Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 միլիոն դոլար՝ Հայաստանի ՓՄՁ ոլորտի կին գործարարների վարկավորման նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

11:24 , 05 Սեպտեմբեր 2017

Հայաստանյան Արարատբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 10-ամյա համագործակցությունը երեկ ամրապնդվեց հերթական գործարքով։ ՎԶԵԲ-ը 10 մլն դոլար ընդհանուր արժեքով 2 վարկ է տրամադրում Արարատբանկին, որի օգնությամբ վերջինս կկարողանա բավարարել տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) ֆինանսավորման աճող պահանջարկը, հատկապես գյուղական վայրերում և ձեռներեց կանանց շրջանում:

Վարկային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի և ՎԶԵԲ-ի նախագահ՝ Սումա Չակրաբարտիի կողմից։

Կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսների (ՓՄՁ-ների) հետագա վարկավորման համար այս վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագրի ներքո, որը ներառում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

ՎԶԵԲ-ի Կանայք բիզնեսում ծրագիրը ստեղծվել է՝ ամրապնդելու տնտեսության մեջ կանանց դերը, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է 25 երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Այն հասանելի է դարձնում ֆինանսավորումը՝ տեղական բանկերին տրամադրելով վարկային գծեր, իսկ ձեռներեց կանանց և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ բիզնես խորհրդատվություն, վերապատրաստում և աջակցություն:

Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը, ռիսկերի նվազեցումը` ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստը, ինչպես նաև բիզնես խորհրդատվական ծառայություններ է տրամադրում՝ աջակցելու կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

Սումա Չակրաբարտին իր խոսքում ընդգծեց, որ այս գործարքը ընդգծում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջ տարածքում մասնավոր բիզնեսի զարգացմանը և ձեռներեց կանանց վարկավորման խթանմանը։ «Լավ աշխատող մասնավոր հատվածը առողջ տնտեսության հիմքն է: Համոզված եմ, որ այս վարկային գիծը, ինչպես նաև մեր՝ Կանայք բիզնեսում թիմի կողմից լրացուցիչ խորհրդատվությունը, նոու-հաուն և ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կօգնեն ձեռներեց կանանց՝ իրենց բիզնեսը մեծացնել և բարգավաճել», – ասաց նա:

Աշոտ Օսիպյանն իր հերթին հավելեց, որ բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Ըստ Աշոտ Օսիպյանի, Արարատբանկի երկարամյա համագործակցությունը այս հեղինակավոր միջազգային կառույցի հետ բազմակողմանի դրսևորումներ ունի՝ ֆինանսական միջոցների ներգրավում, խորհրդատվություն, բանկին և բանկի հաճախորդներին տեխնիկական աջակցության տրամադրում և այլն. «Գործարար կանայք, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը միշտ եղել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ուշադրության կենտրոնում, իսկ այս ծրագիրը նոր հնարավորություն է նրանց բիզնեսը խթանելու և երկրի տնտեսության մեջ հավելյալ արժեքներ ստեղծելու առումով»:

Աշոտ Օսիպյանը անդրադարձավ նաև այն կարծրատիպին, որ բիզնեսում տղամարդիկ ավելի հաջողակ են, իսկ կանայք՝ ոչ այնքան, ինչը ռիսկային է դարձնում նրանց տրամադրվող վարկերը։ «Ձեռներեց կանայք միշտ եղել են Արարատբանկի ուշադրության կենտրոնում: Կանայք պատասխանատու վարկառուներ են, և մենք մեր պորտֆելում մինչ օրս որևւէ խնդիր չենք ունեցել կին հաճախորդների հետ»,- ասաց բանկի ղեկավարը:

Նա ընդգծեց, որ նախատեսում են կին գործարարների վարկավորումը իրականացնել 11% իրական տոկոսադրույքով և ՀՀ դրամով։ Այսինքն, տոկոսադրույքի բեռը թեթև է, և գործարարները ռիսկեր չեն կրի վարկը մարելիս:
Ս. Չակրաբարտին նույնպես հավաստիացրեց, որ տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ կին գործարարներին տրամադրված վարկերը պակաս ռիսկային են և վերադարձելիությունը ավելի բարձր է։

Արարատբանկը անցած տարի բանկը ձեռք բերեց «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» բանկը՝ դրանով է՛լ ավելի ամրապնդելով իր դիրքերը բանկային համակարգում և մեծացնելով վարկավորման հնարավորությունները։ Բանկի նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն (64.24%), Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (25%) և «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը (10%)։

ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականին և այդ ժամանակվանից ի վեր երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում 153 ծրագրում ներդրել է 1.11 մլրդ եվրո, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…