Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը». Սերժ Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

15:02 , 24 Հունվար 2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:
Մինչ հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»:

«Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց, որի ներքո են առաջ մղվում այն արժեքները, որ կոչված են ապահովելու մարդու ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը:
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 17-ամյակի նախօրեին իմ այս այցը ևս մեկ առիթ է հաստատելու Հայաստանի հանձնառությունն այդ արժեքներին:
Հավատալով մեր կառույցի ապագային՝ գտնում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կարևոր մարտահրավերներին առերեսվելիս՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով՝ հանուն մեր Կազմակերպության միասնության և հեղինակության»,-գրել է Նախագահ Սարգսյանը։

Այնուհետև Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ,  Նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ ութ տասնյակ միջազգային պայմանագրերը:

Կողմերը, մասնավորապես, ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել նաև ԵԽ «Ոսկե գրքում»:

«Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի: Մեծապես կարևորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը և համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է:

Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը այդ արժեքներին, քանի որ միասնական աշխատանք ենք իրականացնում՝ հանուն ժողովրդավար և խաղաղ Եվրոպայի մեր համընդհանուր տեսլականի»,-գրել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով

Շնորհակալ եմ Մեծարգո՛ Գլխավոր քարտուղար,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար։

Ինչպես միշտ, Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:

Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակ-ցությամբ։

Իհարկե, քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցու-թյունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրո-պայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրա-վունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։

Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:

Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը և բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսութ-յունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնական-նության ապահովման նպատակով։

Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրում է ունեցել Եվրոպայի խորհուրդը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ