Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիտչը հաստատել է Հայաստանի՝ «B+» վարկանիշը, կանխատեսումը՝ «Դրական»

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 30 Մայիս 2019

Միջազգային հեղինակավոր Ֆիտչ Ռեյթինգս (Fitch Ratings) վարկանշային կազմակերպությունը նախօրեին թողարկած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ հաստատել է Հայաստանի` արտարժույթով թողարկողի (էմինենթ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում՝ «Դրական» կանխատեսմամբ:

Ֆիտչը նշել է, որ Հայաստանի վարկանիշը հավասարակշռվում է մի կողմից՝ հուսալի մակրոտնտեսական քաղաքականությամբ, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների ավելի ուժեղ ցուցանիշներով, ինպես նաև կառավարման ցուցանիշներով, մյուս կողմից` բարձր պետպարտքով և որոշ հարևան երկրների հետ լարված հարաբերություններով:

Դրական կանխատեսման հիմքում նաև ընկած են այն կառույցները որոնք պահպանել են մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը քաղաքական զգալի փոփոխությունների ժամանակահատվածում: Նպաստավոր են եղել նաև նմանատիպ երկրների համեմատ աճի ավելի ուժեղ կանխատեսումները: Ի հավելումն, նշված է, որ դրական կանխատեսման համար հիմք է հանդիսացել նաև Հայաստանի՝ պետական պարտքի կրճատման միջնաժամկետ ծրագրին հավատարմությունը: Փորձագետների կարծիքով՝ «Արտաքին խոցելիությունները հայտնվել են 2018 թվականի հաշվարկային հաշվի պակասուրդի կտրուկ ավելացումից հետո, թեև դա կարող է մասամբ պայմանավորված լինել վիճակագրական խնդիրներով»:

Ֆիտչը կանխատեսել է, որ 2019 թ. պակասուրդը կլինի ՀՆԱ-ի 2.3%-ի սահմանում՝ ներկայի «B» կանխատեսման 4.3%-ի փոխարեն: Նախատեսված հարկային բարեփոխումները ենթադրում են եկամուտների կորուստ, ինչը, սակայն, ըստ մասնագետների, կարող է փոխհատուցվել հարկային վարչարարության արդյունավետության շնորհիվ: «Երկրի նոր կառավարությունը կարողացավ 2018 թ. կանխատեսված ՀՆԱ-ի 2.7%-ի չափով պակասուրդը հասցնել մինչև 1.6%-ի: Դա տեղի ունեցավ նոր կառավարության կողմից ծախսերի վերանայման, ինչն էլ իր հերթին հանգեցրեց կապիտալ ծախսերի կրճատման շնորհիվ: Սակայն տնտեսական աճը և հարկային վարչարարությունը նպաստեցին եկամուտների աճին»,- շարունակում են մասնագետները:

Ըստ Ֆիտչի՝ 2018 թ. ֆիսկալ քաղաքականության արդյունքում ծախսային քաղաքականության փոփոխության հետևանքով վերափոխվեց նաև պակասուրդի շեմը: Նորացված քաղաքականության նպատակն է իրականացնել ավելի բարելավված ծախսային ճկունություն, պահպանել կապիտալ ծախսերը, մեղմացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիան՝ միաժամանակ կառավարության պարտքն իջեցնելով ՀՆԱ-ի 50%-ից ցածր՝ միջնաժամկետ հեռանկարում:

Ավելի խիստ հարկաբյուջետային քաղաքականությունը, կայուն միջնաժամկետ աճը և զսպվող տոկոսադրույքները համահունչ կլինեն համախառն պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազեցմանը: «Մեր կանխատեսումով՝ այն 2019 թ. կիջնի մինչև ՀՆԱ-ի 55.5%-ի չափով, իսկ 2020 թ.՝ մինչև ՀՆԱ-ի 54.5%: 2018 թ. ավարտին այն եղել է 55.8%»,- նշել են Ֆիտչի փորձագետները:

Ընթացիկ հաշվի պակասուրդը 2017 թ. ՀՆԱ-ի 2.4 %-ից 2018 թ. կտրուկ աճել է՝ կազմելով ՀՆԱ 9.1 %-ը: Դրա պատճառը, մասնագետների կարծիքով, կարող է լիել առևտրի պակասուրդը: Fitch-ի կանխատեսմամբ՝ հաշվի պակասուրդը 2019 թ. կկրճատվի մինչև ՀՆԱ 5%-ի չափ՝ արտահանման դրական զարգացումների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության շնորհիվ: Սակայն, ըստ վերլուծաբանների, ռուբլու արժեզրկումը կազդի դրամական փոխանցումների վրա, իսկ պետական ծախսերի ավելացումը ճնշում կգործադրի ներմուծման վրա: Օտարերկրյա ուղղակի ներդրումները չեն բավականացնի պակասուրդը լրացնելուն: Դա էլ 2019 թ. իր հերթին կբերի արտաքին պարտքի ավելացմանը՝ մինչև ՀՆԱ 48,8%:

Մեր երկրի արտաքին լիկվիդայնության ցուցիչներն ըստ Ֆիտչի՝ ավելի թույլ են, քան մեզ նման տնտեսություն ունեցող երկրներինը: Կենտրոնի կանխատեսումներով՝ Հայաստանի արտաքին ֆինանսական կարիքները 2020 թ. կարող են հասնել մինչև մեր երկրի միջազգային պահուստների 95.2%-ին: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ հաջորդ տարի 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հայկական եվրաբոնդերը մարված կլինեն:

Փորձագետները նշում են, որ ԱՄՀ հետ այս տարվա ապրիլին կնքված 248.2 միլիոն դոլարի stand-by վարկն արտաքին ռիսկերի հանդեպ կապահովի որոշակի բուֆեր: Իսկ լողացող փոխարժեքը, արտաքին ֆինանսավորման հասանելիությունը և միջազգային պաշտոնական աջակցությունը նվազեցնում են վճարման բալանսի վրա կարճաժամկետ ճնշման ռիսկերը:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը և դրա հետևանքով առաջացած հակասությունը Նիկոլ Փաշինյանի և դատական համակարգի միջև կարող է հանգեցնել կառավարության կողմից դատական համակարգի բարեփմանն առաջնահերթություն տալուն: «Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հակամարտությունը կարող է սրվել, և Հայաստանի սահմաններն իր երկու հարևանների հետ մնում են փակ»,- ընդգծված է Ֆիտչի հրապարակած հաղորդագրության մեջ:

Հայաստանի բանկային համակարգը մնում է կայուն՝ 2019 թ. առաջին եռամսյակում 18% կապիտալիզացիայով: ԿԲ դասակարգման համաձայն՝ չաշխատող վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 5%-ը: «Այդուամենայնիվ, եկամտաբերությունը ցածր է, իսկ վարկավորումը 2018 թ. աճել է 16.5%-ով: Դա ստեղծում է բանկերի կողմից ռիսկային վարքի վտանգներ: Չնայած ՀՀ ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկել արտարժույթով վարկավորումը սահմանափակելու և լիկվիդայնությունը բարձրացնելու համար, դոլարիզացիան դեռևս բարձր է: Չնայած նվազմանը՝ 2019 թ. առաջին եռամսյակում այն դեռևս կազմում է ընդհանուր դեպոզիտների 52%-ը և վարկերի 51%-ը»,- նշել են Ֆիտչի վերլուծաբանները:

Ըստ Ֆիտչի՝ հիմնական գործոնները, որոնք կարող են նպաստել և հանգեցնել վարկանիշի վերանայմանը, հետևյալն են`

– Համոզմունքը, որ տնտեսական քաղաքականության բարեփոխումները, կառավարման և կառուցվածքային արդյունավետությունն ամրապնդվում են,

– Մեծ վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազում է,

– Արտաքին բալանսի կայուն բարելավումը:

Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ հանրագումարում հանգեցնել «Կայուն» կանխատեսման վերանայմանը`

– Ընթացիկ հաշվի բարձր պակասուրդի հետ կապված արտաքին ռիսկերի ավելացումը,

– Հարկաբյուջետային (ֆիսկալ) կտրուկ փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել պետական պարտք/ՀՆԱ` հարաբերակցության կրճատման ձախողմանը միջնաժամկետ հեռանկարում:

Ֆիտչի փորձագետները կանխատեսել են, որ Հայաստանը կշարունակի դրսևորել սոցիալական և քաղաքական կայունություն, և Արցախի հարցը չի սրվի այն մակարդակի, որը կազդի տնտեսական և ֆինանսական կայունության վրա: Կենտրոնի մասնագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը 2019 թ. կաճի 1.5%, իսկ 2020 թ.՝ 1.9%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է

Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը:

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար: