Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:27 , 15 Նոյեմբեր 2019

Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների թիվն այս տարի թեև նվազել է, սակայն խնդիրը դեռևս շարունակում է մնալ անհանգստացնող: Տնտեսավարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ ուռճացնել ծախսերը:

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը հայտնեց, որ վարչությունը ցանկացած փուլում ռիսկերը բացահայտելու, խնդիրը կանխելու նպատակով հզորացնում է իր վերլուծական կարողությունները:

«Տնտեսավարողները ներմուծման ժամանակ հիմնականում կատարում են ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում՝ արժեքների նվազեցման կամ բարձրացման տեսքով: Նվազեցման դեպքում տնտեսավարողները ավելի քիչ մաքսային վճարներ վճարելու միտում ունեն: Ինվոյսային արժեքների բարձրացման պարագայում տնտեսավարողները փորձ են անում ուռճացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով: Հաջորդ խումբը արտաքին տնտեսական գործունեության ցուցիչների խախտումներն են, որոնց միջոցով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում ՝ ավելի քիչ մաքսատուրք վճարելու և այլ նպատակներով»,-ներկայացրեց Սաֆարյանը:

Հաճախ հանդիպող իրավախախտումներից են նաև ապրանքների քանակի թերհայտարարագրումը և տարատեսակավորումը: 2019-ին հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է շուրջ 67 ստուգում։ Արձանագրվել է մոտ 253 մլն դրամի խախտում: 43 դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում և 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել:

Այս տարվա բացահայտված խախտումները համեմատելով նախորդ տարիների հետ՝ Սաֆարյանը նկատեց, որ դեպքերը նվազել են: «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում ինչ-որ կերպ խուսափել: Սակայն մեր ներկայիս կարողություններն ավելին են, քան նախկինում էին: Իրականացվող և իրականացվելիք միջոցառումները շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, մենք ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման վրա»,- ասաց նա ու հավելեց՝ շեշտադրումը բացթողումից դեպի հետբացթողումային փուլ տեղափոխելու նպատակն է տնտեսավարողի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մաքսազերծելիս շատ ավելի քիչ ժամանակ ծախսի:

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունն աշխատում է վերլուծական գործիքների կատարելագործման ուղղությամբ: Դրանցից մեկը գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումն է: Արդյունքում հնարավոր է դառնալու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել և համեմատականներ անցկացնել համանման պայմաններում ներմուծվածների քանակային և այլ ցուցանիշների հետ և վերհանել այդ մասով առկա ռիսկերը: Վարչությունը նաև իրականացնում է կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների վերլուծություն, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը: Կազմակերպությունները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի։ Ռիսկային կազմակերպությունների նկատմամբ իրականացվելու է ավելի խիստ վարչարարություն:

Մաքսային ստուգումների ընթացքում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների բացահայտած իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումնասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների Հայաստան ներմուծումները: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: