Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քարինջի բնական հմայքն ու սոցիալ-տնտեսական աղետը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

11:28 , 03 Սեպտեմբեր 2018

Կարապետ Թոմիկյան, տնտեսական գիտությունների թեկնածու

Աննա Մկրտչյան

Գոռ Բադալյան

Լոռու մարզում կա հրաշալի բնություն ունեցող Քարինջ գյուղ: Եթե փորձեք համացանցում փնտրել այն, այս նույն տեքստին կհանդիպեք. «Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թ.: Բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Գյուղը գտնվում է Չաթինդաղ լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 1230 մ բարձրության վրա: Գյուղն իր գեղեցիկ աշխարհագրական դիրքով և գեղատեսիլ բնությամբ արժանացել է հայ մեծ նկարիչ Սարյանի վրձնին (1952թ.), այդ նկարը պատկերված է հայկական 5000 դրամանոց թղթադրամի վրա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում հաճախակի են չորային տարիները, որից մեծապես տուժում են գյուղատնտեսական աշխատանքները: Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաքից 164 կմ է, մարզկենտրոնից` 44 կմ, համայնքի կենտրոնից` 8 կմ: Բնակավայրը սահմանակից է Թումանյան քաղաքին և Մարց, Դսեղ ու Ակներ գյուղերին: Գյուղի տարածքում կան բազալտի հանքավայրեր: Գյուղի կենտրոնում կա եկեղեցի: Գյուղում կա հանրակրթական դպրոց,նախադպրոցական ուսումնական հաստատություն, գրադարան, փոստ և բուժկետ»:

Qarinj1

Ու մի քանի պաշտոնական վիճակագրական տվյալներ. վարչական տարածքը 3601 հա է, առկա բնակչությունը՝ 580 մարդ, մշտական բնակչությունը՝ 634, առկա տնային տնտեսությունների քանակը՝ 144, մշտական տնային տնտեսություններինը՝ 172: 2015 թ. նոյեմբերի 24-ի ընդունված  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասի» ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը, որի կենտրոնը Թումանյան քաղաքն է:

Որոշեցինք այցելել գյուղ: Ինչո՞ւ հենց Քարինջ: Որովհետև գյուղի երիտասարդները ֆեյսբուքի միջոցով ակտիվորեն հրավիրում էին իրենց մոտ: Ինչևէ, մայրուղուց՝ Թումանյան քաղաքից սկսեցինք բարձրանալ դեպի Քարինջ: Բառերով անհնար է նկարագրել այդ 8 կիլոմետրանոց ճանապարհի վիճակը. այն պարզապես հող չէ, դա սարսափելի քարքարոտ, ավիրված ճանապարհ է, և տպավորություն կա, թե երբեք դրանով մեքենա չի անցնում: Հետո ճշտեցինք, որ ճանապարհի վերանորոգումը պարզ հաշվարկներով գնահատվել է մոտ 1 մլրդ դրամ: Հասկանալի է, որ սեփական ռեսուրսներով Հայաստանում ոչ մի համայնք չի կարող ճանապարհ վերանորոգել. Թումանյան համայնքի 2018թ.ընդհանուր բյուջեն ընդամենը մոտ 122 մլն դրամ է, որից 88 մլն-ը՝ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները:

Qarinj6

Սակայն ներհամայնքային ճանապարհը միակ ենթակառուցվածքը չէ, որ բացակայում է Քարինջում: Գյուղը գազաֆիկացված չէ, իսկ ջուրը ժամով են տալիս. առավոտյան 1-2 ժամ: Մեր այցից մի քանի օր առաջ վերջապես համայքապետարանը լուսավորել էր գյուղամեջը, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների մոտ: Կենցաղային պայմանները բավական վատն են՝ պայմանավորված նաև ներտնային սանհանգույցների, կենցաղային էլեկտրատեխնիկայի սակավությամբ:

Qarinj7

Քարինջեցին իրավունք չունի հիվանդանալու, որովհետև մոտակա պոլիկլինիկան գտնվում է համայնքի կենտրոնում՝ Թումանյան քաղաքում, իսկ ավելի լուրջ բժշկական հաստատությունը՝ 44 կմ հեռավորության վրա՝ Վանաձորում: Շտապ օգնության մեքենան գյուղ պետք է հասնի մոտակա Ալավերդիից՝ 40 կմ ճանապարհ անցնելով:

Կրթության ոլորտի վիճակը նույնպես չի կարելի գնահատել բավարար: Գյուղում կա դպրոց միջինում 80-85 աշակերտով,  բայց կրթօջախն ունի տարբեր մասնագետների կարիք, օրինակ, տարիներ շարունակ անգլերենի ուսուցիչ չունեն: Դա այն դեպքում, երբ երիտասարդները երազում են նորմալ կրթություն ստանալու մասին: Նրանցից մի քանիսը սովորում են Վանաձորի պետական համալսարանում, բայց դա էլ լրացուցիչ ծախսերի հետ է կապված:

Qarinj3

Այնուամենայնիվ, ըստ գյուղացիների, համայնքների միավորումից հետո գյուղում որոշ դրական փաստեր արձանագրվել են: Օրինակ, աղբահանության վիճակն է բարելավվել, կանգառ ու ջրագիծ է կառուցվել: Բայց գլոբալ առումով գյուղի երիտասարդները համայնքի խոշորացումը նմանեցնում են «վիճակախաղի». պետք սպասես, որ բախտդ բերի՝ մի օր համայնքի բյուջեից ֆինանսավորում ստանաս:

Քարինջի բնակիչներից ընդամենը մի քանիսն են, ովքեր կայուն եկամուտ ունեն, աշխատում են գյուղապետարանում, գյուղի դպրոցում և մանկապարտեզում: Բնակիչների մի մասը գտնվում է արտագնա աշխատանքում: Գյուղում ապրում են հիմնականում երիտասարդները, կանայք ու ծերերը. վերջիններիս եկամուտն էլ գոյանում է կենսաթոշակից: Գյուղում զբաղվում են առօրյա գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Ընդ որում, երկուսն էլ հիմնականում սեփական կարիքների բավարարման համար են, քանի որ խոշոր ֆերմեր, որպես այդպիսին, գյուղում չկա: Ավելին, գյուղում կա գյուղմթերքի լրացուցիչ պահանջարկ. յուրաքանչյուր երեկո մրգի ու բանջարեղենի վաճառքով զբաղվող մեքենա է գալիս գյուղ:

Qarinj5

Մի քանիսը զբաղված են մանրածախ առևտրով. ինչպես իրենք են ասում՝ «խանութ» ունեն: Ժամանակին գյուղն ունեցել է համեմատաբար մեծ խանութ, սակայն դադարել է գործել, ինչից հետո մարդիկ մի քանի բան են գնում քաղաքից ու վերավաճառում են սեփական տներում:

Qarinj2

Մի հետաքրքիր կիսակառույց մեծ շինություն կա գյուղում, որը 20-30 տարի առաջ կառուցվել է որպես մանկապարտեզ, բայց այդպես էլ չի շահագործվել: Շենքը պատկանում է համայնքին: Գյուղացիների կարծիքով, կառույցը ներդրում է պահանջում կաթի կամ հատապտուղների վերամշակման ոլորտում: Հեռանկարային կլինի այն օգտագործել նաև գյուղական զբոսաշրջության մեջ:

Qarinj1

Այս ոլորտում գյուղն ունի մեծ մրցակցային առավելություն՝ չքնաղ բնություն, կլիմա: Հենց այս շեշտադրումն են անում գյուղի երիտասարդները: Հարությունը ողջ կյանքն ապրել է Ռուսաստանում, հիմա եկել է գյուղ՝ տատի ու պապի մոտ, բայց չի ուզում գնալ: Ցանկանում է ամեն ինչ փորձել տուրիզմի ոլորտում: Շատ զբոսաշրջիկներ են արդեն հետաքրքրված գյուղով, բայց նրանց ընդունելու հնարավորություն չկա: Գյուղում կա վաճառքի ենթակա մոտ 40-50 սեփական առանձնատուն,  որոնց արժեքը տատանվում է 3-10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: Հյուրատներ կառուցելու նպատակով այդ տներում ներդրում կատարելու, ճանապարհը բարեկարգելու և նվազագույն կոմունալ ենթակառուցվածքներն ապահովելու դեպքում զբոսաշրջության զգալի աճ կգրանցվի, իսկ երիտասարդներն էլ պատրաստ են ջանք չխնայել գործն առաջ տանելու համար:

Qarinj9

Տարոնը, ով սովորում է Վանաձորի պետական համալսարանում, վստահ է, որ Քարինջը գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ հնարավորություններ ունի. հողը բերրի է, ստացված մթերքն էլ՝ համեղ ու բնական: Որպես հեռանկարային ճյուղ՝ նա նշում է մեղվաբուծությունը, քանի որ Լոռին հայտնի է իր լորենու ծառերով, որոնցից ստացված մեղրն էլ, ըստ գյուղացիների,  «իսկական մեղր» է: Այլ բան է, որ ոլորտը զարգացնելու համար չկան համապատասխան միջոցներ՝ սկսած տարրական տեխնիկայից:

Տեխնիկայի հետ կապված մի դրվագի ականատես եղանք: Վահրամը վաղ առավոտյան պետք է գնար խոտ հնձելու: Պարզվեց՝ համապատասխան տեխնիկան չի կարող ճարել: Մոտ կես ժամ անց գտավ, բայց հետո էլ մեքենա չկար, որ կարողանար այն հասցնել սարեր: Երկար փնտրտուքից հետո մեքենան էլ ճարեց, բայց մարտկոց չուներ: 1-1.5 ժամ տևեց մինչև երիտասարդը կարողացավ սկսել աշխատել:

Qarinj4

Սա Նարեկն է: Նա 17 տարեկան է: Ճկուն միտք ունի ու աշխատասեր է: Պատրաստվում է գնալ բանակ: Վերադառնալուց հետո մնալու է գյուղում: Հարցրեցինք, իսկ եթե Երևանում սովորելու հնարավորություն ընձեռնվի՞… Ասաց. «Կգնամ, կսովորեմ, կգամ գյուղ»: Վճռական էր, չէր տատանվում…

Qarinj8

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ