Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիան» կոչ է անում ետ կանչել Հարկային օրենսգրքի նախագիծը ԱԺ-ից

Վերադարձ լուրերի բաժին

19:27 , 26 Սեպտեմբեր 2016

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիան» դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ետ կանչելու Հարկային օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովից արտահերթ նիստի օրակարգից։ Ստորև ներկայացնում ենք «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» տեքստն ամբողջությամբ.

* * *

Հարգելի պրն Կարապետյան

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիան», հետևելով իր կանոնադրությամբ սահմանված մանդատին, հանդես գալով որպես ՓՄՁ շահերը պաշտպանող հասարակական կառույցներից մեկը, սույնով դիմում է Ձեզ՝ ետ կանչելու Հարկային օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովից, որն ուղարկվել է արտահերթ նիստի քննարկման սույն թվականի սեպտեմբերի 22-ին կայացած կառավարության թիվ 965-Ա որոշման համաձայն։

Հարկային օրենսգրքի նախագծում, դեռևս առաջին ընթերցման ժամանակ ներկայացված տարբերակում առկա էին մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնց ընդունումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեր երկրում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների, մասնավորապես, գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։ Այս մասին թե՛ մեր Ասոցիացիայի, թե՛ մեր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, եղել են տարբեր ֆորմալ, ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկումներ, սակայն ինչպես տեսնում ենք, արդեն այսօր Ազգային ժողովի կայքէջում տեղակայված, երկրորդ ընթերցման համար ներկայացված ՀՕ-ի նախագծում այդ վիճահարույց դրույթները մնացել են անփոփոխ։

Ավելին, այս մասին բարձրաձայնվել է նաև հատուկ ՓՄՁ խնդիրների համար ստեղծված և արդեն շուրջ 5 տարի վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի 26.08.2016 թվականի նիստին, որտեղ եղել է հստակ հանձնարարական (մեջբերում ՓՄՁ ԶԱԽ-ի նիստի արձանագրության 4-րդ կետից)՝

4. Հարկային օրենսգրքի նախագծում տեղ գտած ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթների վերաբերյալ հարցը զեկուցեց Հակոբ Ավագյանը, քննարկում ծավալվեց խորհրդի անդամների և ներկաների միջև։

Քննարկումներից հետո որոշվեց հանձնարարել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանին՝ կազմակերպել քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի մասնակցությամբ՝ Հարկային օրենսգրքի նախագծում տեղ գտած՝ ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներին լուծում տալու մասով և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Սակայն, մինչ օրս, վերոհիշյալ հանձնարարականը չի կատարվել, և ՀՕ նախագիծն առանց ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների և հենց ՓՄՁ-ների հետ քննարկման ուղարկվել է Ազգային ժողով։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրում ՓՄՁ-ները հանդիսանում են ակտիվ հարկատուների 80-90 տոկոսը՝ անընդունելի ենք համարում առանց վերջիններիս հետ քննարկման նման կարևորագույն փաստաթուղթը ուղարկել ԱԺ օրակարգ, որտեղ,  ինչպես նախկինում ունեցած փորձն է ցույց տալիս, ընդհանրապես քննարկման մասին խոսք լինել չի կարող։

Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով այն փաստը, որ հնարավոր է՝ Ձեզ միակողմանի են ներկայացրել ՀՕ-ի նախագծի մասին կարծիքները՝ սույնով դիմում ենք Ձեզ՝ եի կանչելու ՀՕ-ի նախագիծը Ազգային ժողովից, լայնածավալ քննարկման առարկա դարձնել այդ փաստաթուղթը հենց ՓՄՁ-ների համար։

Ցավում եմ, որ մինչ այսօր մենք չկարողացանք մեր երկրում ստեղծել ինստիտուցիոնալ երկխոսության հարթակներ, հստակ գործող մեխանիզմներ՝ ՓՄՁ-պետական հատված շրջանակներում, որպեսզի պաշտոնատար անձանց փոփոխություններից ստիպված չլինենք գնալու հրատապ քայլերի ու արձագանքների, որոնք երբեմն լինում են ուշացած։

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ

Հակոբ Ավագյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: