Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

7 ուղղություն, որով կարող են զարգանալ Հայաստան-Իրան հարաբերությունները. Վարդան Ոսկանյան

Վերադարձ լուրերի բաժին

17:53 , 22 Հունվար 2016

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո վերջինիս հետ տնտեսական փոխհարաբերությունների դաշտում մեզ համար հրապուրիչ և մրցակցային պայմաններ կարող ենք ակնկալել մի քանի ոլորտներում:

– Պրն. Ոսկանյան, կարո՞ղ եք այդ ոլորտներից մի քանիսն առանձնացնել։

– Խոսքն առաջին հերթին վերաբերում է Իրանի բանկային ոլորտի արդիականացման գործընթացին: Հաշվի առնելով Հայաստանում բանկային համակարգի բավական զարգացած բնույթը և Իրանի տվյալ համակարգում առկա խնդիրները՝ մեր բանկային մասնագետները կարող են լրջորեն մասնակցել հարևան երկրի բանկային համակարգի արդիականացման գործընթացին: Ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ մարդկային ներուժի առումով մենք ունենք բավական լավ մրցակցային պայմաններ՝ Իրանում այդ արդիականացման ընդհանուր գործընթացին մասնակցելու համար:

Մյուս կարևոր ուղղությունը, որից Հայաստանը, անշուշտ, ակնկալիքներ ունի,  էներգետիկ ոլորտն է, հայ-իրանական էներգետիկ համագործակցության դաշտը, որտեղ մենք արդեն իսկ ունենք համագործակցության շատ դրական և հաջողված փորձ և կարող ենք այս ուղղությամբ ևս աշխատանքներ տանել:

Երրորդը հաղորդակցության ուղիների խնդիրն է, որտեղ կա երկու դաշտ: Դա ավտոմայրուղու խնդիրն է՝ մասնավորապես, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, և իրանական կողմում Ջուլֆայից մինչև հայկական սահման ընկած հատվածի ճանապարհների արդիականացումը, որը հնարավորություն կտա երկու երկրները կապել ավտոմայրուղով Պարսից ծոցից մինչև Սև ծով ընկած հատվածում:

Հաջորդն այս նույն դաշտում Հայաստան-Իրան երկաթուղու խնդիրն է, որը կրկին չափազանց արդիական է, և որը չունի որևէ քաղաքական խոչընդոտ: Դրա միակ խնդիրը ֆինանսավորման հայթայթումն է, և իրանցիները, ստանալով լրացուցիչ ֆինանսական միջոցներ, միգուցե կարողանան որոշակի հատված հատկացնել այս ծրագրի իրականացմանը, որը նախևառաջ ունի աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:

Հաջորդը, կարծում եմ, իրանական ներդրումներն են Հայաստանում: Այդ մասին Իրանի փոխնախագահն էլ է հայտնել Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ՝ հաշվի առնելով մրցակցային այն լավ պայմանները, որ Հայաստանում արտադրված ապրանքը կարող է տեղ ունենալ թե՛ ԵՏՄ շուկայում, թե՛ եվրոպական շուկայում, քանի որ մենք ունենք արտոնյալ առևտրի համապատասխան համաձայնագիր Եվրոպական միության երկրների հետ ևս, որը չունի Իրանը:

Մյուս ոլորտը, որ երկու երկրների հարաբերություններում կարևորագույն դերակատարություն կարող է ունենալ և հիմա էլ ունի, զբոսաշրջությունն է: Ընդ որում՝ զբոսաշրջության ոլորտն ընդլայնելու հնարավորություն մենք ունենք՝ նաև Հայաստանի մշակութային գրավչությունն ավելի լավ ներկայացնելով Իրանին, քանի որ իրանցիների մեջ բացի զվարճանքի տուրիզմի ձգտողներից՝ հսկայական խավ կա, որը մշակութային տուրիզմի կողմնակից է, և որի համար Հայաստանը դեռևս բացահայտված երկիր չէ այս իմաստով:

Եվ ինչո՞ւ չէ, մենք ունենք նաև բավական լավ բարձրագույն կրթական համակարգ, որը կարող է սպասարկել Իրանի երիտասարդ բնակչության և կրթություն ստանալ ձգտող խավի պահանջները՝ ապահովելով նրանց համար առնվազն ոչ պակաս որակյալ կրթություն, քան նրանք դա կարող են ստանալ Իրանում, իսկ շատ դեպքերում նաև ավելի որակյալ, քան Իրանում:

– Իսկ ի՞նչ եք կարծում, արտաքին առևտրի մասով մեր երկու երկրների համագործակցությունը որքանո՞վ կարող է ստացվել:

– Գիտեք, Իրան արտահանելու տեսանկյունից Հայաստանն այնքան էլ մեծ ծավալ չի կարող ապահովել: Իհարկե, տնտեսագետները միգուցե ավելի լավ իմանան դա: Օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում Իրանն ինքը արտահանող երկիր է: Կամ, օրինակ, ալկոհոլային խմիչքների առումով բնական է, որ Հայաստանը չի կարող Իրան արտահանում ունենալ, որովհետև այն մահմեդական երկիր է: Իսկ մյուս ոլորտներում, անկեղծ ասած, այդքան էլ տեղեկացված չեմ, թե մենք ինչ ենք արտահանում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրիպտոարժույթները չեն կարող մրցակցել ազգային արժույթների հետ. ԿԲ դիրքորոշումը «ֆինանսական փուչիկ» որակվող երևույթի մասին

Կրիպտոարժույթները որակվում են որպես ֆինանսական փուչիկ (bubble), ինչը ենթադրում է, որ տվյալ ապրանքի կամ ծառայության գինը շատ ավելի չափազանցված և ուռճացված է, քան իր իրական գինը

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ

ՓՄՁ – Կառավարություն երկխոսության առաջին ծիլերը

Փոքր և միջին բիզնեսին հուզող կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Հակոբ Ավագյանի հետ