Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

3 առաջարկ՝ վարչապետին և կառավարությանը

Վերադարձ լուրերի բաժին

11:11 , 20 Ապրիլ 2017

Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է տնտեսական լրագրության դերը և տարբեր առիթներով ընդգծել է որակյալ տնտեսական վերլուծությունների կարևորությունը, կարծում ենք՝ այս առաջարկները ընդունելի կլինեն։

Բանն այն է, որ որակյալ վերլուծություն կամ հետաքննություն կատարելու համար անհրաժեշտ են ոչ միայն համապատասխան գիտելիքներ, այլև տվյալների հասանելիություն։ Ու քանի որ ամենակարևոր խնդիրներից մեկը մրցակցային միջավայրի բարելավումն է, ապա մասնավոր (հատկապես խոշոր) ընկերությունների գործունեության տվյալները պետք է հասանելի լինեն լրագրողներին և վերլուծաբաններին։ Խոսքը, բնականաբար, չի վերաբերում առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը։

Այդ տեսանկյունից՝ մենք ունենք 3 կոնկրետ առաջարկ։ Ի դեպ, այս առաջարկները մեկ տարի առաջ նույնպես հնչեցրել ենք, սակայն իրական արձագանք կառավարության կողմից չի հետևել։

1. Խոշոր ընկերությունների հաշվետվություններ

2014 թվականին խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը վերացվեց, սակայն ֆինանսական հաշվետվությունների պահանջը մնաց ուժի մեջ։  «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն՝ խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները (խոշոր կազմակերպության սահմանումը մնացել է նույնը՝ 1 մլրդ դրամի ակտիվներ կամ շրջանառություն):

Օրենքի այս պահանջը արդեն 3 տարի է խախտվում է, քանի որ դրա կիրարկումն ապահովելու մեխանիզմներ չկան։ Ընկերությունների մեծ մասը կարող են հայտարարել, որ հաշվետվությունները տպագրել են գրքույքկների ձևով և տարածել։

Եթե կառավարությունն իրոք նպատակ ունի ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն, ապա պետք է քայլեր ձեռնարկի՝ այս խնդիրը լուծելու ուղղությամբ։

Մենք առաջարկում ենք. բոլոր այն խոշոր ընկերությունները, որոնց հաշվետվություններն իրենց կայքերում չկան, պարտավոր են էլեկտրոնային տարբերակով տրամադրել իրենց վերջին 3 տարիների ֆինանսական հաշվետվությունները։ Դրանք կարող են հրապարակվել կառավարության, ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ-ի կայքերում։ Եթե դա տեխնիկական դժվարությունների հետ է կապված, ապա մեր կայքը՝ B4B.am-ը, պատրաստ է անվճար տեղադրել բոլոր հաշվետվությունները՝ բոլոր հետաքրքվողների համար բաց և հասանելի տարբերակով։

Լրացում – Ի դեպ, կառավարությունը պատրաստվում է վերադարձնել պարտադիր աուդիտի պահանջը, սակայն դա միայն մասամբ է լուծելու այս խնդիրը։ Որովհետև նախ՝ շրջանառության ու ակտիվների շեմը բարձրացվել է մինչև 2 մլրդ դրամ, և աուդիտի պահանջը վերաբերելու է ավելի քիչ թվով ընկերությունների (մոտ 300 ընկերություն), և երկրորդ՝ դրանով չի լուծվելու 2014-2016թթ. չհրապարակված հաշվետվությունների խնդիրը։

2. Պետռեգիստրի տվյալներ

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի (e-register.am) ծառայությունները վճարովի են։

E-register.am-ը անվճար տարբերակով սահմանափակ տեղեկատվություն է տրամադրում ընկերությունների բաժնետերերի և հիմնադիրների վերաբերյալ (ընդամենը հիմնադիրների անվանումը և քաղաքացիությունը)։ Առավել խորը տեղեկատվությունը (ով որքան բաժնեմաս ունի և ինչ փոփոխություններ են եղել) վճարովի է և բավականին թանկ արժե։

Թվային տեխնոլոգիաների այս դարում, երբ տեղեկատվության մշակման համար մարդկային աշխատանք չի պահանջվում, ռեգիստրի տվյալների «պրայս–լիստը» անհասկանալի է։

Նշենք նաև, որ այս հարցը տարբեր առիթներով քննարկել ենք մի շարք պաշտոնյաների հետ, որոնք համակարծիք են եղել, որ ծառայությունների սակագները վերանայման կարիք ունեն (իհարկե, ամենացանկալի տարբերակը դրանք անվճար դարձնելն է՝ գոնե լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների համար)։

3. Բաժնետիրական ընկերությունների ռեեստր

Եթե ՍՊԸ-ների դեպքում վճարովի տարբերակով կարելի է տեղեկատվություն ստանալ հիմնադիրների մասին, ապա բաժնետիրական ընկերությունների դեպքում դա պարզապես անհնար է։

ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է միայն իրենց՝ բաժնետերերին։

Քանի որ խոշոր ընկերությունների մի զգալի մասը բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեն, հասարակությունը զրկված է դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքից։

Առաջարկում ենք օրենսդրական փոփոխությունների միջոցով բացել այս տեղեկատվությունը։

– – –

Նշված քայլերի իրականացումը լրացուցիչ ռեսուրսներ չի պահանջում և հնարավոր է շատ կարճ ժամանակում։ Փոխարենը՝ դա թույլ կտա լրագրողներին և վերլուծաբաններին ավելի արդյունավետ կերպով ուսումնասիրել գործարար միջավայրի զարգացումներն ու վեր հանել խնդրահարույց կետերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին