Invalid username or password
2019 թ. դեկտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կենտրոնական դրամատան մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն՝ 2019 թ. նոյեմբերին գրանցվել է 1.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 1.0%։
Արտաքին հատվածում դիտվել է տնտեսական անորոշությունների որոշ չափով նվազում, այդուհանդերձ պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերը, ինչն արտահայտվում է ինչպես համաշխարհային թույլ պահանջարկի, այնպես էլ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ։ ԿԲ խորհուրդը գնահատել է, որ արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրել է, որ երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է կանխատեսված մակարդակը: Ըստ ԿԲ մասնագետների՝ այն կպահպանվի նաև չորրորդ եռամսյակում՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ճյուղի նպաստումով։ Ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը: Միաժամանակ, թեպետ տարեսկզբից հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, այնուամենայնիվ չորրորդ եռամսյակում և հաջորդ տարվա ընթացքում ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կլինի խթանող:
Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի և սպասվող զարգացումները, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհրդի կարծիքով՝ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը: Դրա արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:
Ներկայում գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը, ընդհանուր առմամբ, հավասարակշռված են, որոնց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում։
Դիտումներ 552
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: