

Պարոնայք, դուք անտանելի եք դառնում

Ինչու են ոմանք ծանր տարել բանկերի՝ զոհվածների ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշումը