Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016 թվականին տնտեսությունն աճել է ոչ թե 0.5%-ով, այլ 0.2%-ով

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 09 Մարտ 2017

2017 թվականի հունվարին պաշտոնական վիճակագրությունն ազդարարեց, որ 2016 թվականին տնտեսական ակտիվությունն աճել է  0.5%-ով։ Իհարկե, շատ ցածր ցուցանիշ էր՝ ի սկզբանե կանխատեսվող 2.2% տնտեսական աճի համեմատ, սակայն համակերպվեցինք և անցանք առաջ՝ հույս ունենալով, որ այս տարի նորմալ աճ կունենանք։

Սակայն մի աննշան «մանրուք» կա, որը քչերն են նկատում կամ քչերն են ցանկանում բարձրաձայնել։ Իրականում, տնտեսական աճը 0.5%-ից շատ ավելի ցածր է։ Այդ 0.5%-ը ոչ թե տնտեսական աճն է (ՀՆԱ-ի աճը), այլ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) աճը։ Դրանք, թեպետ, իրարից շատ չեն տարբերվում, սակայն տարբեր ցուցանիշներ են։

ՏԱՑ-ը հրապարակվում է ամսական կտրվածքով, իսկ ՀՆԱ-ի աճը՝ եռամսյակային և մեկ ամիս ուշացումով։ Դրա համար էլ առաջինն իմացանք ՏԱՑ-ի 0.5% աճի մասին։

Սակայն մի քանի օր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, որի բաժիններից մեկում ներկայացված էին նաև 2016 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները։

Պարզվում է՝ 2016 թվականին (2015 թվականի համեմատ) Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 0.2%: Այսինքն՝ մենք զրոյականին մոտ աճ ենք ունեցել։ ՀՆԱ-ի ծավալը 2016 թվականին շուկայական գներով կազմել է 5 տրիլիոն 67.9 մլրդ դրամ կամ շուրջ 10.9 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 693.5 հազար դրամ կամ 3525 դոլար։

ՀՆԱ-ի աճի տեմպին ամենից շատ խանգարել են գյուղատնտեսության և շինարարության ոլորտները։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս երկու ոլորտներից յուրաքանչյուրը 1 տոկոսային կետով նվազեցրել է տնտեսական աճի ցուցանիշը։

Սա դեռ ամենը չէ։

Պատկերն առավել ամբողջական է դառնում, երբ ՀՆԱ-ի աճը դիտարկում ենք՝ ըստ եռամսյակների։ Գծապատկերում ներկայացված է յուրաքանչյուր եռամսյակի կտրվածքով ՀՆԱ-ի իրական աճը (նվազումը)՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։

recession

Ինչպես տեսնում եք, 2016 թվականի 3-րդ եռամսյակն արդեն անկումային էր՝ 2015 թվականի երրորդ եռամսյակի նկատմամբ գրանցվել էր ՀՆԱ-ի 2.6% իրական նվազում։ Դեռ նոյեմբերին կանխատեսել  էինք, որ դատելով ընթացիկ ցուցանիշներից՝ չորրորդ եռամսյակը նույնպես կլինի անկումային։ Ցավոք, մեր կանխատեսումներն արդարացան՝ 2016 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 1%-ով։

Այսինքն, Հայաստանի տնտեսությունը 2 եռամսյակ անընդմեջ (2016 թվականի 2-րդ և երրորդ եռամսյակներում) անկում է գրանցել։ Տնտեսագետները սա անվանում են ռեցեսիա։ Բառը ծագում է լատիներեն Recessus (նահանջ) բառից և նշանակում է՝ տնտեսական աճի տեմպի չափավոր դանդաղում կամ անկում։ Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, ինչի մասին վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները։

Դա, մեղմ ասած, ամենևին լավ բան չէ։ Սակայն զարմանալիորեն այս մասին գրեթե ոչ ոք չի խոսում։

Մյուս կողմից, եղածը եղած է, ու ռեցեսիան էլ տնտեսական աղետ չէ (դեռ)։ Այժմ ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ ե՞րբ դուրս կգանք ռեցեսիոն (կամ անկումային) փուլից։

Որպեսզի հնարավոր լինի խոսել ռեցեսիոն փուլից դուրս գալու մասին, անհրաժեշտ է, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվի համախառն ներքին արդյունքի աճ՝ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

Որքանո՞վ է դա իրատեսական։ Մի կողմից, ինչպես արդեն նշել ենք, հունվարյան ցուցանիշները լավատեսական էին՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 6.5%-ով։ Սակայն մյուս կողմից, ինչպես տեսնում եք գծապատկերում, 2016-ի առաջին եռամսյակում ունեցել ենք տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 4.7%-անոց աճ։ Ու դրա համեմատ աճ ունենալու համար փետրվար և մարտ ամիսներին աճի տեմպը պետք է պահպանվի բարձր մակարդակի վրա։

Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել։ Եթե չհաջողվի, մենք կմնանք ռեցեսիայի փուլում երրորդ եռամսյակն անընդմեջ, սակայն հետագա եռամսյակներում և հատկապես տարվա վերջում անկումային փուլից դուրս գալը մեծ ջանքեր չի պահանջի՝ հաշվի առնելով 2016-ի երկրորդ կիսամյակի վատ ցուցանիշները։

Հիշեցնենք, որ այս տարվա համար պետական բյուջեով կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ։ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է 2.2%-3.2% աճ, սակայն կառավարությունն ավելի լավատես է և համոզված, որ հայտարարված ներդրումները կյանքի կոչելու արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը կարող է գերազանցել 3.2%-ը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։