Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆոնդային շուկայի ձևավորումը տնտեսական հեղափոխության բաղադրիչ է. Վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ:

Հայաստանի կապիտալի շուկան դեռևս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ՝ նշեց նախարարը: «2020 թվականի սկզբին՝ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն և տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարևոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը և նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը:

Խաչատրյանը մանրամասնեց, որ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նախարարը հավելեց, որ, իր կարծիքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձևավորվող խնայողությւոնների ներդրումը տնտեսության իրական հատվածում և թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին, այդպիսով ընդլայնել դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողություններ ներդնելու մեկ տեղ ունեն՝ դա բանկային համակարգն է: Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել:

«Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլև շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին և այդ շուկայում անել ներդրումներ, որը նաև հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլև քաղաքացիներից: Սա տնտեսական հեղափոխության կարևոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է»,- նշեց վարչապետը՝ հայտնելով, որ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձևավորված հարթակների ուղղակի չեն լինի: «Դա վերաբերում է և՛ անհատ, և՛ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետև այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց փոխվարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ընդգծեց՝ զարգացման հերթական քայլն են անում: «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել: Բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ և հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»,- նշեց Ջանջուղազյանը:

1lurer.am

Տնտեսությունը Հայաստանի 2020-2050 ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: