Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

McDonald’s՝ Հայաստանո՞ւմ. որքանով է դա իրատեսական և ինչ են մտածում մեր հայրենակիցները

Վերադարձ լուրերի բաժին

19:47 , 25 Փետրվար 2016

Օրերս նորից ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ «McDonald’s»-ը ոչ հեռու ապագայում կգա Հայաստան: Տեղեկությունների համաձայն` այս տարվա ապրիլին ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում կկայանա McDonald’s ընկերության ղեկավար կազմի և ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկման կներկայացվի նաև Հայաստանում արագ սննդի ոլորտում առաջատար McDonald’s ցանցի ռեստորան բացելու հարցը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում նշել է վրացի գործարար Թեմուր Չկոնիան՝ վստահություն հայտնելով, որ հարցը կլուծվի Հայաստանում McDonald’s բացելու օգտին։

«Շատերը Հայաստանից գալիս են Թբիլիսիի McDonald’s, այսինքն` դա պահանջված ֆասթ ֆուդ է հայ բնակչության շրջանում»,- հայտարարել է Չկոնիան, ով պատրաստվում է Հայաստանում McDonald’s ցանցի առաջին ռեստորանը բացել Երևանում:

Վրացի գործարարը նշել է նաև, որ McDonald’s ցանցի ռեստորան բացելուց բացի` նախատեսվում է իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրեր։ Չկոնիայի խոսքով` հայկական McDonald’s-ում պետք է օգտագործվի տեղական արտադրության մթերք։ Նա նաև հավելել է, որ դա լուրջ ներդրում կլինի Հայաստանի տնտեսության մեջ։ Ըստ Չակոնիայի՝ Հայաստանում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, և հաշվի առնելով նախագծի մասշտաբը` աշխատանքի կտեղավորվի մինչև 30 տարեկան շուրջ 1000 մարդ։

Չիրականացած «մարգարեությունների» շարքից

«McDonald’s»-ի՝ Հայաստան գալու մասին խոսակցությունները շատ վաղուց են շրջանառվում։ Դեռ 2000-ականներին քաղաքում խոսում էին, որ համաշխարհային ցանցը շուտով իր դռները կբացի երևանցիների առաջ։ Անգամ տեղն էր նշվում՝ «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։

Իսկ ամենաթարմ թեման՝ կապված «McDonald’s»-ի հետ, 2011 թվականին հոկտեմբերին էր։ Այն ժամանակ Մեդիամաքսը http://www.mediamax.am/am/news/society/2831/ գրեց, որ «McDonald’s» սննդի առաջին ռեստորանը Հայաստանում կբացվի ոչ հեռու ապագայում: Ընդ որում, դա ոչ թե պարզապես խոսակցություն էր, այլ այդ մասին ասել էր «Դալմա գարդեն մոլ»-ի տնօրեն Էդգար Խաչատրյանը: Նա տեղեկացրել էր, որ Տաշիր Գրուպը Ռուսաստանում բանակցություններ է վարում Մաքդոնալդսի ներկայացուցիչների հետ, և որ  հաջող ընթացքի դեպքում Տաշիր Գրուպը Մաքդոնալդսը Հայաստան կբերի ֆրանչայզինգային պայմանագրի հիման վրա:

Հետո այդ խոսակցությունները դադարեցին։ Ըստ երևույթին, բանակցությունները հաջող ընթացք չունեցան։

Դժվա՞ր է արդյոք McDonald’s բացելը

Այո։ Նախ, անհրաժեշտ է 45 հազար դոլար վճարել՝ McDonald’s-ի նշանը օգտագործելու իրավունքի համար։ Ռեստորանը ֆիզիկապես բացելու համար ձեզ անհրաժեշտ կլինի, տարբեր գնահատականներով, 1.3-ից 1.5 մլն դոլար։ Ընդ որում, այդ գումարի 40%-ը պետք է հենց սկզբում առկա լինի, մնացածը կարելի է բանկից վերցնել և մարել 7 տարվա ընթացքում։

Ռեստորանը պետք է ունենա նվազագույնը 20 աշխատող: Ընդ որում, աշխատակազմ հավաքելու մասին պետք է նախապես մտածել։ Բացի այս ամենից, պետք է պատրաստ լինեք ձեր ընդհանուր հասույթը (ոչ թե շահույթի) 4%-ը ամեն տարի փոխանցել McDonald’s-ին։ Ու դա պետք է լինի նվազագույնը 20 տարի (պայմանագիրն այդ ժամկետով է կնքվում)։

Բացի այս ամենից՝ գոյություն ունեն բազմաթիվ պայմաններ և պահանջներ, որոնց ձեր ընկերությունը պետք է բավարարի։ Բացի ֆինանսական կողմից, այստեղ հաշվի է առնվում նաև հեղինակությունը և այլ գործոններ, որովհետև ֆրանշիզայի տերը լինելու է McDonald’s-ի դեմքը։

Հաշվի է առնվում նաև տվյալ տարածքի (քաղաքի) բնակչության թիվը, գնողունակությունը և այլն։

locations

Այս ամենը նշանակում է, որ անգամ մի քանի միլիոն դոլար ունենալը չի երաշխավորում, որ McDonald’s USA LLC-ը հավանություն կտա ձեր առաջարկին ու թույլ կտա McDonald’s ռեստորան բացել։

Կարծում եք՝ սա չափից դո՞ւրս է։ Միգուցե։ Սակայն McDonald’s-ը կարող է իրեն նման բան թույլ տալ։ Այն արագ սննդի ամենամեծ ցանցն  աշխարհում, ունի 420 հազար աշխատող, 35 հազարից ավելի կետ, իսկ հասույթը գերազանցում է տարեկան 27 մլրդ դոլարը (2014 թվականի տվյալներով)։

 

Ո՞վ է Թեմուր Չկոնիան, որը ցանկանում է Հայաստանում McDonald’s բացել

Նա վրացի գործարար է։ Շատ տեղեկություններ Չկոնիայի մասին գտնելը դժվար է, սակայն հայտնի է, որ նա համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Թեմուր Չկոնիայի կարողությունը շուրջ 200 մլն դոլար է։

Temur-Chkonia

Ինչպես նշեցինք,  McDonald’s-ի պարագայում ֆինանսների առկայությունը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։ Սակայն Չկոնիայի մտադրությունները կարող են իրականություն դառնալ այն պարզ պատճառով, որ նա վրացական McDonald’s-ի հիմնադիրն է։

Ամեն դեպքում, ժամանակը ցույց տա՝ կբացվի՞ Հայաստանում  McDonald’s, թե՞ այս պատմությունն էլ շուտով կմոռացվի։

 

Պե՞տք է արդյոք մեզ McDonald’s

McDonald’s-ի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Կան մարդիկ, ովքեր իրենց օրը սկսում և ավարտում են այս ռեստորաններում և չեն պատկերացնում իրենց օրը՝ առանց համեղ բուրգերների։ Մյուսներն էլ համարում են, որ McDonald’s-ի սնունդը ոչ միայն օգտակար չէ, այլև վտանգավոր է և կախվածություն է առաջացնում։

Անկախ որակի վերաբերյալ կարծիքներից՝ McDonald’s-ի առկայությունը անուղղակիորեն վկայում է այն մասին, որ երկիրը/քաղաքը բավարար չափով ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը։

B4B.am-ը փոքրիկ հարցումներ անցկացրեց Երևանի փողոցներում` փորձելով պարզել հայ երիտասարդների կարծիքն այս առնչությամբ. արդյոք պահանջարկ և  ցանկություն կա՞ ամերիկյան ամենահայտնի ընկերություններից մեկը` McDonald’s-ը, տեսնել նաև այստեղ` Հայաստանում: Մենք առանձնացրինք ամենաուշագրավ տեսակետներն այս թեմայի շուրջ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Անի Խաչատրյան` 29տարեկան

001-Ani-Khachatyran

«Ինձ թվում է` դա լավ միտք է, և McDonald’s-ն իր հաճախորդներն անպայման կունենա այստեղ, որովհետև մեր հայ ժողովուրդը սիրում է արագ սնունդ: Այսինքն` պահանջարկ կլինի, և ես նույնպես կցանկանայի, որ  նման ռեստորան լիներ Հայաստանում, ինչո՞ւ ոչ»:

Էլմիրա Սարգսյան` 17տ.

002-Elmira-Sargsyan

«Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Հայաստանում McDonald’s բացվի: Արտերկրում` մասնավորապես Վրաստանում ու Ռուսաստանում, շատ ենք օգտվել, և լավ կլիներ, որ հիմա Հայաստանում էլ բացվեր, ընդ որում` շատ շուտով բացվեր (ժպտում է,- Ա. Ի.): Երիտասարդության շրջանում հաստատ կլինի պահանջարկ, նույնիսկ ավելի շատ, քան «KFC»-ն ունի: Դե եթե «Սթարբաքս»-ն ունեցավ, McDonald’s -ը հաստատ կունենա: Օրինակ` երբ ես արտերկրում էի, McDonald’s-ում անգամ տեղ չկար պատվիրելու: Նման հերթեր էին գոյանում, և հուսամ` մեզ մոտ էլ կբացվի, ու մենք էլ կօգտվենք»:

Սուսաննա Կյուրեղյան` 32տ.

003-Susanna Kyureghyan

«Թող ամեն ինչ էլ լինի Հայաստանում, բայց նայած ինչ շենքում կլինի դա: Եթե, օրինակ, ինչ-որ թատրոն քանդեն ու դրա փոխարեն ուտելու տեղ սարքեն, իհարկե, դժգոհ կլինենք, բայց եթե ինչ-որ առանձին կառույց լինի, որը նախատեսված կլինի հենց դրա համար, չեմ կարծում` խնդիր առաջանա: Մենք Կալինինգրադի McDonald’s-ում ենք եղել, ամեն դեպքում մեզ դուր եկավ, վատ չէր: Ինձ թվում է` պահանջարկ կունենա Հայաստանում ևս. մենք ուտող-խմող ազգ ենք: Իհարկե, բոլորն էլ կօգտվեն, եթե լինի, և գներն էլ մեր սոցիալական հնարավորություններին ու տնտեսական պայմաններին համապատասխան լինեն»:

Արմեն` 26տ. «Այո, իհարկե կուզենամ, որ մեզ մոտ էլ լինի: Ընդհանրապես այսպիսի մի արտահայտություն կա. «Ամերիկան չի ռմբակոծում այն քաղաքները, որտեղ McDonald’s կա»: Սա կես կատակ-կես լուրջ, բայց ֆասթ ֆուդ Հայաստանում օգտագործում ենք` չնայած գիտենք, որ առողջության համար այնքան էլ լավ չէ: Մենք` հայերս, նման հակում չունենք ամբողջ օրը ֆասթ-ֆուդ ուտելու, դա արևելյան մշակույթ չէ, բայց կարելի է շաբաթը թեկուզ մեկ անգամ գնալ նման ռեստորան: Ես, համենայն դեպս, կողմ եմ, որ մեզ մոտ էլ բացվի McDonald’s: Ես ավելի շատ բրենդն եմ սիրում, քան հենց ուտելիքները, քանի որ առհասարակ համաշխարհային բրենդեր եմ սիրում: Ի վերջո դա արժեք է: Դե կարելի է ասել, որ McDonald’s-ն ինչ-որ յուրահատուկ համ կամ առանձնահատկություն չունի, նույնիսկ կարելի է ասել, որ Հայաստանում եղած ֆասթ-ֆուդի կետերն ավելի համեղ ու որակյալ սնունդ են առաջարկում, քան, օրինակ, McDonald’s-ը: Ուղղակի այն միջազգային հեղինակավոր ընկերություն է, գրեթե ամբողջ աշխարհում ներկայացված է, և ինչո՞ւ չլինի նաև մեզ մոտ` Հայաստանում: Ընդհանրապես կոչ եմ անում ֆասթ-ֆուդ չօգտագործել ամեն օր, բայց կարելի է երբեմն համտեսել: Վերջ ի վերջո այլևս այստեղից չենք հասնի Թբիլիսի, որ «չեք ին» լինենք ֆեյսբուքում: Հիշում եմ` տարիներ առաջ երբ մեր ընկերներից մեկը Մոսկվա էր գնում ու մեզ հարցնում էր` հետս ինչ բերեմ, ասում էինք` McDonald’s»:

Դավիթ` 25տ. «Բացի նրանից, որ ինքս սիրում եմ McDonald’s, յուրաքանչյուր օտարերկրյա կապիտալի մուտքին Հայաստանի Հանրապետություն կողմ եմ: Եթե ևս մի նոր ընկերություն է բացվելու, նոր աշխատատեղեր են ստեղծվելու, և նշված միջազգային բրենդն էլ ներկայանալու է նաև Հայաստանում, ուրեմն միայն ողջունելի է: Ես երևի յուրաքանչյուր երկիր գնալիս անպայման լինում եմ McDonald’s-ում. դե առաջին գործը, որ անում ես տվյալ երկիր գնալիս, McDonald’s այցելելն է լինում հատկապես երբ քաղցած ես լինում: Իհարկե, պահանջարկ կունենա Հայաստանում, ուղղակի փոքր է մեր շուկան: Երևանը, իհարկե, համարվում է միլիոնանոց քաղաք, բայց ամեն դեպքում փոքր է McDonald’s-ի համար: Այսինքն` կարող է մեկ-երկու տեղ լինել, բայց մեծ ցանց չի ձևավորվի հաստատ»:

Ռուբեն` 20տ.

004-ruben

«Կողմ ենք, իհարկե: Հաստատ տուրիստական տեսանկյունից էլ ձեռնտու կլինի. ինձ թվում է` շատ զբոսաշրջիկներ հենց McDonald’s-ից կօգտվեն, ինչպես ամբողջ աշխարհում: Օրինակ` երբ Ռուսաստանում էինք, այնտեղի McDonald’s-ներում ոչ միայն ռուսներ էին, այլև մի շարք արտասահմանցի զբոսաշրջիկներ: Պիտի նկատենք, որ Հայաստանում քիչ չէ պահանջարկը ֆասթ-ֆուդի նկատմամբ, և նման սպասարկման կետերն էլ օր օրի շատանում են: Հաստատ McDonald’s-ը չի զիջի իր պահանջարկով, եթե նույնիսկ չգերազանցի: Դե հա, հաստատ ամերիկյան կամ եվրոպական այլ երկրների նման մեծ չի լինի շարժը, բայց եթե բացվի, հաստատ կարդարացնի իրեն»:

Միքայել` 18տ

005-Miqayel

«Ես չեմ ուզում, իսկապես դեմ եմ, որ բացվի: Տարբեր երկրներում փորձել եմ, բայց ինձ դուր չի եկել: Որակը համապատասխան չէ այն չափանիշներին, որոնք ներկայացվում է հասարակությանը: «KFC»-ն ու «AFC»-ն ավելի համեղ են, ավելի որակյալ, քան McDonald’s-ը: Հետո էլ` դաշտում մոնոպոլիա կստեղծվի, որը պետք չէ հաստատ: Վաղը մյուս օրը կուզենան շաուրմայանոց բացել, չեն կարողանա այլևս (ժպտում է,- Ա. Ի.): Պահանջարկ իհարկե կլինի, բայց պետք չէ, որ McDonald’s-ը ներկայացված լինի նաև մեր երկրում` իմ կարծիքով»:

Մեր զրուցակիցներից մեկն էլ նշեց, որ ֆասթ-ֆուդին այնքան էլ կողմ չէ. « Որքան էլ գիրանալու հակում չունենանք, այնուամենայնիվ այն վնաս է առողջությանը: Ինձ թվում է` տուրիստների համար ցանկալի կլինի: Ես ինքս էլ կօգտվեմ. ուսանող եմ, միաժամանակ աշխատում եմ, ու հնարավոր չէ, որ երբեմն-երբեմն չօգտվեմ, բայց McDonald’s-ի այստեղ ներկայանալը ողջունելի է այնքանով, որ դա ևս մեկ քայլ կլինի մեր երկրի զարգացման, եվրոպական ու ամերիկյան չափանիշներին ինտեգրվելու ճանապարհին: Ամեն դեպքում McDonald’s-ի բացվելը Հայաստանում ճիշտ կլինի հաստատ: Պահանջարկ կունենա, իհարկե. հայերիս մոտ ընդունված է` ինչը պահանջարկ ունի ուրիշների մոտ, պետք է փորձենք և ունենանք նաև մենք: Զուտ բրենդի համար շատերը կգնան, կօգտվեն»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է