Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» և 14 հարակից օրենքները

Վերադարձ լուրերի բաժին

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ նախագահական նստավայրի մամուլի ծառայությունից:

Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ: Միևնույն ժամանակ նախագահն ակնկալում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: «Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը»,- նշված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրենքը շոշափում է մարդու հիմնական իրավունքների շրջանակ և նախատեսում է այդ իրավունքներին միջամտության հնարավորություն, ուստի դրա կիրառման ընթացքում պետք է ապահովվեն համաչափ իրավական երաշխիքներ:

Նախագահականը նշե է, որ հարկ է հաշվի առնել նաև անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների և ընդհանրապես հանրության համար:

Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարևոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ և համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին:

Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները և բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:

Հասանելի դարձած տեղեկատվության տնօրինման ընթացքում պետք է բացառել հնարավոր չարաշահումները, ապահովել, որ չոտնահարվեն անձանց իրավունքները, այդ տեղեկատվությունը ոչ իրավաչափ և անհարկի չհավաքագրվի, անհիմն չպահվի և չօգտագործվի, չխոչընդոտի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության:

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Հանրապետության նախագահը դեռևս 2020թ. փետրվարի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը նախատեսված է 2020թ. հունիսի 16-ին:

Օրենքը պետք է կիրառվի բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով կոռուպցիոն դրսևորումները, խտրականությունը, ոչ իրավաչափ ազդեցության ռիսկերը:

Օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է նաև անվերապահորեն ապահովել անձանց շահերի արդյունավետ իրավական պաշտպանության և օգնության երաշխիքները, անհիմն բռնագանձված գույքի հետ վերադարձման և վնասների փոխհատուցման հստակ և գործուն մեխանիզմները:

Ակնկալվում է, որ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով կապահովվի օրենքի կիրառման ընթացքում բռնագանձված գույքի օրինական և նպատակային տնօրինումն՝ ի շահ պետության և քաղաքացիների:

Ակնկալվում է նաև, որ հանցավոր գործունեությանը որևէ կերպ չառնչվող և գույքը բարեխիղճ ձեռք բերած երրորդ անձանց, մասնավորապես՝ նշված գույքը ներդրումային ծրագրերում և ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործող գործարարների նկատմամբ օրենքը կկիրառվի անվերապահորեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով ներդրումային և գործարար միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները:

«Հարկ է ընդգծել՝ յուրաքանչյուր օրենսդրական նորմի սահմանադրականությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, դիտարկվում է դրա բովանդակության և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից։ Սահմանադրական արդարադատության ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը, թերևս, վկայում է, որ օրենսդրական դրույթի սահմանադրականությունը պայմանավորված է ոչ միայն այդ դրույթի՝ Սահմանադրության նորմերին հակասությամբ կամ հակասության բացակայությամբ, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթի մեկնաբանությամբ: Կարևորելով ելակետային այս իրողությունը՝ Հանրապետության նախագահը անհրաժեշտ է համարում հետագայում անդրադառնալ օրենքների կիրառման արդյունքում դրսևորված իրավաընկալումներին ու հնարավոր մեկնաբանություններին։

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։