Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոփոխություններ՝ ՀՀ կառավարության կառուցվածքում

Վերադարձ լուրերի բաժին

19:20 , 22 Սեպտեմբեր 2016

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանվանել որոշ նախարարություններ: Այսպես՝

Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն,

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն,

Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Նախարարությունների ցանկից նախատեսվում է հանել Քաղաքաշինության նախարարությունը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը: Ըստ նրա՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետի խոսքով՝ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը, չի նշանակում, որ այդ գործառույթը չի իրականացվելու:

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում ներառելու հարցը: Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոլորտն ունի իր առանձնահատկությունները և տրամաբանական է, որ ՏՏ-ին առնչվող հարցերով զբաղվի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացի այդ, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը միացնելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտն Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնելու և առանձին կոմիտե ստեղծելու հարցերը:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարությանը, ապա ըստ կառավարության ղեկավարի, նպատակահարմար է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ վերոնշյալ հարցերին, անհրաժեշտության դեպքում, կանդրադառնան կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո:

Կառավարությունը հավանություն է տվել նաև ««ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ