Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հեղափոխությունն ու ֆինանսական կայունությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:02 , 04 Մայիս 2018

Որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում վերջին օրերին մտահոգություններ էին առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։

ՀՀ Կենտրոնական բանկը այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել՝ լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:

ԿԲ-ն նաև հիշեցրել է, որ ինքն անկախ, ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը:

Քանի որ ոչ բոլորն ունեն տնտեսագիտական կրթություն և գիտեն՝ ինչ է իրացվելիությունը կամ լիկվիդայնությունը, մի փոքր պարզաբանենք ԿԲ հայտարարությունը։

Եվ այսպես, ինչո՞վ է զբաղվում առևտրային բանկը։ Այն մի կողմից՝ քաղաքացիներից փող է վերցնում՝ ցպահանջ և ժամկետային ավանդների տեսքով, մյուս կողմից՝ այդ փողն «աշխատեցնում է»՝ վարկ է տալիս կամ ներդնում փող բերող տարբեր արժեթղթերի մեջ։

Սակայն բանկը չի կարող իր մոտ հավաքված ամբողջ փողը որպես վարկ տրամադրել։ Որովհետև կա տեսական հնարավորություն, որ մեծ թվով ավանդատուները միաժամանակ կարող են գնալ բանկ և պահանջել կանխիկացնել ու իրենց տալ իրենց հաշիվների վրա եղած գումարը։

Ավանդատուն կամ հաշվետերն իրավունք ունի ցանկացած պահի իր գումարը ետ պահանջել բանկից, բանկն էլ պարտավոր է այդ պահանջը կատարել։ Սակայն բանկը չի կարող վարկառուից պահանջել վաղաժամկետ մարել վարկը, եթե վերջինս պայմանագրի դրույթները չի խախտել։

Սա նշանակում է, որ բանկը պարտավոր է ունենալ որոշ չափով, այսպես կոչված, լիկվիդային (իրացվելի) ակտիվներ՝ կանխիկ դրամ կամ այնպիսի ակտիվներ, որոնք հնարավոր է շատ կարճ ժամկետով և առանց արժեքային կորստի՝ վերածել փողի (պարտատոմսեր, ոսկի և այլն)։

Իսկ որքա՞ն լիկդիդային ակտիվներ պետք է ունենան բանկերը, կամ, այլ կերպ ասած՝ նվազագույնը որքա՞ն պետք է լինի դրանց լիկվիդայնությունը։

Այդ սահմանները այսօր որոշվում են Կենտրոնական բանկի տնտեսական նորմատիվներով։ Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկի 2 նորմատիվներով կարգավորում է բանկերի լիկվիդայնությունը։

Նորմատիվ Ն2-1-ը սահմանում է բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը։ Այն պետք է լինի նվազագույնը 15%։ Այլ կերպ ասած, բանկի ընդհանուր ակտիվների առնվազն 15%-ը պետք է լինի փող կամ այնպիսի ակտիվներ, որոնք հնարավոր լինի արագ վերածել փողի (թանկարժեք մետաղներ, պետական պարտատոմսեր և այլն) և մարել պարտավորությունները։

Իսկ նորմատիվ Ն2-2-ը սահմանում է բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը։ Այն պետք է լինի 60%։ Այս նորմատիվները խախտելու դեպքում բանկերը ենթարկվում են պատասխանատվության և անգամ կարող են զրկվել բանկային գործունեության լիցենզիայից։

Իսկ որքա՞ն է բանկերի փաստացի լիկվիդայնությունը։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2018 թվականի փետրվարի 28-ի դրությամբ, ՀՀ 17 առևտրային բանկերի Ն2-1 նորմատիվը (բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 31.1% է (նվազագույնը՝ 15% է)։ Իսկ Ն2-2 նորմատիվը (բանկի բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) 153.4% է (պահանջվող նվազագույն 60%-ի դիմաց)։

Սա նշանակում է, որ Հայաստանյան բանկերն ունեն բավարար փող՝ հաճախորդներին վճարելու համար։

Տեսականորեն խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասին որոշենք խնդիր ստեղծել։ Այսինքն, գնանք և միաժամանակ հանենք ավանդները կամ հաշիվների վրայի գումարը՝ կոչ անելով նույնն անել նաև մեր բարեկամներին ու ծանոթներին։

Սակայն մեր բնակչությունն ունի բավարար տեղեկացվածություն, փորձ և, ինչո՞ւ ոչ՝ ինտուիցիա, և խուճապի հավանականությունը զրոյին մոտ է։ Միգուցե ռոմանտիկ թվա, բայց ներքաղաքական իրադարձություններն այս առումով բացասական էֆեկտ չեն ունեցել. քաղաքացիները լավատես են և դրական սպասումներով լի։

Սակայն, բնական է, որ ասեկոսեներ և կոչեր տարածողներ կլինեն։ Մեկը կմտածի՝ դրանով լավություն է անում՝ իր համաքաղաքացիներին խնդիրներից զերծ պահելու համար (իրականում վատ բան է անում), մյուսը՝ դա անում է գիտակցաբար, ինչ-ինչ շահերով առաջնորդվելով՝ ֆինանսական համակարգում խուճապ ստեղծելու համար։

Հենց այդ պատճառով ԿԲ-ն հորդորում է բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:

«ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»,- ասվում է ԿԲ հայտարարության մեջ:

Մեր կողմից ավելացնենք, որ պետք է հավատալ Կենտրոնական բանկին, հանգիստ լինել, շարունակել պայքարել կամ տոնել, և որքան չանհանգստանաք ֆինանսական համակարգի մասին, այն այնքան կայուն կլինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախկին կենսաթոշակային վճարի 5%-5%-ի փոխարեն սահմանվում է 2.5%-7.5% հարաբերակցություն։