Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ

Վերադարձ լուրերի բաժին

14:32 , 17 Մայիս 2019

Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ազդարարել է դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Թողարկման արդյունքում ներգրավված միջոցներով Ucom-ը շարունակելու է կապիտալ ներդրումների իրականացումը ֆիքսված և շարժական կապի իր բաժանորդներին նորարարական տեխնոլոգիական լուծումներով ապահովելու համար:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ։ Ucom պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Արժեկտրոնների վճարման հաճախականությունը լինելու է եռամսյակային։

«Պարտատոմսերի թողարկումով Ucom-ը ոչ միայն դիվերսիֆիկացնում է իր վարկային գործիքները, այլև վերահաստատում է իր հավատարմությունը հրապարակային ընկերություններին բնորոշ թափանցիկ, հաշվետվողական գործելաոճին՝ դառնալով ավելի բաց ու գրավիչ ներդրողների համար և առաջին քայլն անելով դեպի միջազգային կապիտալի շուկա։ Հատկանշական է նաև, որ այս քայլով մենք բաժանորդների հետ շփման նոր մշակույթ ենք ձևավորում՝ հնարավորություն ընձեռելով եկամուտ ստանալ այն ընկերությունից, որի կողմից մատուցվող ծառայությունների համար նրանք վճարում են։ Այսինքն` բաժանորդներն իրենց մասնակցությամբ կնպաստեն նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և իրենց իսկ կողմից օգտագործվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Ընդգծեմ, որ Ucom պարտատոմսերի գրավչությունը պայմանավորված է Հայաստանի բանկային համակարգում գործող ավանդային տոկոսադրույքների համեմատ առավել բարձր տոկոսադրույքով և մեր ընկերության կայուն ֆինանսական ցուցանիշներով», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի համահիմնադիրը համոզված է, որ ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը կաշխուժացնի պարտատոմսերի շուկան, կավելացնի Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալը և կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Պարտատոմսերը բավականին գրավիչ արժեթղթեր են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Դրանք ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլ նաև բանկային ավանդների համեմատ ավելի ճկուն գործիք են, քանի որ ներդրողը կարող է գնված արժեթղթերը կամ դրանց մի մասը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում՝ առանց կուտակված եկամուտը կորցնելու: Իսկ մասնավորապես Ucom-ի պարտատոմսերը հավակնում են դասվել արժեթղթերի շուկայի ամենագրավիչ և հետաքրքիր գործիքների շարքում: Առաջնային տեղաբաշխման ավարտից հետո Ucom պարտատոմսերը շրջանառելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ Արմենբրոկը ստանձնելու է նաև այս արժեթղթերի շուկա ստեղծողի դերը, ապահովելով նրանց մշտական իրացվելիությունը», – նշել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ֆիզիկական անձինք պետք է տեղաբաշխողին՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը (Տիգրան Մեծ պ. 32/1) ներկայացնեն անձնագիր և սոցիալական քարտ, կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ՀՀ որևէ բանկում բացված դրամային և դոլարային հաշվեհամարները։ Նշյալ տեղաբաշխողը ներկայացուցիչ կունենա նաև Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Ucom-ի սպասարկման կենտրոնում։

Ucom պարտատոմսերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։