Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով է կենտրոնացված ՀՀ բանկային վարկերի շուկան

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը հրապարակել են 2019 թվականի 4-րդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ Ճիշտ է՝ դրանք դեռևս աուդիտ չանցած հաշվետվություններն են (տարեկան հաշվետվությունները կհրապարակվեն ավելի ուշ), սակայն, որպես կանոն, միջանկյալ և վերջնական հաշվետվությունների միջև շեղումներն այնքան մեծ չեն լինում, որպեսզի հնարավոր չլինի որոշակի պատկերացում կազմել բանկային ոլորտի պատկերի և դինամիկայի վերաբերյալ։

B4B.am-ն այս անգամ ուշադրության է արժանացրել առևտրային բանկերի վարկային պորտֆելին: Փորձել ենք պարզել՝ որքան է այն կազմում, ինչպես է փոխվել, որոնք են խոշորագույն վարկատուները և որքան է կենտրոնացվածությունը բանկային վարկերի շուկայում։

Բանկային վարկերն աճել են կես տրիլիոն դրամով
Եվ այսպես, բանկերի հրապարակած հաշվետվությունների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ 17 բանկի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 3 տրլն 572.2 մլրդ դրամ։ 2018 թվականի վերջին այդ ցուցանիշը 3 տրլն 69.4 մլրդ դրամ էր։

Այսպիսով՝ 2019 թվականի ընթացքում առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 502.8 մլրդ դրամով կամ 16.4%-ով։ Նշենք, որ աճել են բոլո՛ր բանկերի վարկային պորտֆելները (տարբեր չափով)՝ բացառությամբ Բիբլոս բանկի (նվազում 226.5 մլն դրամով կամ 0.7%-ով)։

ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերը 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, մլրդ դրամ

Picture1-640-480

Վարկային պորտֆելի ծավալով առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: 2019 թվականի վերջի դրությամբ՝ 585.7 մլրդ դրամ։ 2018 թվականի համեմատ Ամերիաբանկի տրամադրված վարկերի ծավալն աճել է 37.8 մլրդ դրամով կամ 6.9%-ով։

Երկրորդ խոշոր վարկատուն Հայբիզնեսբանկն է՝ 567.5 մլրդ դրամ, երրորդը՝ Արդշինբանկը՝ 467.4 մլրդ դրամ։
Ամենափոքր վարկային պորտֆելն ունի Մելլաթ բանկը՝ 12.4 մլրդ դրամ։

Շուկայի կենտրոնացվածությունը

Ինչպես տեսնում եք, ամենամեծ վարկատուի՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը 47 անգամ գերազանցում է ամենափոքր վարկատու Մելլաթ բանկի պորտֆելը։ Ոմանք, հիմնվելով այս տարբերության վրա, ենթադրում են, որ ՀՀ բանկային համակարգի վարկային շուկան գերկենտրոնացված է։
Իրականում այդ պնդումը ոչ միայն սխալ է, այլև ճիշտ հակառակը՝ միջազգայնորեն ընդունված տարբեր ինդեքսներով Հայաստանի բանկային վարկերի շուկայում կենտրոնացվածությունը շատ թույլ է կամ, կարելի է ասել, ընդհանրապես չկա։

B4B.am-ը բանկային վարկերի շուկայի կենտրոնացվածությունը հաշվարկել է երկու տարբեր ինդեքսներով՝ CR3-ով (Concentration ratio) և Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսով (IHH):

CR3 (Concentration ratio)

CR3-ը կենտրոնացվածությունը գնահատում է շուկայում առավել խոշոր մասնաբաժին ունեցող 3 ընկերությունների ընդհանուր մասնաբաժնի հիման վրա։ Շուկան համարվում է բարձր կենտրոնացված, եթե այդ երեքի ընդհանուր մասնաբաժինը գերազանցում է 70%-ը։

Հայաստանյան բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում 3 խոշորագույն վարկատուներն են Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը և Արդշինբանկը։ Այս երեք բանկերի տրամադրած վարկերի մասնաբաժինը առևտրային բանկերի ընդհանուր վարկերի մեջ 45.4% է (2019 թվականի վերջի դրությամբ)։

Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքս (IHH)

Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը շուկայի կենտրոնացվածության գնահատման ամենատարածված և ճշգրիտ ցուցանիշներից է, որը շատ զգայուն է շուկայում մասնաբաժինների վերաբաշխման նկատմամբ։
ՀՀԻ-ն շուկայում գործող բոլոր ընկերությունների մասնաբաժինների քառակուսիների գումարն է։
IHH = S12 + S22 + S32 + … Sn2

Որտեղ S1-ը շուկայում ամենախոշոր մասնաբաժին ունեցող ընկերության մասնաբաժինն է, Sn-ը՝ ամենափոքր։
Եթե IHH<1000, ապա շուկան համարվում է ցածր կենտրոնացված, եթե գտնվում է 1000-1800 միջակայքում՝ միջին կենտրոնացված, իսկ 1800-ից բարձր արժեքի դեպքում գործ ունենք գերկենտրոնացված շուկայի հետ։
B4B.am-ի հաշվարկներով՝ Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը ՀՀ բանկային վարկերի շուկայում 2019 թվականի վերջի դրությամբ 969.7 է։ Այսինքն՝ 1000-ից փոքր։

Picture2-640-480

Ամփոփում
Չնայած ՀՀ բանկային վարկերի շուկայում ունենք ընդգծված առաջատար՝ Ամերիաբանկը, երկու ինդեքսների հաշվարկը ցույց է տալիս, որ կենտրոնացվածության աստիճանն այստեղ բավական ցածր է: Ամերիաբանկը, անցած յոթ տարվա տվյալների վերուծության համաձայն, վարկային պորտֆելով առաջատարն է եղել շուկայում և պահպանել է այդ դիրքը՝ համալրելով վարկային պրոդուկտները թվային նոր լուծումներով:

Եվս մեկ հետևություն՝ ՀՀ բանկային համակարգում ունենք առողջ մրցակցություն, ինչը շարունակելու է նպաստել բանկային ոլորտի ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև՝ սակագների ու տոկոսադրույքների նվազմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%:

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Հունվարին գրանցված կազմակերպությունների և աշխատակիցների թիվն ավելացել է

2018 թ. հունվարի համեմատ՝ աշխատողների քանակն ավելացել է 18%-ով: