Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«WCIT 2019»-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Վերադարձ լուրերի բաժին

20:47 , 17 Օգոստոս 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ: Այդ մասին հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Ընդհանուր առմամբ ունենք 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Համաժողովի հիմնական բանախոսներից են բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, ձեռնարկատեր, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ, «Twitter», «Tumblr», «Venmo», «Uber» ընկերությունների ներդրողներից մեկը՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկը, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին և ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն»,- ասել է Եսայանը և հավելել, որ շաբաթը մեկ անգամ կհրապարակեն նոր բանախոսների անունները:

«WCIT 2019»-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. Ակնկալիք և վտանգ»: «Համաժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, թե՛ դրական և, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը: Կխոսվի նաև, թե ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա»,- նշեց համաժողովի կազմակերպիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ մոտ 70 երկրից: «Կոնֆերանսի ընթացքում ամեն օր լինելու են ստարտափեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև Հայաստանից, որոնք դիմելու են մեզ, և մենք զտելու ենք և ներկայացնենք ներկաներին: Ունենք ընդհանուր բյուջե ՝ 100 հազար ԱՄՆ դոլար և մրցույթ կհայտարարվի, ինչի արդյունքում կլինեն հաղթողներ»,- ասաց Եսայանը:

Նա նաև ընդգծել է, որ հոկտեմբերի 6-ին՝ համաժողովից առաջ, լինելու է համերգ, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին: Համաժողովն արդեն տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրվել են երաժիշտներ, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Լինելու է 70 երաժիշտ 16 երկրի և 30 երաժիշտ՝ Հայաստանից:

«Նվագախումբը կատարելու է այդ 16 երկրի տարբեր երաժշտություններ և կլինի նաև 17-ը՝ հայկական, կլասիկ ոճի: Այդ ամենից հետո մենք առաջին անգամ կհայտարարենք արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով, որը կատարվելու է օնլայն ռեժիմով: Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը»,- շեշտել է Եսայանը:

Ավելի վաղ հրապարակվել են նաև մի շարք այլ բանախոսների անուններ՝ «Reddit»-ի և «Initialized Capital»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի նախագահ Վահե Թորոսյանը, «Սիմենս»-ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:

«WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-նն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: «WCIT 2019»-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգինաերի ձեռնարկությունների միությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարություն մեքենաները տրեյլերով ներկրողրների համար

Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրի քաղաքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ: