Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

Վերադարձ լուրերի բաժին

21:10 , 08 Օգոստոս 2019

Վարկ վերցնելը՝ ակտի՞վ, թե՞ պարտավորություն

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը: Սրանք անընդհատ հայտնվում են ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց էկրաններին: Ինչպե՞ս է ընկալում կարիքի մեջ գտնվող անձը, ում գովազդում են այսպիսի վարկ. «տրամադրում ենք 200 հազար դրամ` զրո տոկոսադրույքով»։ Ձրի փող են տալիս՝ ինչու՞ չվերցնել։ Ահա պատասխանը։ Մարդը միանգամից ենթադրում է, որ վարկ վերցնողը «օդից» ստանում է ակտիվներ՝ կարծես նվեր լինի։ Իսկ պա՞րտքը։ Մեկ ամիս հետո փողը ծախսվում է, ու վարկ վերցնողը` արդեն իսկ փող չունեցողը, պետք է վերադարձնի 200000 դրամ. «0 – 200000 դրամ = – 200000 դրամ»։ Վարկ վերցնողը, կարիքի մեջ գտնվողն այդ պահին տեսնում է միայն փողը, տեսնում է, որ առձեռն ստացավ գումար ու չի նկատում, որ միաժամանակ ձեռք բերեց պարտք։

Շուկայի ձախողում, թե անգիտակից հաճախորդ

Կա տեսակետ, որ պետությունն այս իրավիճակում անելիք չունի։ Հիմնավորումն էլ տրիվիալ է` շուկայական հարաբերություններ են, պայմանագրերն` օրինական։ Սակայն կա մի կարևոր խնդիր։ Շուկայական հարաբերությունները գործում են բազմաթիվ պայմանների, խաղի կանոնների պարագայում, իսկ դրանց բացակայությունն արդեն շուկա չէ։ Եվ այստեղ խնդիրը պարզապես ֆինանսական գրագիտության պակասը չէ: Խնդիրը նրանում չէ, որ ձեռք ես բերում ապրանք, որի սպասարկումը շատ թանկ է ու պարզապես սխալ որոշում ես կայացրել: Խնդիրը նրանում է, որ այն անձինք, ովքեր նման վարկեր են վերցնում, արդեն իսկ խոցելի խավից են` կա՛մ չունեն կայուն եկամուտ, կա՛մ մեծ խնդիրների առաջ են կանգնել, կա՛մ էլ ունեն վաղուց կուտակված պարտքեր և փնտրում են ցանկացած «փրկօղակ», որպեսզի դուրս գան պարտքային «անիծյալ» տեղապտույտից։

Շուկայի ձախողումները տնտեսագիտության մեջ համալիր ուսումնասիրված են ու դրանք նորույթ չեն. նեղն ընկած մարդն առաջնորդվում է այլ գերակայություններով, ծանր հիվանդություն ունեցողը սկսում է հավատալ ամեն ինչի, վճարում է հրաշքներ գործող հազարումի դեղի համար ու մերժում է ապացուցողական բժշկությունը։ Մարդիկ տեղյակ չեն, թե ինչպիսի ծուղակներում են հայտնվում, քանի դեռ չեն վերցրել վարկը։ Մտե՛ք ցանկացած նման վարկային առաջարկությունների ֆեյսբուքյան էջ և կարդացեք այն մարդկանց գրառումները, ովքեր արդեն իսկ օգտվել են այդ «հրաշալի» առաջարկներից։

Կարգավորե՞լ, թե՞ միջամտել, և ինչքա՞ն ու ինչպե՞ս միջամտել

Իհարկե, իրավական ու օրենսդրական կարգավորման մասին կարելի է մտածել։ Սակայն խնդիրը դանդաղ, բայցև համառ տեմպերով այնպես է ահագնանում, որ միայն կարգավորումներով արդեն իսկ անհնար է արդյունքի հասնել։ Խնդրի խորացման հիմնական պատճառը խոցելի խավերի ապառքներն են: Շատերն արդեն վարկեր են վերցնում, որ ոչ թե բիզնես անեն, այլ վաղուց հայտնված լինելով «սև ցուցակներում»` փնտրում են տարբեր ճանապարհներ, որպեսզի մեկ վարկով փակեն մյուսը, հետո հաջորդ վարկով՝ այսօրվա վարկը ու այդպես շարունակ։ Պարտքերի այս շղթան ծանր խարսխի նման ընտանիքներին իջեցնում է ջրի հատակը, որտեղից դուրս գալն օր-օրի ավելի է դժվարանում։ Այսօրվա այս իրավիճակը նման է ծխախոտի շուկային, երբ կախվածությունը, որը սկսվել է առաջին ծխախոտից, այլևս թույլ չի տալիս հրաժարվել ծխելուց ու անընդհատ պետք է շարունակես այն գնել։

Անշուշտ, միայն կարգավորումներն այսօր բավարար չեն խնդիրը հանգուցալուծելու համար, մարդիկ արդեն այնպիսի կախվածություն ունեն այդպիսի «էժան» վարկերից, որ միջամտությունը նույնիսկ կդիտարկեն որպես իրենց դեմ ուղղված գործողություն, իրավունքների սահմանափակում։ Ուստի խնդիրը պետք է դառնա պետական քաղաքականության, սոցիալական քաղաքականության, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման գործողությունների ծրագրի պարտադիր բաղադրատարր։ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունն այստեղ մեծ անելիք ունի, որ պետք է սկսել նախ միջամտության աստիճանն ու ձևերը սահմանելով։

Այս խնդիրը, եթե նույնիսկ մասշտաբներով փոքր է, իր խորությամբ չեզոքացնում է սոցիալական քաղաքականության տարատեսակ հետևանքները։ Մարդիկ, որոնք հայտնվել են պարտքային «փոսում», ոչ թե ակնկալում են պատասխան, թե «դա քո ընտրությունն է եղել», այլ համակարգված մոտեցման ու լուծումների կարիք ունեն. ճիշտ այնպես, ինչպես պետությունը չի կարող առողջապահական քաղաքականության դաշտում հրաժարվել մատչելի ծառայություն ապահովել այն քաղաքացիների համար, որոնք ուշ են դիմել բժշկի, փորձել են ինքնաբուժությամբ զբաղվել ու ավելի են վատթարացրել իրենց դրությունը։ Նույնն էլ այս ոլորտում է, ու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կառավարության, սոցիալական աջակցության ոլորտի հասարակական կազմակերպությունների, համայնքների, նաև Կենտրոնական բանկի, միջազգային զարգացման գործընկերների, գուցե այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը։ Որքան ուշացնենք թիրախավորել «հեշտ փողերի» ու արդյունքում` «հեշտ պարտքի տակ ընկնելու» խնդիրը, այնքան ավելի թանկ են հասարակության վրա նստելու դրա լուծումները։

Համառոտագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։

Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ն՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին