Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

15.09.2020: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերադարձ լուրերի բաժին

14:47 , 15 Սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Այդ մասին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

2020 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.8%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1%։

Երրորդ եռամսյակի ընթացքում արտաքին հատվածում արձանագրվում է համաշխարհային տնտեսության որոշակի վերականգնում, սակայն գնահատվում է, որ համավարակի վերջնական հաղթահարման հետ կապված դեռևս պահպանվող բարձր անորոշությունները զգալիորեն կզսպեն և կհետաձգեն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ամբողջական պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը: Նման պայմաններում գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում, չնայած ապրանքահումքային շուկաներում թույլ գնաճային միջավայրի պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցություն չի դրսևորվի:

2020թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է ԿԲ կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվության սպասվածից ցածր ցուցանիշը պայմանավորվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ։ Առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ է եղել մասնավոր ծախսումների կրճատումը, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ: Նշված փաստացի զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության և այդ պարագայում հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ Խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջինժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Միաժամանակ, քանի որ ներկա իրավիճակում տնտեսության տարբեր հատվածները կրել են խիստ անհամաչափ վնասներ, իսկ դրամավարկային քաղաքականությունն ունի ընդհանուր ազդեցություն, ԿԲ Խորհուրդը մնում է այն համոզմանը, որ դրամավարկային խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը։

ԿԲ Խորհուրդը գնահատել է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն հիմնականում հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։