Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵԱՆՅՈՒԹ: ՔԿ-ն պարզաբանումներ է ներկայացրել Ամուլսարի գործով վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 26 Օգոստոս 2019

Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախատեսված մեղմման միջոցները Advanced Resources Development (ELARD, ԷԼԱՐԴ) ընկերության փորձագետները գնահատել են ողջամիտ և համապատասխան։ Այդ մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

Լրագրողներից մեկն ընթերցեց ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների զեկույցից մի հատված, որտեղ գրված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները անվստահելի, հետևաբար, հարցին, թե հանքավայրի ընդհանուր շահագործումը կարո՞ղ է, արդյոք, համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Լրագրողը հարցրեց, թե ինչպե՞ս է Քննչական կոմիտեն պնդում, որ շահագործումից վտանգ չկա: Իվանյանը պատասխանեց, որ առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն առկա վտանգները։

«Մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան։ Միաժամանակ, առաջադրվել են լրացուցիչ միջոցառումներ, և փորձագետները նշում են, որ եթե այդ ամբողջ համակարգը կիրառվի պատշաճորեն, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա»,- ընդգծեց Քննչական խմբի ղեկավարը։

Հարցին, թե Քննչական կոմիտեն ի՞նչ մասնագետների հետ է քննարկել «Լիդիան Արմենիա»-ի պարզաբանումների հավաստիությունը և ինչո՞ւ է այդ ընկերությունը ներգրավվել որպես քրեական գործի կողմ, Իվանյանը պատասխանեց, որ վարույթ իրականացնող մարմինը «Լիդիան Արմենիա»-ի պարզաբանումները, ներկայացված հիմնավորումներն ու փաստարկները քննարկել է, վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ և եկել է եզրահանգումների։ «Դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում ընկերությանը որպես կողմ ներգրավելը, որովհետև, եթե ընթանում է փորձաքննություն, և կասկածի տակ է դրվում տվյալ ընկերության գործունեությունը, ապա պետությունը պետք է ապահովի բոլոր միջոցները, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները։ Եվ վերջնական գնահատականը, ամեն դեպքում, տալիս է վարույթ իրականացնող մարմինը»,- ասաց Իվանյանը։

Ավելի վաղ Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», – ասված է եզրակացությունում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:

Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել: Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կառավարելի է»:

Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է բարելավել աղտոտման աղբյուրները և դրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը։ Միևնույն ժամանակ, զեկույցում առկա են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առանձին դիտարկումներ որոշ թերությունների և խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենալ Սևանա լճի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ գործադրել է մեծ ջանքեր և եղել հետևողական: Թե հատկապես որ գործողությունների համար է Հայաստանը հանվել «մոխրագույն ցուցակից», իմացեք՝ կարդալով հոդվածն ամբողջությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Խրախուսվելու է էներգախնայողությունը

Կառավարությունը ԵՄ-ի օժանդակությամբ խրախուսում է էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այն հիմնել էր 2011 թ.՝ ծրագրի իրականացման համար: 2016 թ.-ից այն չի գործել: