Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է սքիմմինգը և ինչպես պաշտպանվել դրանից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:11 , 19 Օգոստոս 2018

Սքիմմինգը (skimming) բանկային քարտերի հետ կապված ամենատարածված խարդախություններից մեկն է, որից կարող է ցանկացած մարդ տուժել։

 Սքիմմինգը խարդախության ձև է՝ քարտի տվյալները գողանալու միջոցով։ Դրա համար խարդախները բանկոմատների կամ POS-տերմինալների վրա տեղադրում են հատուկ սարքեր՝ սքիմմերներ, որոնք քարտի վրայի մագնիսական ժապավենից պատճենահանում են քարտի ամբողջ տեղեկատվությունը։ Բանկոմատի հարևանությամբ տեղադրվում է նաև տեսախցիկ, որի միջոցով զեղծարարները ֆիքսում են քարտատիրոջ PIN կոդը։

Մյուս կողմից, PIN կոդը կարող է և պետք չգալ, եթե զեղծարարները ցանկանան անկանխիկ գործարք կատարել (փոխանցում կամ գնում), այդ դեպքում բավարար է իմանալ միայն քարտի տվյալները և CVV կոդը։ Սակայն անկանխիկ գործարքների դեպքում որոշակի «պոչ» մնում է (ասենք՝ կարելի է պարզել, թե կեղծված քարտով գնված ապրանքն ում է գնացել կամ ում հաշվին է փոխանցում կատարվել)։

Դրա համար զեղծարարներն ավելի շատ այլ եղանակ են նախընտրում. պատրաստվում է օրիգինալ քարտի կրկնօրինակը և PIN կոդի օգնությամբ խարդախները կանխիկացնում են իրական քարտատիրոջ հաշվի վրա առկա գումարը։ Սովորաբար սքիմմինգով և զեղծարարության նման այլ տեսակներով զբաղվում են միջազգային հանցավոր խմբավորումներ, որոնց կազմի մեջ մտնում են տարբեր երկրների քաղաքացիներ։ Երկրների մի մասում տվյալները գողացվում են, մյուս մասում՝ պատրաստվում են քարտերի կրկնօրինակները, երրորդ երկրներում դրանք կանխիկացվում են։

ՎՏԲ-ի դեպքում այդպես էլ եղել է. քարտերից գումարները կանխիկացվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկ տվյալները կարող են գողացված լինել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում (եթե քարտատերն օտարերկրյա այցելության ժամանակ օգտագործել է իր քարտը)։

 Ինչպե՞ս պաշտպանվել սքիմմինգից

Սքիմմինգը կանխելու լավագույն տարբերակը չիպային քարտերն են։ Ի տարբերություն մագնիսական ժապավենի՝ չիպային քարտերի ինֆորմացիան հնարավոր չէ պատճենահանել։ Սակայն ոչ բոլոր բանկերն են չիպային քարտեր թողարկում, կամ բանկի թողարկած ոչ բոլոր քարտերն են չիպային։ Բանկերի մեծ մասը դեռևս թողարկում է 1960-ականների տեխնոլոգիայով պատրաստված քարտեր։ Իսկ զեղծարարները տեղում չեն դոփում և մշտապես կատարելագործում են իրենց սխեմաները։

Ի՞նչ անել, եթե ձեր քարտը չիպային չէ։

Նախ՝ գումար կանխիկացնելիս ուշադրություն դարձրեք քարդրիդերի (card reader) վրա։ Դրանց վրա կարող է տեղադրված լինել հատուկ շրջանակ, որի միջոցով պատճենահանվում է մագնիսական ժապավենի ինֆորմացիան։
Զեղծարարներն օգտագործում են նաև կեղծ ստեղնաշարեր։ Այսինքն՝ դուք հավաքում եք ձեր PIN կոդը մի սարքավորման միջոցով, որն այդ ինֆորմացիան ֆիքսում է և փոխանցում։

Ու վերջապես, բանկոմատի վրա կարող է տեղադրված լինել մինի տեսախցիկ, որը նկարահանում է, թե ինչպես եք հավաքում PIN կոդը։ Այնպես որ, ուշադիր զննեք կանխիկացման ապարատը, և արտաքին սարքեր նկատելու դեպքում, անմիջապես կապվեք բանկի հետ։ Իսկ PIN կոդը հավաքելու ժամանակ մի ձեռքով մյուսը ծածկելը, ամեն դեպքում, չի խանգարի։

Զեղծարարությունները միայն բանկոմատների միջոցով չէ, որ կատարվում են։ Ձեր քարտի տվյալները կարող են գողանալ մոտակա ռեստորանի մատուցողները կամ խանութի գանձապահները՝ շարժական սքիմմերների օգնությամբ։ Դրա համար ավելի նախընտրելի է քարտային ծառայություններից օգտվել այն օբյեկտներում, որոնց վստահում եք։ Թույլ մի տվեք, որ մատուցողը վերցնի ձեր քարտն ու տանի POS տերմինալի մոտ՝ գործարք կատարելու համար։ Պահանջեք, որ ինքը մոտեցնի տերմինալը, կամ միասին մոտեցեք։ Ոչ մի վայրկյան ձեր քարտն ուշադրությունից բաց մի թողեք։

Բանկային ոլորտում սքիմմինգն անվանում են ընկերական զեղծարարություն (friendly fraud), քանի որ փորձը ցույց է տվել՝ տվյալները շատ հաճախ գողացվում են մոտիկ մարդկանց միջոցով։ Վստահությունը լավ բան է, սակայն քարտը պետք չէ վստահել անգամ ամենամոտ ընկերներին։

Եվ անպայման ակտիվացրեք ՍՄՍ հաղորդագրության միջոցով ծանուցման ծառայությունը։ Ճիշտ է՝ դուք հաղորդագրություն կստանաք արդեն գործարքը կատարվելուց հետո (որը կծանուցի, որ ձեր քարտից գումար է կանխիկացվել), սակայն կհասցնեք զանգահարել բանկ, բլոկավորել քարտն ու կանխել հետագա գործարքները։

Հ.Գ. – Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ սքիմմինգի դեպք գրանցվեց հայաստանյան բանկերից մեկի քարտերով։ Բանկի կողմից թողարկված շուրջ 200 քարտերից երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել էին զեղծարարության գործարքներ (մանրամասներն այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։