Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կլինի տպավորիչ առաջին եռամսյակից հետո

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 12 Հունիս 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ, 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների հետ միասին, հրապարակեց նաև Հայաստանի համախառն ներքին արդյունքի տվյալները՝ առաջին եռամսյակի համար (հիշեցնենք, որ ԱՎԾ-ն ՀՆԱ-ի տվյալները հրապարակում է եռամսյակը մեկ և որոշակի ուշացումով)։

Եվ այսպես, 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6.5%: Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 6.6%-ով (ինչպես տեսնում եք, ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի աճի ցուցանիշերն իրարից շատ չեն տարբերվում)։ 6.5% տնտեսական ակտիվության աճ՝ առաջին եռամսյակում. սա վատ ցուցանիշ չէ։ 2016թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպը 4.4% էր, 2015թ. առաջին եռամսյակում՝ 2.2%: Ինչպես տեսնում եք գծապատկերում, վերջին 5 տարիներին առաջին եռամսյակում ավելի բարձր աճ գրանցվել է միայն 2013թ.՝ 7.5%:

Ուշագրավն այն է, որ մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո ավելի շատ քննարկվում է ոչ թե արդեն առկա պատկերը, այլ՝ ինչ կլինի հետո։ Օրինակ, ներդրումային ոչ այնքան բարվոք ցուցանիշները ոմանց համար հիմք են հանդիսանում՝ ասելու համար, որ այս տարի կառավարության խոստացած 830-840 մլն դոլարի ներդրումների խոստումն իրականություն չի իրականում, միայն առաջին եռամսյակի տվյալները շատ քիչ են՝ ամբողջ տարվա համար կանխատեսումներ անելու համար։

Որպես ասվածի վառ օրինակ՝ ծառայում է հենց նույն գծապատկերը, որտեղ 2012-2016թթ. համար համադրել ենք տնտեսական աճի եռամսյակային և տարեկան ցուցանիշները։

Օրինակ, 2012թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4.7% ՀՆԱ աճ, մինչդեռ տարվա կտրվածքով աճի տեմպը շատ ավելի բարձր է եղել՝ 7.2%: Հաջորդ տարում՝ 2013թ., առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպը եղել է 7.5%, սակայն տարվա կտրվածքով աճը կազմել է 3.3%:

Շատ հեռու չգնանք՝ 2016թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը 4.4% էր, բավականին լավ էինք սկսել, սակայն տարին փակվեց ընդամենը 0.2% աճով։ Գծապատկերին նայելիս այնպիսի օրինաչափություն է նկատվում, որ որքան առաջին եռամսյակի ցուցանիշը լավն է, այնքան տարվա ցուցանիշը վատն է լինում։ Ու այդ տրամաբանությամբ՝ այս տարի պետք է տնտեսական անկում ունենանք։ Սակայն սա ընդամենը զուգադիպություն է, և նման «պատճառահետևանքային կապ» իրականում չկա։

Այս ամենը գրում ենք, որպեսզի պարզ դառնա՝ միայն տարվա առաջին եռամսյակի տվյալների հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ չի կարելի անել (էլ չենք խոսում՝ միայն հունվարի կամ փետրվարի մասին)։ Կանխատեսումներով զբաղվողները հաշվի են առնում բազմաթիվ պարամետրեր՝ ինչպես նախորդ տարվա բազան, այնպես էլ ընթացիկ վիճակն ու ներկա և ապագա գործոնները։ Այսքանով հանդերձ՝ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, որովհետև դրանք անընդհատ վերանայելու ու ճշգրտելու անհրաժեշտություն է առաջանում։ Այդ իսկ պատճառով, կանխատեսումներ անելուց զերծ կմնանք։ Սակայն թեթև ու մոտավոր կարծիք կարելի է հայտնել՝ այս տարի սպավող տնտեսական ակտիվության մակարդակի մասին։

Նախ՝ հիշեցնենք, որ կառավարությունն այս տարվա համար կանխատեսել է (ըստ պետական բյուջեի) 3.2% տնտեսական աճ։ Կհաջողվի՞ ապահովել այս ցուցանիշը, թե՞ ոչ՝ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն հաջորդ ամիսները, կհաջողվի՞ ապահովել խոստացված ներդրումները, կկատարվե՞ն լուրջ բարեփոխումներ՝ մրցակցային միջավայրի բարելավման համար, և այլն։

Իհարկե, շատ բան կախված է նաև արտաքին գործոններից՝ պղնձի գներից և նավթի գներից (որոնք անուղղակիորեն ազդում են մեր տնտեսության վրա՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների տեսքով)։  Սակայն ամեն դեպքում՝ պետք է նկատի ունենալ, որ մի կողմից՝ առաջին եռամսյակի 6.5% աճը նախատեսվածից բարձր ցուցանիշ է, մյուս կողմից՝ 2016թ. երկրորդ կեսում տնտեսությունն անկում էր ապրում։ Այսինքն՝ բազային ցուցանիշները ցածր էին, և դրանց համեմատ աճ ստանալն ավելի հեշտ է։ Կարճ ասած, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրադարձություններ չկատարվեն, ապա հավանականությունը, որ 3.2% աճն այս տարի կապահովվի, բավականին բարձր է։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Համաշխարհային բանկը ներկայացրել էր տնտեսական աճի հերթական կանխատեսումները Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների համար։ Ինչպես նշվում էր ՀԲ-ի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում, Հայաստանն այս տարի կունենա 2.7% տնտեսական աճ։ Հունվարին ՀԲ-ն նույնպես 2.7% աճ էր կանխատեսում։ Այսինքն՝ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության տպավորիչ աճը Համաշխարհային բանկին չի ոգևորել, և այս կառույցի փորձագետներն առայժմ չեն հավատում, որ տարվա վերջին 3.2% տնտեսական աճ կունենանք։

Մյուս կողմից՝ կանխատեսման անփոփոխ թողնելը կարելի է որպես լավ նորություն ընդունել, որովհետև տարածաշրջանի մյուս երկրների համար ՀԲ-ն վերանայել է կանխատեսումները՝ նվազման ուղղությամբ։ Այսպես, Վրաստանում 2017թ. տնտեսական աճը կկազմի 3.5% (հունվարյան կանխատեսումը 5.2% էր), իսկ Ադրբեջանը տարին կփակի 1.4% տնտեսական անկումով (1.2% աճի փոխարեն)։

Վերադառնալով Հայաստանի՝ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշներին՝ նշենք, որ ՀՆԱ-ի ծավալը կազմել է 971.9 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, և 949.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի գներով։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2017թ. I եռամսյակում կազմել է 325.7 հազար դրամ կամ 727.7 դոլար։

ՀՆԱ-ի աճին ամենից շատ նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը (3.3 տոկոսային կետով)։ Արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան) ՀՆԱ-ի աճին նպաստել է 2.8 տոկոսային կետով։ Իսկ շինարարության և գյուղատնտեսության ոլորտները ՀՆԱ աճի տեմպի վրա բացասական ազդեցություն են ունեցել, համապատասխանաբար, -0.5 և -0.2 տոկոսային կետով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար