Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 1-ին)․ Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

18:04 , 22 Մարտ 2018

Նույնիսկ ՀՀ առևտրային բանկերի գովազդային հաղորդագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բանկերը հիմնականում գործում են սուր մրցակցության պայմաններում՝ հաճախ պայքարելով նույն սեգմենտի հաճախորդների համար։ Այսինքն իրենց ռազմավարական նպատակների իրականացումը հիմնականում պատկերացնում են  ոչ թե շուկայի ընդլայնման, այլ իրենց մրցակիցների հաճախորդներին ներգրավելու հաշվին։ Ի՞սկ կա արդյոք բանկային պրոդուկտների և ծառայությունների շուկայի ընդլայնման հնարավորություն։ Տվյալ ուսումնասիրության  շրջանակում, մենք նպատակ ենք դրել ուրվագծել հենց այդ հնարավորությունները (ֆիզիկական անձանց մասով)։

Համաձայն ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ 2017թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերն ունեցել են 2,414,389 ֆիզիկական անձ հաճախորդ[1], որոնք իրենց հերթին ունեցել են 4,442,975 բանկային հաշիվ և 1,714,679 վճարային քարտեր, այսինքն 1 ֆիզ․ անձ հաճախորդը միջինում ունեցել է 1.84 բանկային հաշիվ:  Պետք է նշել, որ այս 2.4 մլն հաճախորդ ցուցանիշի մեջ ներառված են նաև այն անձինք, ովքեր տարիներ շարունակ բանկային գործառնություններ չեն կատարել/ կամ գործող ավանդային/վարկային/քարտային պայմանագրեր չունեն, սակայն ունեն գործող հաշիվներ, որոնք փակված չեն (հնարավոր է փոքր մնացորդի առկայությամբ)։ Հարց է առաջանում՝ քանի՞ ֆիզիկական անձ կա իրականում, որ չունի բանկային հաշիվ կամ վճարային քարտ, ո՞ր սոցիալ-տնտեսական խմբերին են պատկանում, ինչքա՞ն եկամուտ ունեն և այլն։ Այս և այլ հարցերի պատասխանները մենք փորձել ենք գտնել մեր գործընկեր CRRC Armenia-ի կողմից կատարված «Կովկասի բարոմետր 2017» omnibus հետազոտության[2] (այսուհետ՝ Հետազոտություն) տվյալների վերլուծության արդյունքում։

Հետազոտության տվյալներից պարզ է դառնում, որ 95% հավանականությամբ ՀՀ չափահաս բնակչության 58.5%-ը (+/-2.38) կամ շուրջ 1.35 մլն մարդ չունի բանկային հաշիվ կամ բանկային քարտ[3], ընդ որում՝ նրանցից 477 հազ․-ն ապրում է Երևանում (բնակչության 57%), 319 հազ․-ը՝ մարզային քաղաքներում (բնակչության 50%), իսկ 556 հազ․-ը՝ գյուղական բնակավայրերում (բնակչության 67%)։ Մյուս կողմից, քանի որ բանկային հաշիվ կամ քարտ ունեցողների քանակը կազմում է շուրջ 956.8 հազ․ մարդ, կարող ենք ասել, որ Հայաստանում 1 ֆիզիկական անձը միջինում հանդիսանում է 2.5 բանկի հաճախորդ, ունի 4.6 բանկային հաշիվ և 1.8 բանկային քարտ։

modex-banking1

Ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տալիս, Երևանում երիտասարդների 61%-ը (18-29տ) չունեն ոչ բանկային հաշիվ, ոչ բանկային քարտ, ընդ որում՝ այս տարիքային խմբում չկան էական տարբերություններ Երևանի, մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների միջև։ Այնինչ, ավելի բարձր տարիքային խմբերում ավելի մեծ է գյուղական բնակավայրերում ապրող այն մարդկանց մասնաբաժինը, ովքեր չունեն բանկային հաշիվ և բանկային քարտ։ Միաժամանակ, պարզ է դառնում, որ բոլոր տարիքային խմբերում, բանկային հաշիվ կամ քարտ ունեցողների մասնաբաժինը մարզային քաղաքներում ավելի շատ է, քան Երևանում, դա թերևս պայմանավորված է նրանով, որ Երևանում մոտ 3.4 հազ․ չափահասի հաշվով գործում բանկային մեկ մասնաճյուղ, իսկ մարզային քաղաքային բնակավայրում՝ 2.4 հազ․ չափահասի հաշվով (գյուղերի բնակիչներն էլ ներառյալ 5.6 հազ․)։

modex-banking2

Վերլուծությունը ցույց է տալիս, որ 95% հավանականությամբ բանկային հաշիվ կամ քարտ չունեցողների 59%-ը (+/-3.06) կանայք են, ընդ որում նրանց մասնաբաժինը բարձր է հատկապես 30-39 և 60+ տարիքային խմբերում։ Առաջին խմբի պարագայում դա կարելի է բացատրել նրանով, որ այդ տարիքային խմբի կանանց շրջանում գործազրկությունը 2.5 անգամ ավելի բարձր է[4], քան տղամարդկանց շրջանում, իսկ 2-րդ խմբի պարագայում կանանց կյանքի միջին տևողությունն ավելի շատ է, հետևաբար այս տարիքային խմբում նրանց մասնաբաժինը համեմատաբար ավելի շատ է։

Իհարկե, եթե 1.35 մլն մարդ չունի բանկային հաշիվ կամ քարտ, չի նշանակում, որ բոլորն էլ որպես հաճախորդ կարող են բանկերի համար հետաքրքրություն ներկայացնել։ Այդ նպատակով մենք վերլուծել ենք նաև նրանց զբաղվածությունն ու անձնական եկամուտների մակարդակը։ Այսպես, 95% հավանականությամբ նրանց 31%-ը (+/- 2.87) կամ շուրջ 422 հազ․ մարդ զբաղված է[5], այլ կերպ ասած 95% հավանականությամբ Հայաստանում 1.05 մլն զբաղվածների մոտ 40.3%-ը (+/-3.8) չունի բանկային հաշիվ կամ քարտ։

modex-banking3

Եթե ընդունենք, որ նրանք ովքեր զբաղված են, սակայն չգիտեն իրենց անձնական եկամուտը կամ նշել են 0, ըստ էության անձնական եկամուտ չունեն (օրինակ, փոքր ընտանեկան բիզնեսում են ներգրավված), իսկ մինչև 48 հազ․ դրամ միջին ամսական եկամուտ ունեցողները[6] հետաքրքրություն չեն ներկայացնում բանկերի համար, կարող ենք ենթադրել, որ կան 245-294 հազ․ անձինք[7], ովքեր զբաղված են, ունեն 48 հազ․ դրամ և ավել միջին ամսական անձնական դրամային եկամուտ, բանկային հաշիվ կամ քարտ չունեն, հետևաբար նրանք կարող են հետաքրքրություն ներկայացնել բանկերի համար։ Ընդ որում՝ նրանց 2/3-ն էլ ապրում է քաղաքային բնակավայրերում (Երևանում կամ մարզային քաղաքներում), այսինքն տարածական առումով նրանք հասանելի են բանկերին։

Ամփոփելով, մեր ուսումնասիրության առաջին մասը, կարող ենք ենթադրել, որ այս պահին առկա է իրատեսական հնարավորություն բանկերի համար ընդլայնելու իրենց առկա հաճախորդների քանակը շուրջ 28%-ով, սակայն անհրաժեշտ է այս անձանց պահանջմունքները հավելյալ ուսումնասիրել, ըստ անհրաժեշտության համապատասխան բանկային պրոդուկտներ մշակել և ամեն պրոդուկտի գծով գնահատել սեգմենտների ներթափանցման/ գործունեության ընդլայնման եկամտաբերությունը։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես իրականացնում է հետազոտություններ, մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ, ֆինանսական մոդելներ և այլն։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

[1] Ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ իրավաբանական անձինք կարող են միաժամանակ լինել մի քանի բանկերի հաճախորդներ, այսինքն եթե մի ֆիզիկանան անձ հանդիսանում է 3 բանկի հաճախորդ, այս հաշվարկում ներկայացված է որպես 3 հաճախորդ, նույնը վերաբերում է նաև իրավաբանական անձանց։

[2] Հետազոտությունն իրականացվել է 2017թ-ի նոյեմբերին, իրենից ներկայացնում է բազմաստիճան ստրատիֆիկացված հարցում, հարցման ընտրանքը բաղկացած է եղել 1648 ռեսպոնդենտներից։

[3] Եթե ունի բանկային քարտ, ինքնաբերաբար ունի նաև բանկային հաշիվ

[4] Գործազրկության առումով ամենամեծ խզվածքը սեռերի միջև առկա է հենց այս տարիքային խմբում

[5] Ունի կես կամ լրիվ դրույքով, պաշտոնական կամ ոչ պաշտոնական աշխատանք, կամ ինքնազբաղված է

[6] Խոսքը գնում է դրամային եկամուտ ունեցողներ մասին

[7] Ուշադրություն, այս ցուցանիշը վիճակագրորեն ստույգ չի, p>0.05

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում․ Modex

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․ Modex (Մաս II)

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները