Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. դեկտեմբերին գնաճը կազմել է 1.3%

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է հունվարի 24-ին կայացած խորհրդի նիստի մանրամասները: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2019 թվականն ավարտվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով՝ 2019 թվականի դեկտեմբերին գրանցված 1.3% գնաճի պարագայում: Ամսվա գնաճին գերազանցապես նպաստել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների փոփոխությունները, որի կառուցվածքում կրկին զգալի աճ է արձանագրվել «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերում՝ համապատասխանաբար 19.9% և 4.9% (ընդհանուր նպաստումը գնաճին՝ 1.3 տոկոսային կետ): Դեկտեմբերին փոքր-ինչ աճել են ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, ինչն հիմնականում տեղի է ունեցել «Տրանսպորտի» և «Հանգստի կազմակերպման» ծառայությունների սակագների համապատասխանաբար 0.3% և 2.6% աճերի հաշվին: 12-ամսյա բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ տարեվերջին կազմելով 0.7%:

Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին և փաստել, որ, 2019 թվականի չորրորդ եռամսյակում ևս տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ճյուղի բարձր աճով: Հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5%, որի հիման վրա էլ ԿԲ-ն վերանայել է իր գնահատականը և ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կգտնվի այդ ցուցանիշի շրջակայքում: Չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը նույնպես մնում է բարձր՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է մեծապես նպաստել իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը: Վերջինն արտահայտվել է տնտեսության վարկավորման բարձր աճով՝ տարեկան շուրջ 19.0%, որի կազմում մեծ կշիռ է կազմել դրամով վարկավորման աճը: Տարեվերջին հարկաբյուջետային քաղաքականությունը ևս խթանել է ներքին պահանջարկը՝ չնայած ազդեցության չափը որոշակի ցածր է գտնվել սպասվածից: 2020 թվականին նախատեսված է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցության չափը կախված կլինի իրագործման ընթացքից, մասնավորապես եթե հարկերի հավաքագրման բարձր աճի տեմպերը տարվա ընթացքում պահպանվեն, ապա հարկաբյուջետային ազդակը կլինի նախատեսվածից պակաս խթանող:

Արտաքին հատվածի զարգացումների մասին նշվել է, որ, չնայած առկա անորոշությունները որոշակիորեն նվազել են և ապրանքահումքային միջազգային շուկաներում առանձին ապրանքների մասով տարեվերջին դիտվել է գների որոշակի աճ, այդուհանդերձ համաշխարհային տնտեսությունը շարունակում է դանդաղ աճել, ինչը դրսևորվում է արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ գնաճի թիրախին հասնելու նպատակով։ Քննարկվել են նաև Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի կետ կապված ռիսկերը և դրանց հնարավոր բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները, համաձայն որի տարեսկզբին կարճաժամկետ տոկոսադրույքները ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծ՝ ձևավորվելով քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ եկամտաբերության կորի միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում տոկոսադրույքների նվազման միտումը շարունակվել է:

Խորհուրդն անդրադարձել է նաև ցածր գնաճը պայմանավորող որոշ կառուցվածքային գործոնների, որոնցից կարելի է հիմնականում ընդգծել իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ապրանքային շուկաներում աստիճանաբար ավելացող մրցակցությունը և պահանջարկի տեղաշարժը կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա, որի ներքո նաև դիտարկվում է այդ ոլորտներում ռեսուրսների օգտագործման արդյունավետության աճ։

Հաշվի առնելով առաջիկայում արտաքին հատվածից սպասվող ոչ գնաճային ազդեցությունները և հարկաբյուջետային քաղաքականության խթանող ընթացքը, միևնույն ժամանակ նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել պահպանել դրամավարկային խթանման չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատել է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջնաժամկետ հատվածում: Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր ընդհանուր առմամբ երկկողմանի են, և դրանց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: