Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եկամուտների հայտարարագրումը և մենք

Վերադարձ լուրերի բաժին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ:

Թեման օրակարգում էր հայտնվել դեռևս 2018 թ․-ին, սակայն հանրության ճնշումների ներքո գործընթացը սառեցվել էր։ Ներկայումս, ինչպես նշեց վարչապետն իր խոսքում՝ բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար իրենք պետք է ունենան քաղաքական կամք։

Ստորև ներկայացված է թե ինչ է իրենից ներկայացնում եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, ինչ գործիքակազմ է կիրառվում աշխարհում և ընդհանուր առմամբ ինչ կտա համակարգի ներդրումը Կառավարությանը և հանրությանը։

Հայտարարագրումը քաղաքացու կողմից ներկայացրած հայտարարությունը կամ ծանուցումն է իր եկամուտների և գույքի վերաբերյալ, որն օրենսդրության պահանջով ներկայացվում է պետական մարմիններին։ Հարկային հայտարարագիրը հարկման ենթակա եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունն է, մաքսային հայտարարագիրը՝ սահմանով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ գույքային հայտարարագիրը՝ հարկման ենթակա օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ։

Ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգն ուղղակի հարկերի վարչարարության լավագույն գործիքներից է ամբողջ աշխարհում: Այս համակարգը ներդրված է բազմաթիվ զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, ԱՄՆ և այլ։ Այս երկրներում այն գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը թե՛ որպես հարկերի հավաքագրման, թե՛ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները կիրառում են հայտարարագրման հետևյալ 2 ուղղություններից մեկը.
Հասարակ հայտարարագրում, որի դեպքում հայտարարատու ֆիզիկական անձը տվյալները լրացնում է ինքնուրույն ու ներկայացնում համապատասխան մարմնին։ Նման պրակտիկա է գործում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Նախապես լրացված հայտարարագրերի համակարգ, որի դեպքում հայտարարագրերի լրացման պարտականությունը դրված է լիազոր մարմնի վրա, որից հետո այն ուղարկվում է ֆիզիկական անձին թերությունները շտկելու և փոփոխություններ իրականացնելու համար։ Այս մոտեցումը առկա է Շվեդիայում, Էստոնիայում և Սլովենիայում։
Եկամուտների և գույքի ամենազարգացած համակարգը գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ յուրաքանչյուր ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձ պարտավոր է մինչև հաշվետու տարվա ապրիլի 15-ը նախորդ հարկային տարվա համար լրացնել և ներկայացնել հայտարարագիրը։ ԱՄՆ հարկային հայտարարագրի պաշտոնական անվանումը «tax return»-ն է, որը պարունակում է միայն եկամուտների մասով տեղեկատվություն։ Հարկերի հավաքագրման ճշգրտության համար ԱՄՆ եկամուտների կառավարման ծառայությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է ներկայացված հայտարարագրերի տվյալների ստուգում, իսկ անճշտությունների դեպքում նախատեսված են վարչական և քրեական պատասխանատվություններ հայտարարագրողի նկատմամբ։

Էստոնիայի պարագայում՝ ի տարբերություն մնացած երկրների, Հարկային և մաքսային խորհուրդը հայտարարագրի ձևաչափն ուղարկում է հայտարարատու ֆիզիկական անձին, որտեղ լրացված են անձի անձնական տվյալները, եկամտային հարկի գումարի չափը, որը ներկայացրել է հայտարարատուի գործատուն, իսկ հայտարարատուն ստուգելով տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը լրացնում է բաց թողնված տվյալները։ Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Էստոնիայում, օրենսդրությամբ սահմանված են դեպքեր, երբ ռեզիդենտ ֆիզիկական անձը պարտավոր չէ ներկայացնել հայտարարագիր, եթե ստանում է սահմանված շեմից՝ 6,000 եվրոյից, ցածր եկամուտ կամ, օրինակ՝ օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակ և այլ չհարկվող եկամուտ։

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգը թույլ է զարգացած, և հիմնականում կիրառվում են բարձրաստիճան պաշտոնատար անձնանց եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմներ։

Եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգը ոչ միայն հարկային եկամուտների հաշվարկման, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից է, որը կիրառվում է նաև ՀՀ-ում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարագայում։ Հայտարարագրման համակարգի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի, արդյունավետության մասին կան բազում միջազգային հրապարակումներ և զեկույցներ։ Մասնավորապես՝ Ռ. Մուխերջին և Օ. Գոկցեկուսը, հիմվելով 16 երկրների կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի վրա, բացահայտել են, որ որքան ավելի վաղ են երկրում ներդրվել եկամուտների և գույքի հայտարարագրման պահանջի վերաբերյալ դրույթները, այնքան ավելի բարձր է կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը տվյալ երկրում և որքան ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսված հայտարարագրման պահանջների խախտման համար, այնքան ավելի քիչ է կոռումպացված այդ երկիրը։

Հայաստանի պարագայում ներկա փուլում նախատեսվում է 2 սկզբունքային փոփոխություն իրականացնել: Դրանցից մեկը գույքահարկի նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը:

Կորոնավիրուսային համավարակով ստեղծված իրավիճակն էլ ավելի սրեց փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը ՀՀ-ում, և հակաճգնաժամային ծրագրերի իրականացման գործընթացն էլ, ըստ երևույթին, կառավարությանը դրդեց նորից օրակարգ բերել հանրության համար շատ զգայուն այս թեման։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրեր իրականացնելիս Կառավարությունը բախվեց անորոշության, երբ չգիտեր՝ ով իրապես կարիք ունի աջակցության, և ով ոչ։ Արդյունքում՝ եղան քաղաքացիներ, ովքեր աջակցությունից օգտվեցին դրա կարիքը չունենալով, և հակառակը։

Ընդ որում՝ Կառավարությունը ներկայում փորձելու է ներդնել մի համակարգ, որը կպարունակի ամբողջ բնակչության հարկային հաշվետվությունները։ 2018թ․-ին առաջարկվել էր ներդնել ID-քարտերը որպես կուտակային քարտեր օգտագործելու մեխանիզմ, որով գնումներ կատարելով՝ քաղաքացիների հարկային հաշվին գնումներից տոկոսներ էին կուտակվելու։ Կուտակված գումարը միայն տարեվերջին հնարավոր էր լինելու կանխիկացնել։ Առաջին տարին ՊԵԿ-ը ծրագրում էր վերադարձնել 1 տոկոսը, երկրորդ տարին՝ 2 տոկոսը, իսկ երրորդ տարվանից սկսած՝ 3 տոկոսը։ Իհարկե այս նախագիծը քննարկումների փուլից առաջ չանցավ, սակայն հավանական է, որ ՊԵԿ-ը վերանայելով այս մեխանիզմը, այն ներկայացնի հանրությանը։

Համատարած հայատրարագրումը, ի թիվս շատ դրական հետևանքների, կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ՝ սպառողական վարքագծի փոփոխության տեսքով, այդ թվում՝ սպառման և ներմուծման խթանման։ Միևնույն ժամանակ, որպես դրական կողմ կարելի է նշել այն, որ քաղաքացիները նախագծի ընդունումից հետո ակտիվորեն պահանջելու են մանրածախ առևտրի գրանցում ՀԴՄ կտրոնների միջոցով, իսկ հարկային ծառայությունը կարողանալու է տեսնել առևտրի կետերի իրական շրջանառությունը։

Այսպիսով, հաշվի առնելով միջազգային պրակտիկայում հայտարարգրման մեխանիզմների ուսումնասիրությունը և Հայաստանի առանձնահատկությունները, կարծում ենք, որ նպատակահարմար կլինի սկզբնական շրջանում ներդնել ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով եկամուտների և գույքի հայտարարագրման պիլոտային համակարգ, որի ներդրմամբ հնարավոր կլինի շտկել առկա թերությունները։ Հետևելով Էստոնիայի փորձին՝ Հայաստանում նույնպես պետք է սահմանել հայտարարագրման ենթակա եկամուտների նվազագույն շեմ, որից ցածր մակարդակի դեպքում հայտարարագրում չի պահանջվի։ Բացի այդ, կենսաթոշակառուների դեպքում, ովքեր չունեն հավելյալ եկամուտ ևս հայտարարագրման անհրաժեշտության կարիք չպետք է լինի։ Ըստ էության, բնակիչներին ճիշտ մոտիվացնելու պարագայում օրինակ գումարների վերադարձի (cash back) սխեմայի առկայությամբ հնարավոր է հասնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի արդյունավետ ներդրմանը։ Բացի այդ, ցանկացած ռեֆորմի հաջողության գրավականն է նաև դրա ճիշտ մատուցումը հանրությանը և իրականացման ճիշտ քայլերի հաջորդականությունը։

Հեղինակ՝ Մերի Հովսեփյան, EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը:

Աշխարհում առևտրաշրջանառությունը նվազել է

Համաշխարհային առևտուրը 2020 ապրիլին նախորդ ամսվա համեմատ նվազել էր 12,1 տոկոսով։