Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:12 , 31 Օգոստոս 2018

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,  «Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների» հասարակական կազմակերպության նախագահ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին, դրա իրական արժեքին ու որակին։

ashot-markosyan

Ստորև ներկայացնում ենք նախաբանը և մի փոքր հատված՝ առաջին գլխից։

Ցավոք, ամբողջը չենք կարող հրապարակել՝ մեծ ծավալի պատճառով, սակայն այս հղմամբ կարող եք ներբեռնել վերլուծության ամբողջական տարբերակը` Վերլուծություն:

 

* * * 

Աշխարհի բոլոր ժամանակների և ժողովուրդների

առասպելները ստեղծել են մարդիկ:

Ժողովրդական իմաստություն

Հատկապես վերջին օրերին, կապված հայտնի իրադարձությունների հետ, ակտիվացել է Հայաստանի երրորդ հանրապետության երկրորդ նախագահը: Մասնավորապես, ս.թ. օգոստոսի 16-ին Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում նա նշեց, որ իր նախագահական 10-ը տարիների ընթացքում հանրապետությունում գրանցվել է աննախադեպ երկնիշ տնտեսական աճ, որի արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան 5 անգամ, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 8 անգամ:

Սովորական քաղաքացու վրա այս թվերը կարող են ունենալ տօավորիչ ազդեցություն, որովհետև իրոք տասնամյակի ընթացքում մակրոտնտեսական նման ցուցանիշների աճը երկրների տնտեսական պատմության մեջ իրոք աննախադեպ է: Սակայն, յուրաքանչյուր բանական մարդում մոտ հարց է առաջանում, թե ինչպես կարող է դժվարին քաղաքաքան, սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հայտնված փոքր երկիրը կարողացավ գրանցել այդպիսի բարձր ցուցանիշներ: Եվ միթե ՀՀ երկրորդ նախագահը այնքան զորեղ էր, որ կարողացավ հասնել նման ձեռքբերումների և նվաճումների:

Ո՞րն է իրողությունը, և նման պնդումները ինչ աղերս ունեն ճշմարտության հետ: Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանելու համար ամենակարևոր փաստարկը <<չոր թվերի լեզվով>> խոսելն է, այդ պատճառով էլ ստորև ներկայացվող նյութում օգտագործվում են բացառապես պետական պաշտոնական վիճակագրական տվյալներն ու դրանց հիման վրա կատարված վերլուծություններն ու եզրահանգումները:

Քոչարյանական տասնամյակում վարված տնտեսական քաղաքականությունը բնութագրելու նպատակով բերված ցուցանիշների վիճակագրական շարքերը ընդգրկում են 1999-ից 2010-ը թվականները: ՈՒ թեր քոչարյանական տխրահրչակ նախագահական կառավարման տասնամյակն ավարտվում է 2008թ.-ի մարտի 1-ով, այդ քաղաքականության սնանկությունը ցույց տալու նպատակով նպատակահարմար գտանք ներկայացնել նաև 2009թ.-ի համապատասխան ցուցանիշները, որպեսզի առավել պատկերավոր դառնա քոչարյանական կորսված տասնամյակի անփառունակությունը և երկրի համար ունեցած թե քաղաքական և թե սոցիալ-տնտեսական ծանր հետևանքները:

1. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ ԿԱՄ ԿՈՐՍՎԱԾ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

 Я тогда — по полю вдоль реки …
Света — тьма, нет Бога!
А в чистом поле — васильки,
И дальняя дорога.
Вдоль дороги — лес густой
С бабами-ягами,
А в конце дороги той
Плаха с топорами.

Где-то кони пляшут в такт,
Нехотя и плавно.
Вдоль дороги всё не так,
А в конце — подавно.
И ни церковь, и ни кабак —
Ничего не свято!
Нет, ребята, всё не так!
Всё не так, ребята…

 Из песни “Моя цыганская”

В.Высоцкий

Աղյուսակ 1-ում ներկայացված են Հայաստանի ՀՆԱ-ի (այդ թվում՝ բնակչության մեկ շնչի հաշվով), ՀՀ դրամ/ԱՄՆ դոլարի փոխարժեքի և ՀՀ բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները:

table01

Մեր խորին համոզմամբ, ՀՀ-ում տնտեսական աճի ցուցանիշները գիտակցաբար աղավաղվել են՝ նվազեցնելով դրանց բազիսային (1990թ.) մակարդակը:

Այդպիսի մոտեցման նպատակն է եղել, ունենալով ցածր բազային մեծություն, ցույց տալ աճի ավելի բարձր տեմպեր: Այս հանգամանքը պարզվում է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ՀՆԱ-ների ցուցանիշների ուսումնասիրության արդյունքում: Այսպես, 1990թ.-ի համեմատությամբ 2000թ.-ին Վրաստանի ՀՆԱ-ի մեծությունը կազմել է 37.5%, 2004թ.-ին` 48.7%, 2008թ.-ին՝ 67.1%, 2013թ.-ին՝ 80.9%, 2017թ..-ին՝ 93%: Հայաստանի համար այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 2000թ.-ին՝ 64%, 2004թ.-ին՝ 99.9%, 2008թ.-ին՝ 156.7%, 2013թ.-ին՝ 159.3% և 2017թ.-ին՝ 183.3%, իսկ Ադրբեջանի համար՝ 47.5%, 58.9%, 89.3%, 210.0%, 262.0% և 264.4% (հաշվարկները կատարվել են Համաշխարհային բանկի կողմից մշակված համաշխարհային զարգացման ցուցանիշների հիման վրա):

Նկատենք նաև, որ 1990թ.-ին նշված երեք երկրների ՀՆԱ-ների մեծությունները կազմել են՝ Հայաստանինը` 2.25 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը` 8.85 մլրդ ԱՄՆ դոլար և Վրաստանինը` 7.75 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 1990թ.-ին կազմել է՝ Հայաստանում` 637 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 1237 ԱՄՆ դոլար, Վրաստանում` 1614 ԱՄՆ դոլար: Ամենևին էլ չմերժելով այն հանգամանքը, որ Ռ.Քոչարյանի[1] նախագահության տարիներին ՀՀ-ում գրանցվել է տնտեսական աճ, սակայն կարծում ենք, որ դրա միջին տարեկան մեծությունը կազմել է ոչ թե 10.5%, այլ իրական տնտեսական աճը կազմել է տարեկան 4.15% (10.5 / 2.53): Նշված հանգամանքի վրա առաջին անգամ ուշադրություն է դարձրել ՀՀ նախկին վարչապետ, պրոֆ. Հրանտ.Բագրատյանը՝ ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման նստաշրջանում: Պրոֆեսոր Բագրատյանը նաև բերում է այսպիսի տվյալներ. 1990թ.-ին  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է Հայաստանում՝ 2950 ռուբլի, Վրաստանում՝ 2750 ռուբլի և Ադրբեջանում՝ 2060 ռուբլի[2]։ Այստեղից նա նույնպես եզրակացնում է, որ որպեսզի քոչարյանական բարձր աճը տեղավորվի ՀՆԱ-ի մեջ ՀՀ ԱՎԾ-ի պետը պարզապես իջեցրել է ՀՆԱ-ի 1990 թվականի բազան։

Աղյուսակ 1-ի տվյալներից հետևում է, որ 2008թ.-ին 1999թ.-ի համեմատությամբ ՀՀ ՀՆԱ-ն (այդ թվում՝ բնակչության մեկ շնչի հաշվով) դրամական արտահայտությամբ ավելացել է 3.61 անգամ, դոլարային արտահայտությամբ՝ 6.32 անգամ: ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար փոխարժեքը 2008թ.-ին 1999թ.-ի համեմատությամբ կազմել է 57.2%: Հաջորդ եզրակացությունը, որը կարելի է կատարել աղյուսակի տվյալներից այն է, որ 2009 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նկատվել է ՀՆԱ-ի զգալի անկում, որը աշխարհի՝ անկում գրանցած երկրների շարքում իր մեծությամբ երրորդն է:

Հարց է առաջանում. ո՞րն է դրա պատճառը:

Պատասխանը հայտնի է բոլորին՝ 2008թ.-ին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի <<ալիքները>> Հայաստան հասան 2009 թվականին: Այստեղից կարելի է կատարել հետևյալ եզրակացությունը. ՀՀ-ում ՀՆԱ-ի 1999-2008 թվականների զգալի աճը մեծապես կապված է եղել համաշխարհային տնտեսության վերելքի հետ և այն հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, որոնք խաթարվել են հենց արտաքին գործոնի (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի) հետևանքով: Երկրորդ եզրահանգումն այն է, որ 1999-2008թթ. ընթացքում ՀՀ-ում ձևավորված տնտեսությունը և նրա կառուցվածքը չեն ունեցել կայունության և դիմադրողականության բավարար պաշար, և արտաքին ցնցումների պատճառով տնտեսությունը պարզապես փլուզվել է: Այլ կերպ ասած, վերը նշված տասնամյակում ստեղծվել է տնտեսության անարդյունավետ կառուցվածք, որն ուղղակի կախվածության մեջ է գտնվել արտաքին գործոններից, ու դրանցից թեկուզ մեկի պատճառով խախտվում է տնտեսության հավասարակշռությունը:

Այդ մասին են վկայում նաև համաշխարհային տնտեսության զարգացման ցուցանիշները, որոնց համաձայն համաշխարհային ՀՆԱ-ն 1999-2008թթ.-ին կրկնապատկվել է (կամ ավելի ստույգ՝ աճել է 1.95 անգամ), 1999թ.-ին համաշխարհային ՀՆԱ-ի մեծությունը կազմել է 32.5 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը 2008թ.-ին հասել է 63.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի[3]:

Անընդունելի է խոսել առանձին երկրում տնտեսական աճի ցուցանիշի փոփոխությունների մասին՝ առանց դիտարկելու համաշխարհային միտումները և համեմատություններ անցկացնելու մյուս երկրներում նույն ցուցանիշի դինամիկայի հետ: Այդ նպատակով աղյուսակ 2-ում բերված է աշխարհում և մի շարք երկրներում ՀՆԱ-ի մեծությունների դինամիկան 1999-2009 թվականներին, որտեղ դիտարկված է աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, ՀՀ-ի և նրա հարևան երկրների ՀՆԱ-ի մեծությունների փոփոխությունները: Այսինքն՝ հիմնականում այն երկրների, որոնք սերտ առևտրատնտեսական հարաբերություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետ:

table02

Աղբյուրը՝ կազմվել է https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?end=2008&start=1999 տվյալներով:

Աղյուսակ 2-ի տվյալներից հետևում է, որ 1999-2008թթ. ժամանակահատվածում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող առաջին երեք երկրներն են՝ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը և Ղազախստանը (որոնք հիմնականում վառելիքաէներգետիկ ռեսուրսներ արտահանող երկրներ են): Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա նրանց տնտեսական աճը նույնպես զգալի է եղել. Բելառուսը՝ 5 անգամ, Վրաստանը՝ 4.5, Ղրղզստանը՝ 4.2, Իրանի Իսլամական Հանրապետությունը` 3.5, Թուրքիան՝ 2.9 անգամ: Այսինքն, այնպես չէ, որ մյուս երկրներում ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսական զգալի աճ չի գրանցվել, իսկ Հայաստանում այն կազմել է 6.4 անգամ:

Այս տեսանկյունից առավել հետաքրքրական է, թե ուսումնասիրվող տասնամյակի զարգացման արդյունքում երկիրն ինչպիսի <<ամրության>> տնտեսություն է ունեցել: Աղյուսակ 2-ի տվյալներից հետևում է, որ բերված երկրների շարքում ամենախոցելին եղել է ՀՀ տնտեսությունը, քանի որ նախորդ տարվա համեմատությամբ 2009թ.-ին ՀՆԱ-ի անկման երկրորդ ամենաբարձր (Ռուսաստանի Դաշնությունից հետո, որտեղ անկումը կազմել է 26.4%) ցուցանիշն ունեցել է Հայաստանի Հանրապետությունը, այն կազմել է 25.9% (իսկ դրամական արտահայտությամբ 14.1%): Համեմատության համար նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցած ՀՆԱ-ի անկումը, օրինակ,   Բելառուսում կազմել է 18.9%, Վրաստանում՝ 16.4%, Թուրքիայում՝ 15.6%, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել 101.97% ՀՆԱ-ի աճ:

Բերված միջազգային համադրություններից հետևում է, որ ինչպես հիմնական գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային մյուս երկրների համեմատությամբ ՀՀ տնտեսությունն ամենաքիչ դիվերսիֆիկացված երկրներից մեկն է:

Ամբողջական նյութը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝  Վերլուծություն

——————

[1] Ռ.Քոչարյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 1997թ.-ի մարտի 14-ին, ՀՀ նախագահ է ընտրվել 1998թ.-ի ապրիլի 9-ին, իսկ նրա նախագահական երկրորդ ժամանակահատվածն ավարտվել է 2008թ.-ի ապրիլին: Սակայն ելնելով այն հիմնադրույթից, որ ՀՀ նախագահի գործողությունների 60%-ն իրականացվում է նրա լիազորություները ստանձնելուց վեց ամիս հետո, իսկ 100%-ը՝ մեկ տարի անց, այդ պատճառով էլ մեր հաշվարկներն իրականացվել են սկսած 1999 թվականից:

[2] Հաշվված է՝ Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Статкомитет СНГ. – М.: 1994, стр. 12-13.

[3] Տե’ս https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։