Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IDeA հիմնադրամը եւ National Geographic Partners-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

11:57 , 29 Մարտ 2016

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը եւ National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային եւ բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյուների վրա.

– շրջակա միջավայրին չվնասող մեթոդներ,

– աջակցություն մշակութային ժառանգության ու բնության պահպանությանը,

– սոցիալ-տնտեսական առավելությունների տրամադրում տեղի բնակչությանը:

Այս տարվա ապրիլի վերջին National Geographic Traveler ամսագրի խմբագիր Կոստաս Քրիստը կայցելի Հայաստան՝ National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատումն անցկացնելու համար:

Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից է: Նա աշխատում է National Geographic-ի զբոսաշրջային խմբի հետ, որտեղ հանդես է գալիս որպես կայուն զբոսաշրջության եւ National Geographic Unique Lodges of the World ցանցի արտերկրի աուդիտի ղեկավար:

Հայաստան կատարելիք հետազոտական այցի շրջանակներում Քրիստը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, համայնքների առաջնորդների, գործարարների եւ զբոսաշրջային օպերատորների հետ՝ գնահատելու Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման այնպիսի հնարավորությունները, որոնք կապահովեն երկրի տնտեսական աճը՝ միաժամանակ երաշխավորելով բնության եւ հարուստ մշակութային ժառանգության պահպանությունն ու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:

Սերտ աշխատելով IDeA հիմնադրամի հետ՝ Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության սկզբունքների եւ փորձի համաշխարհային չափանիշների վրա հիմնված խորհրդատվություն կտրամադրի:

«Լավագույն միջազգային փորձի եւ չափանիշների կիրառումը նոր տեղական նշաձողեր սահմանելու համար IDeA հիմնադրամի առանցքային սկզբունքներից են, եւ հիմնվելով այս մոտեցման վրա՝ մենք սկսում ենք աշխատանքը National Geographic Partners ընկերության հետ: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ մենք կբացահայտենք Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցները, որոնք կներառվեն IDeA-ի Զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ»,- ասել IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը:

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը կարող է հպարտ լինել իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Այդ ժառանգությունը պահպանելը եւ շրջակա միջավայրի մասին հոգ տանելն առանցքային նշանակություն ունի Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարության համար՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ապահովելու տեսանկյունից: Շուտով կսկսեմ աշխատել հեռուն նայող կազմակերպության՝ IDeA հետ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Կոստաս Քրիստը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ