Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

22 միլիարդ դրամի շահույթ. ինչով է պայմանավորված Արդշինբանկի աննախադեպ ցուցանիշը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

19:14 , 21 Հուլիս 2017

ՀՀ ամենախոշոր բանկերից մեկը՝ Արդշինբանկը, 2016 թվականը փակել է ռեկորդային շահույթով։ Ընկերության 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ բանկը ունեցել է ավելի քան 22 մլրդ դրամի շահույթ (2015 թվականի 2 մլրդ դրամի դիմաց)։

Սա աննախադեպ ցուցանիշ է. Հայաստանում ոչ բանկ երբեք անգամ դրա կեսի չափ շահույթ չի գրանցել։ Շահույթի մեծությամբ Արդշինբանկը ոչ միայն բանկային համակարգի առաջատարն է, այլև ՀՀ ամողջ տնտեսության կտրվածքով երկրորդ տեղում է (զիջում է միայն Հայաստանի էլեկտրական ցանցերին, որը, ըստ B4B PRO համակարգի տվյալների, 2016 թվականին ունեցել է 23.3 մլրդ դրամի շահույթ)։

Ինչո՞վ է պայմանավորված Արդշինբանկի հսկայական շահույթը։

Բանկի զուտ տոկոսային եկամուտը՝ տոկոսային եկամուտների և տոկոսային ծախսերի տարբերությունը, աճել է շուրջ 3 միլիարդ դրամով (14.56 մլրդ դրամ):

Կոմիսիոն և այլվ վճարների գծով զուտ եկամուտը չի փոփոխվել և պահպանվել է 2.1 միլիարդ դրամի սահմաններում։

Գործառնական եկամուտները աճել են 3.3 մլրդ դրամով և կազմել 19.8 մլրդ դրամ։

Այսինքն՝ շահույթի թռիչքաձև՝ 20 մլրդ դրամ աճը պայմանավորված չէ բանկի հիմնական գործունեությունից ստացվող եկամուտներով։

Շահույթը գոյացել է բացասական գուդվիլից։ Ինչպես երևում է բանկի հաշվետվության մեջ, 2016 թվականին բացասական գուդվիլի մեծությունը կազմել է 17.9 մլրդ դրամ (2015-ին՝ զրո)։

Իսկ ի՞նչ է գուդվիլը և ինչ է բացասական գուդվիլը։

Եթե շատ պարզ և համառոտ ասենք, գուդվիլը որևէ ընկերության ձեռբերման պարագայում դրա ձեռքբերման գնի և զուտ ակտիվների արժեքի տարբերությունն է։ Եթե X ընկերությունը, օրինակ, ձեռք է բերել Y ընկերություն 1000 դոլարով այն պարագայում, երբ դրա արժեքը 3000 դոլար է, ապա գնորդ ընկերության տեսանկյունից առաջանում է բացասական գուդվիլ՝ 2000 դոլարի չափով։

Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2016 թվականին ձեռք  բերել Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ ընկերությունը։ 17.9 մլրդ դրամի բացասական գուդվիլը պայմանավորված է հենց այս գործարքով և, եթե շատ պարզ արտահայտվենք, անուղղակիորեն նշանակում է, որ Արդշինբանկը 17.9 մլրդ դրամ է շահել այս գործարքի արդյունքում, քանի որ վճարել է ձեռքբերվող ընկերության իրական արժեքից 17.9 մլրդ դրամով ավելի քիչ։ Կարճ ասած, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի ձեռքբերումը Արդշինբանկի համար բավականին շահավետ գործարք է։

Մյուս կողմից, 22 մլրդ դրամը, պայմանականորեն ասած, «ստանդարտից դուրս» ցուցանիշ է և հաջորդ տարի դա, բնականաբար, չի լինի։ Այսինքն, բանկային ոլորտի ընդհանուր շահույթի և շահութաբերության վերաբերյալ վերլուծություններ անելիս այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել, որովհետև միայն այս գործարքը փոխում է ընդհանուր համակարգի ամբողջական ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին