Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:11 , 17 Մայիս 2018

Անկախացումից ի վեր՝ Հայաստանի թերևս բոլոր իշխանությունները հայտարարել են, որ ձգտում են օգտագործել Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Ներկայիս իշխանությունը ևս բացառություն չի, ինչպես իր ելույթի ժամանակ Ազգային Ժողովում, այնպես էլ օրեր առաջ Ադլերում՝ ռուսաստանահայերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ակնկալում են ներդրումներ Սփյուռքից։

Ցանկության դեպքում միջին և խոշոր ներդրողները ուղղակի ներդրումներով միշտ էլ կարող են բիզնես սկսել Հայաստանում, սակայն ինչպես վարվի միջին տիպական ամերիկահայ Ջորջ Համամչյանը[1], ով բժիշկ է, ունի ասենք 50,000 ԱՄՆ դոլար խնայողություն և ցանկանում է ներդրում կատարել հայրենիքում՝ հանդես գալ որպես պասիվ ներդրող։ Պարզվում է, Ջորջը շատ այլընտրանքներ չունի` կամ պետք է որպես ավանդ ներդնի բանկում, կամ ձեռք բերի ֆինանսական կազմակերպությունների թողարկած պարտատոմսերըը, կա՛մ լավագույն դեպքում ձեռք բերի հայաստանյան եվրաբոնդեր։ Այսինքն, Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար։

Ի՞նչ է հուշում միջազգային փորձը

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Լիբանանը, Շրի Լանկան, Նիգերիան և այլն, որոնք ունեն մեծ սփյուռք, կիրառում են մի ֆինանսական գործիք, որը կոչվում է սփյուռքի պարտատոմսեր (diaspora bonds)։ Դրանք երկարաժամկետ պարտատոմսեր են (ընդհուպ մինչև 20 տարի), որոնք թողարկվում են պետական կամ քվազի պետական կառույցների կողմից՝ մեծամասամբ իրականացնելով պարտատոմսերի մանրածախ վաճառք  և թիրախային լսարան ընտրելով իրենց սփյուռքը։

Իսրայել

1951թ-ին, Իսրայել պետության ստեղծումից ընդամենը երեք տարի անց, ստեղծվել է «Development Corporation for Israel» գլոբալ կազմակերպությունը՝ իր լիցենզավորված ենթակա ընկերություններով ԱՄՆ-ում (Development Company for Israel, Ltd) և Կանադայում (Canada-Israel Securities, Ltd), որը պարբերաբար թողարկում է Իսրայելի պետական պարտատոմսեր և հիմնականում տեղաբաշխում է հրեական սփյուռքի շրջանում։ Պետք է նշել, որ թողարկման հենց առաջին տարում՝ 1951թ-ին, հնարավոր է եղել ներգրավել մոտ 52 մլն ԱՄՆ դոլար (համարժեք է այսօրվա 437 մլն ԱՄՆ դոլարին), իսկ  մինչ հիմա, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ներգրավել շուրջ 41 մլրդ ԱՄՆ դոլար՝ ուղղելով Իսրայելի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այդ 41 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պարտատոմսերի 75%-ը ձեռք են բերել մանրածախ գնորդները՝ այսինքն հիմնականում հրեական սփյուռքի ներկայացուցիչները։ Ընդ որում՝ պատերազմական իրավիճակներում այդ պարտատոմսերի վաճառքի ծավալը նույնիսկ ավելացել է, (օրինակ, 1967թ-ի եգիպտաիսրեալական 6-օրյա պատերազմի ժամանակ), ինչը խոսում է գնորդների բարձր հայրենասիրության մասին։

Ներկայումս, ցանկացողները կարող են ձեռք բերել դոլարային պարտատոմսեր սկսած 100 ԱՄՆ դոլարից, 2-10 տարի ժամկետով և 2.81-4.26% եկամտաբերությամբ։

 Հնդկաստան

Հնդկաստանը սփյուռքի պարտատոմսերի թողարկումը կազմակերպում է Հնդկաստանի Պետական Բանկի (State Bank of India) միջոցով, որն իր հերթին պարտատոմսերի տեղաբաշխման (վաճառքի) հարցում համագործակցում է միջազգային բանկերի հետ։ Ի տարբերություն Իսրայելի, Հնդկաստանի սփյուռքի պարտատոմսերի թողարկում միշտ պայմանավորված է եղել որևէ հստակ իրադարձությունով՝

– 1991թ, Indian Development Bonds (5 տարի ժամկետով) – 1.6 մլրդ ԱՄՆ դոլար, նպատակը մեղմել վճարային հաշվեկշռի ճգնաժամը,

– 1998թ, Resurgent India Bonds (5 տարի ժամկետով) – 4.2 մլրդ ԱՄՆ դոլար , նպատակը շրջանցելու ատոմային ռումբի փորձարկումների պատճառով դրված միջազգային սանկցիաները,

– 2000թ, India Millennium Deposits (5 տարի ժամկետով) – 5.5 մլրդ ԱՄՆ դոլար, նպատակը շրջանցելու ատոմային ռումբի փորձարկումների պատճառով դրված միջազգային սանկցիաները:

Հայկական իրականությունը

Մինչև վերջերս, Ջորջը և մյուսները, մի շարք օբյեկտիվ և առասպելականացված պատճառներով վստահություն չեն ունեցել Հայաստանի ֆորմալ և ոչֆորմալ ինստիտուտների նկատմամբ և նրանցից շատերը միշտ պնդել են, որ պատրաստ են Հայաստանում բարեգործություն անելու, բայց ոչ բիզնես/ներդրում։ Վերջին քաղաքական իրադարձություններից հետո, թվում է թե այդ վստահության անջրպետը կոտրվել է և մարդիկ պատրաստ են ներդրումներ կատարել։

Քննարկենք, նույն Ջորջի օրինակը, դիցուք նա ունի երկու ռիսկի առումով չեզոք այլընտրանք՝ իր ունեցած 50,000 ԱՄՆ դոլար խնայողությունը 8 տարի ժամկետով որպես ավանդ 0.75% տարեկան տոկոսադրույքով ներդնելու  Bank of America-ում, կամ  ձեռք բերելու 8 տարի ժամկետով և 3% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր՝ թողարկված ՀՀ-ի կողմից։ Հավանականությունը շատ մեծ է, որ Ջորջը լինելով հայրենասեր և ֆինանսապես գրագետ անձնավորություն իր խնայողությունների գոնե մի մասը կուղղի պարտատոմսերի ձեռքբերմանը։ Ընդ որում՝ սա win-win գործարք է և՛ Ջորջի, և՛ Հայաստանի համար, որովհետև 3% տոկոսադրույքով միջոցները բավականին գրավիչ են երկրի համար եթե հաշվի առնենք Հայաստանի եվրաբոնդերի տոկոսադրույքը (6%)։

Թե ինչպես և ինչ ծավալով կարելի է սփյուռքի պարտատոմսերի թողարկում կազմակերպել լրացուցիչ մասնագիտական քննարկման առարկա է, այնպես ինչպես՝ որտե՞ղ պետք է road show իրականացվի, ԱՄՆ-ում կազմակերպություն գրանցել պետք է, թե չէ, SEC-ի լիցենզիա պետք է, թե չէ, ամեն տարի պետք է թողարկվի, թե ավելի ուշ-ուշ և այլն։

Իհարկե, ոչ պակաս կարևոր հարց է, թե տնտեսության որ ճյուղերում պետք է այդ ֆինանսական միջոցները ներդրվեն, հաջորդ հրապարակմամբ կփորձեմ իմ տեսակետներով կիսվել նաև այդ հարցի շուրջ, բայց միանգամից ասեմ, որ դեմ եմ համազգային ջանքերով «Նաիրիտի» վերագործարկման գաղափարին (վստահ եմ այդպիսի առաջարկ կհնչի ։) )։

[1] Անուն, ազգանունը հորինված է

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։