Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ID քարտերով սպառման 1, 2, 3 տոկոսը վերադարձնելու բացասական հետևանքները

Վերադարձ լուրերի բաժին

18:00 , 08 Նոյեմբեր 2018

2020 թ. հունվարից ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող` ներդնել եկամուտների անհատական հայտարարագրման համակարգ։ Այսինքն, տարին ավարտվելուց հետո հարկային մարմինը յուրաքանչյուր քաղաքացու համար հայտարարագիր է պատրաստելու։

Այդ գործընթացի շրջանակներում, որպես «բոնուս», պետությունը մտադիր է ֆիզիկական անձ հանդիսացող հարկատուներին վերադարձնել տարվա ընթացքում կատարված գնումների որոշ մասը՝ առաջին տարում՝ 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդ տարում՝ 3%-ը։

Տեխնիկապես այդ գործընթացը կազմակերպվելու է անհատականացման քարտերի (ID քարտերի) միջոցով։ Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ:  «Մենք բոլորին կբաժանենք ID քարտը կարդալու հնարավորություն հսկիչ դրամարկղային մեքենային, որն էլ կիդենտիֆիկացնի գնորդին: Տարվա ընթացքում ինչքան գնումներ, որ կկատարենք, դրա առաջին տարվա համար 1 տոկոս կվերադարձնենք, 2-րդ տարին՝ 2  տոկոս, 3-րդ տարին՝ 3 տոկոս: Բայց պետք է ամեն ինչի մեջ խելամտություն լինի, այսինքն, պետք է ընտրենք այն օպտիմալ տոկոսադրույքը, որը կլինի նվազագույնը»,- ասել է Դավիթ Անանյանը:

«Այն համակարգը, որը մենք առաջարկելու ենք, օրինակ՝ տարին ավարտվելուց հետո որոշակի ժամանակ անց հարկային մարմինը պետք է հաշվարկի, ձեր եկամուտների տարեկան հայտարարագիրը պատրաստի և այդ տոկոսը տա Ձեզ: Հիմա, եթե Դուք Ձեր անվան դիմաց չեք ունենա գնումներ, մենք այդ գնումներին բաժին ընկնող տոկոսների վերադարձ չենք անի: Դուք եք ընտրում՝ ուզում եք այդ վերադարձն ունենալ, թե ոչ»,- ասել է նա:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ cashback տարբերակով գումարնե վերադարձնելու հետևանքով։ Ստորև ներկայացնում ենք Աշոտ Խուրշուդյանի գրառումը։

* * *

Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։ Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առևտուրն է։

Սրա բացասական տնտեսական հետևանքներն են՝ ֆիսկալ արժևորում ( fiscal revaluation – նույն հետևանքն է, ինչ դրամի արժևորումը), սպառման խթանում, սպառողական վարքագծի մոտիվացում, ոչ սպառողական վարքագծի դեմոտիվացում, ներմուծման խթանում, տեղական արտադրողի մրցունակության նվազեցում։

Այսպես, օրինակ անհատը, որը փողը խնայում է, նպետությունն այդ վարքագիծը չի խթանում, սակայն խթանում է նրան, որն այդ նույն գումարով գերադասում է գնել վերջին դասի բջջային հեռախոս։ Ավելին, քանի որ ավանդի դիմաց ստացված տոկոսային եկամուտը գանձվում է եկամտահարկով, իսկ հեռախոսի վաճառքում առկա է ԱԱՀ, ապա երկրորդ դեպքում պետությունը նվազեցնում է ԱԱՀ-ն, սակայն չի նվազեցնում խնայողությունից ստացված եկամտից հարկումը։ Ավելին, քանի որ առևտրի շատ կետեր աշխատում են հաստատագրված վճարով, ապա նրանք ոչ միայն ԱԱՀ չեն վճարում, այլ բոնուս են ստանում սպառողական վարքագիծ դրսևորելու համար։ Եթե սրան գումարենք նաև այն ակնհայտ փաստը, որ բարձր եկամուտ ունեցողի սպառումն ավելի շատ է, ուստի պետությունը նրան բյուջեից ավելի շատ միջոցներ է տրամադրելու, ապա նաև կխորանա անհավասարությունը։ Համարյա ռեգրեսիվ հարկ, որի կիրառման բազան սպառողական առևտուրն է ու մեխանիզմը անուղղակի հարկավորումն է՝ անկախ նրանից թե եկամտահարկից եք հանում, թե ուղղակի եք այդ ծախսի մասնաբաժինը փոխհատուցում։

Այս ամենից առավել մտահոգողը ամեն դեպքում ֆիսկալ արժևորումն է, այն դեպքում, երբ Հայաստանին այս պահին թթվածնի նման անհրաժեշտ է ֆիսկալ արժեզրկման քաղաքականություն։ Սա մի քիչ դժվար է ոչ տնտեսագետին մեկնաբանելը, ասեմ, որ անուղղակի ու ուղղակի հարկերի փոփոխության հարաբերության մասին է խոսքը։ Պարզ լեզվով, պատկերացրեք, որ արտաքին առևտրի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ դրամը արժևորվի կամ արժեզրկվի, ու այս քաղաքականությամբ, որոշվել է «դրամը արժևորել»։ Սա դանդաղ, բայց հաստատակամ կվնասի տեղական արտադրողներին ու կխթանի սպառումն ու ներմուծումը։

Հույս ունեմ, որ գործադիր իշխանությունում վարչարարությունից զատ կքննարկվի նաև ցանկացած որոշման տնտեսական հետևանքները։ Տարիներ շարունակ ֆիսկալ քաղաքականության տնտեսական բաղադրիչը անտեսվել է, նույն պրակտիկան չի կարելի շարունակել։

Այս պահին նշեցի որոշման բացասական հետևանքների մասին։ Նշվում է, որ սա անհրաժեշտ է ստվերի դեմ պայքարի կամ նման այլ վարչարարակն թիրախների համար։ Խնդրեմ, նշեք, թե սրա հետևանքով ինչքան է լինելու դրական ազդեցությունները, որպեսզի կշեռքի նժարին կարողանանք երկուսն էլ դնենք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]