Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. հունիսին նկատվել է գնանկում

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 13 Օգոստոս 2019

2019 թ. հուլիսի 30-ին կայացած ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ընթացքում արձանագրվել է, որ հունիսին գրանցվել է 1.9% գնանկում, որը սպասվածից բարձր է եղել և հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների նվազման ավելի խորը սեզոնայնության դրսևորմամբ: Բանջարեղենի գինը նվազել է 28.2%-ով (նպաստումը գնաճին՝ -1.6 տոկոսային կետ), ինչին զուգահեռ նվազել են նաև ձվի, կաթնամթերքի և յուղերի գները՝ համապատասխանաբար 1.3%, 0.5% և 0.6%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.06 տոկոսային կետ): Արդյունքում, հունիսին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 1.5%:

Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին և փաստել, որ 2019 թ-ի երկրորդ եռամսյակում ևս, ինչպես և սպասվում էր, պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն: Հունվար-հունիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%: Դա առավելապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի աճով, ինչին զուգահեռ պահպանվել է մասնավոր սպառման բարձր աճը: Միաժամանակ, երկրորդ եռամսյակում ներքին պահանջարկը շարունակել է զսպվել իրականացված հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով, որը որոշակիորեն կմեղմվի տարվա երկրորդ կեսին, երբ, պետբյուջեի տարեկան ծրագրի կատարման ենթադրության ներքո, առաջին կիսամյակի տնտեսումներից կկատարվեն մեծ ծավալի ծախսեր:

Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածում արձանագրված միտումները: Ըստ այդ տվյալների՝ պահպանվում է համաշխարհային տնտեսության և պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը, ինչի ներքո հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ: Այդ իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Ռուսաստանի ԿԲ-ն արդեն իջեցրել է քաղաքականության տոկոսադրույքը և հետագայում ևս, համաձայն ֆինանսական շուկաների սպասումների, ակնկալվում է քաղաքականության տոկոսադրույքի շարունակական իջեցում՝ պայմանավորված գնաճի փաստացի ցածր ցուցանիշով և առաջիկայում գնաճի դանդաղման սպասումներով: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը, ի տարբերություն նախորդ տարվա վերջին վարած տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությանը և շուկաների կողմից կարճաժամկետում դրամավարկային պայմանների սպասվող խստացմանը, այժմ հաղորդակցել է և ֆինանսական շուկաների մոտ արդեն իսկ սպասումներ է ձևավորել խթանող քաղաքականությանն անցնելու վերաբերյալ: Դա պայմանավորված է ինչպես գնաճի փաստացի ցածր ցուցանիշով, այնպես էլ առևտրային պատերազմների հետևանքով առկա անորոշությունների ներքո՝ պահանջարկի կրճատմամբ: Չնայած վերջին հանդիպման ժամանակ քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ թողնելուն, ԵԿԲ-ն նույնպես հայտարարել է առաջիկայում ավելի խթանող քաղաքականությանն անցման մասին իր մտադրությունը՝ կապված վերջին տարիներին գնաճի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակի ձևավորման և երկարաժամկետ հատվածում պահպանման սպասումների հետ: Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ, երկրորդ եռամսյակում ևս ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները հիմնականում տատանվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ:

Խորհուրդը նաև գնահատել է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմանները անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր դեռևս գնաճի՝ դեպի ներքև շեղման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով և պետական բյուջեի՝ սպասվածից քիչ ընդլայնող վարքագծով: Այդ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: