Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հյուրանոցային բիզնեսը՝ տխուր վիճակում

Վերադարձ լուրերի բաժին

13:02 , 29 Հուլիս 2015

Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։ Ընդ որում, այդ անկումն ավելի շոշափելի է մարզերում։ Սրանք ոչ թե մասնավոր զրույցների կամ հարցումների արդյունքներ են, այլ կոնկրետ պաշտոնական վիճակագրական տվյալներ։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել է իր հերթական զեկույցը, որի բաժիններից մեկը նվիրված է ՀՀ հյուրանոցային տնտեսության օբյեկտների հիմնական ցուցանիշներին (2012-2014թթ.)։

Այսպես, 2014թ. վերջին Հայաստանում հաշվվել է 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89-ը` Երևանում։ Սա միակ ցուցանիշն է, որի գծով աճ կա։ 2013 -ի համեմատ` հյուրանոցների թիվն աճել է 39-ով կամ 17%-ով (այդ թվում` Երևանում հյուրանոցների թիվն աճել է 14-ով կամ 18.7%-ով)։

Հյուրանոցների թիվն աճել էր նաև 2013-ին` 2012 թվականի համեմատ։ Արդյունքում` 2 տարվա ընթացքում (2012-ից մինչև 2014թ.) հյուրանոցների թիվը Հայաստանում աճել է 1.7 անգամ, իսկ մայրաքաղաքում` շուրջ 2 անգամ։

Մյուս ցուցանիշներն արդեն նույնքան ուրախալի չեն։

Հյուրանոցների թվաքանակի աճին զուգահեռ` նվազել է համարների քանակը (թե՛ հյուրանոցային, թե՛ ոչ հյուրանոցային օգտագործման համարների դեպքում)։ 2014 թվականի վերջում հանրապետությունում հաշվվել է 14395 համար, որը 24.3%-ով ցածր է 2013-ի ցուցանիշից։ Ուշագրավն այն է, որ հանրապետական անկման ֆոնին` Երևանում գրանցվել է աճ (29.6%-ի չափով)` հասնելով 5810-ի։

Համեմատության համար նշենք, որ 2013-ին հյուրանոցային տնտեսության համարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 57.8%-ով, իսկ Երևանում` 8.5%-ով։
Համարների մասին խոսելիս երկու հետաքրքիր հանգամանք նշենք։ Նախ, հյուրանոցային համարների դեպքում հանրապետության մասշտաբով 2014 թվականին գրանցվել է անկում 24.4%-ի չափով, իսկ Երևանում` աճ` 30.3%-ի չափով։
Սակայն տարբերությունն ակնհայտ է ոչ միայն մարզերի ու Երևանի, այլև համարների տեսակների միջև։

Օրինակ, հանրապետության մասշտաբով`աճել է միայն կիսալյուքս համարների քանակը (32.8%-ով) և 2014 թվականի վերջում կազմել 709 միավոր։ Մնացած տեսակների դեպքում թիվը նվազել է։ Շքասենյակների թիվը նվազել է 16.3%-ով (քանակը` 81), լյուքս համարների թիվը` 27.5%-ով (քանակը` 312), սովորական համարների թիվը` 39.7%-ով (քանակը` 2156), ոչ հյուրանոցային համարների թիվը` 36.8%-ով (քանակը` 143) (տես աղյուսակը)։

hyuranocner-1

Մինչդեռ Երևանում հյուրանոցային համարների բոլոր տեսակների գծով աճ է գրանցվել. շքասենյակների թիվն աճել է 1.3%-ով, լյուքս սենյակներինը` 6.8%-ով, կիսալյուքս համարներինը` 3.5%-ով, սովորական համարներինը` 49.3%-ով։ Մայրաքաղաքում անկում գրանցվել է միայն ոչ հյուրանոցային օգտագործման համարների գծով (41.2%-ով)։

Ընդհանուր առմամբ, 2012-2014թթ. ընթացքում սովորական համարների տեսակարար կշիռը նվազել է` 65%-ից հասնելով 55%-ի։ Փոխարենը` զգալիորեն աճել է կիսալյուքս համարների տեսակարար կշիռը` 21%-ից հասնելով 33%-ի։ Լյուքս համարների կշիռն աճել է 2 տոկոսային կետով` հասնելով 11%-ի, իսկ թանկարժեք շքասենյակների տեսակարար կշիռը մնացել է անփոփոխ` 3%։

hyuranocner-2

Հյուրանոցների զբաղվածության առումով ևս մարզերի ու մայրաքաղաքի ցուցանիշները տարբերվում են։ Հանրապետության մասշտաբով զբաղվածությունը 2014-ին կազմել է 491627.7 համար-օր (անկումը 2013-ի համեմատ` 27.8%), իսկ մայրաքաղաքում` 322965.5 (անկումը` 2.8%)։

Տարբեր են նաև հյուրանոցային տնտեսությունում աշխատողների քանակային ցուցանիշները։ Հանրապետության մասշտաբով հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը նվազել է 21.1 տոկոսով և կազմել 3524 մարդ։ Մինչդեռ Երևանում աշխատողների թիվն աճել է 12.6%-ով` հասնելով 1926-ի։

Եվ վերջապես, հյուրանոցային օբյեկտների միաժամանակյա տարողությունը 2014-ի վերջում կազմել է 886052 տեղ, որը 2013-ի նույն ցուցանիշից ցածր է 13.1%-ով։ Մինչդեռ մայրաքաղաքում նույն ցուցանիշն աճել է 3.3%-ով և հասել 500933 տեղի։
Այսինքն` ցուցանիշների մեծ մասով հանրապետության մասշտաբով անկում է գրանցվել, Երևանում` աճ։ Ինչը նշանակում է, որ եթե հանրապետության տվյալներից հանենք մայրաքաղաքը, ապա անկումն ավելի խորը կլինի։

Սակայն կա մի ցուցանիշ` թերևս, ամենակարևոր ցուցանիշը, որի առումով կտրուկ անկում է գրանցվել թե՛ Երևանում, թե՛ հանրապետության մասշտաբով։ Խոսքը վերաբերում է հյուրանոցային տնտեսության տարեկան հասույթին։ Ընդ որում, այս դեպքում Երևանի անկումն ավելի խորն է։

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, 2014 թվականին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ` 2013 թվականի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։ Իսկ Երևանում հասույթը կրճատվել է 57.6%-ով` 41.9 մլրդ դրամից հասնելով 17.7 մլրդ դրամի (գծապատկեր 2)։

hyuranocner-3
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին հյուրանոցային տնտեսության հասույթն աստղաբաշխական աճ է ունեցել։ Հանրապետության մասշտաբով հյուրանոցային տնտեսության հասույթն աճել է 2.6 անգամ (19.5 միլիարդ դրամից հասնելով 51.3 մլրդ դրամի)։ Իսկ մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթն աճել էր 3 անգամ` 13.9 մլրդ դրամից հասնելով 41.9 մլրդ դրամի։
Ընդ որում, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2014 թվականին ունեցել ենք զբոսաշրջիկների 11.3% աճ` 2013-ի համեմատ (տարվա ընթացքում հանրապետություն է ժամանել

1 203 746 զբոսաշրջիկ)։ 2013-ին զբոսաշրջիկների աճի տեմպն ավելի ցածր էր (9.7%)։
Հյուրանոցային ծառայությունների գնանկում էլ նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։

Այնպես որ, շատ դժվար է բացատրել թե՛ 2013 թվականի շեշտակի աճը, թե՛ 2014 թվականի կտրուկ անկումը։ Սակայն, մեծ հաշվով, զարմանալ պետք չէ. ՀՀ պաշտոնական վիճակագրության մեջ բավականին հաճախ են հանդիպում ցուցանիշներ, որոնք հասկանալը ոչ միայն դժվար է, այլև անհնարին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը: