Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ – Կառավարություն երկխոսության առաջին ծիլերը

Վերադարձ լուրերի բաժին

11:00 , 30 Նոյեմբեր 2017

Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացավ ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված դեռևս ուժի մեջ չմտած հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխությունների նախագծերը: Կարելի՞ է արդյոք դրանք համարել բարեփոխումներ։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հ.կ. գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանի հետ։

Հակոբ Ավագյան – ՓՄՁ-ներին վերաբերող մի շարք խնդրահարույց հոդվածներ այս նախագծերով շտկվում են, ավելի ճիշտ եթե ասենք՝ որոշների մասով արդարությունը վերականգնվում է: Ոչ մի դեպքում չեմ ուզում ասել, որ բարեփոխվում են: Որովհետև խոսում ենք մի փաստաթղթի մասին՝ հարկային օրենսգիրք, որն ընդունվեց կիսատ-պռատ, մի շարք վատթարացնող նորմերով և հիմա որոշների մասով, երբ կարողանում ենք հասնել փոփոխության, ապա դա միանշանակ բարեփոխում չի կարելի անվանել:

Բայց կարևոր մի դրական փաստ պետք է արձանագրենք. սրանք առաջին ծիլերն են` որպես ներկա կառավարության և ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների միջև ստացված երկխոսության արդյունք: Շատ երկար ժամանակ չէր ստացվում երկխոսել այս կառավարության հետ: Չնայած իմ փորձից ելնելով (սա արդեն երրորդ կառավարությունն է, որի հետ աշխատում ենք), բոլոր նոր ձևավորվող կառավարություններում սկզբում սկսվում է մերժողական մոտեցումը, «Մենք ամեն ինչ գիտենք, մեզ ոչինչ պետք չէ ասել, հիմա տեսեք ինչ ենք անում…» ոճի մեջ: Որոշ ժամանակ անց ստիպված են լինում նստել երկխոսության սեղանի շուրջ։ Որքան այդ երկխոսությունն ավելի շուտ է լինում, ավելի փոխադարձ գործընկերային և ոչ անձնավորված, արդյունքներն այնքան ավելի արագ են իրենց զգացնել տալիս: Սրանք աքսիոմատիկ երևույթներ են՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված, հղկված, որը լավ կլիներ, որ գիտակցեինք մենք բոլորս. պետություն-մասնավոր հատված երկխոսությունը պետք է լինի միշտ, չընդհատվող՝ անկախ նրանից, թե ովքեր են գալիս, ովքեր գնում:

Մենք ինքներս՝ բիզնես շահերը ներկայացնող կառույցներս, նույնպես, մեզ պատասխանատու ենք զգում, երբ չենք կարողանում ժամանակին կանգնեցնել վատթարացնող դրույթների ուժի մեջ մտնելը, երբ ժամանակին չենք կարողանում տեղ հասցնել բիզնեսի իրական հատվածի դարդն ու ցավը: Բայց երբ դիմացի կողմից դռները փակվում են՝ շուրջը լցնելով իրական կյանքից անտեղյակ կադրերով, խորհրդականներով, ստիպված ենք լինում սպասել մինչև սայլի անիվը նորից կոտրվի իր սիրած փոսում: Այդժամ սակայն մենք նորից լծվում ենք գործի ու փորձում արագ կարգի բերել ռելսերից դուրս պրծած գնացքը։ Չգիտես թե ինչու՝ մենք չենք նեղանում, մենք խռով չենք պահում: Որովհետև դրա իրավունքը չունենք, մենք մի պարզ սկզբունքով ենք ապրում՝ սա մեր երկիրն է, մեր ծնողն է՝ հիվանդ, թե վիրավոր, մեր փոքր բիզնեսն է, որը, իր վատ ու լավ կողմերով, մերն է…

B4B.amԿարող ե՞ք թվարկել մի քանի փոփոխություններ։

Հակոբ Ավագյան –   Կոնկրետ մի քանի դրույթներ կան, որոնց փոփոխությունը ոգևորող է: Եթե կհիշեք, վերջին անգամ վարչապետին կից գործող ՓՄՁ խորհրդում մեր կողմից բարձրաձայնվեցին դրանք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հանրային սննդի ոլորտին, որտեղ գործող տնտեսվարողների մի մասը՝ նրանք, ովքեր զբաղեցնում են 100ք/մ –ից ավելի մակերեսով սպասարկման սրահ, արդեն 2018 թվականի սկզբից հայտնվում են ԱԱՀ-ի դաշտում։ Մյուս կետերից են բիզնեսի սեփականատերերի շահաբաժնի հարկումը, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի մեջ ՀԴՄ կտրոնները ծախս չհամարելը ևս մի քանի մեղմացնող դրույթներ, որոնք վերաբերում են տուժանքներին:

Հիմա այս նախագծերով առաջարկվում է շահաբաժինները հարկել 2018թ-ի արդյունքից ստացվող շահույթի մասով: Այսինք մեկ տարով հետաձգվում է այս պահին չհարկվող օբյեկտի և դեռևս անծանոթ մեր գերփոքր բիզնեսի սեփականատերերի համար հարկատեսակի հարկումը:

Հանրային սննդի օբյեկտների համար սկսվող տարվա առաջին կիսամյակը դեռևս կմնա անփոփոխ՝ այսօրվա գործող արտոնագրային վճարների ռեժիմում, իսկ հուլիսից նոր խաղի կաննոներ է սահմանվում ոլորտի համար: Հուսով եմ՝ սա երկարատև խաղի կանոն է այս ոլորտի համար: Նրանք հայտնվում են շրջանառության հարկի ռեժիմում՝ առանց շեմի սահմանափակման՝ շրջանառության նկատմամբ հաշվարկված 10 տոկոս, որից նվազեցվում է ծախսերի մի մասի 6 տոկոսը:

ՀԴՄ կտրոնը սկսվող տարվա հուլիսից նորից կհամարվի ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե գնորդի ՀՎՀՀ-ն լինի այնտեղ և չգերազանցի կանխիկի սահմանափակումը: Ի դեպ, սա նաև կլուծի այն առևտրական գործունեություն ծավալող փոքր բիզնեսների խնդիրը, որոնք գործունեություն են ծավալում Փեթակում, Առինջ մոլում, մեծածախ շուկաներում։ Նրանք կարող են իրենցից գնումներ կատարող վերավաճառող մարզային և այլ տնտեսվարողներին տալ նշված ձևանմուշի ՀԴՄ կտրոն, որի դեպքում, ինչպես բողոքում էին նախկինում, ճանապարհին իրենց գնորդին կանգնեցող հարկայինի օպերատիվ բաժնի աշխատակիցը այլևս չի տուգանի:

B4B.am – Այսքանով կարելի է ասել, որ հարկային օրենսգրքով ՓՄՁ-ների համար սահմանված հիմնական խնդիրները լուծվեցի՞ն:

Հակոբ Ավագյան – Ոչ, իհարկե ոչ: Այս պահին առկա են դեռևս մի քանի դրույթներ, որոնց փոփոխությունների քննարկումները դեռ շարունակվում են: Իհարկե. հասկանալի է, որ այս փաստաթութղթը ներկա կառավարության ղեկավարը արդեն ձևավորված ժառանգել էր իր նախորդից, կան շատ հարցեր, որոնք պարտադրված են եղել ի սկզբանե: Բայց որ վարչապետը ականջալուր եղավ բիզնես շահերը ներկայացնող կառույցներին, դա գնահատելի է;

Ափսոսում եմ, որ այսօր ունենք մի շարք չինովնիկներ` մեկ-երկու «ռանգ» ներքև, որոնք եղել են այդ վատթարացնող դրույթների ակունքներում կանգնած, ում նախկինում ևս բարձրաձայնում էինք դրանց վտանգավորության մասին, բայց ապարդյուն: Իսկ հիմա նրանք վերադասավորվում են: Նորմալ է, դա էլ է մերը, մեր հայ չինովնիկը: Ափսոսում եմ, որ այսօր էլ նոր ձևավորված կառավարությունում ևս կան չինովնիկներ, ովքեր նախագծերը կազմելիս նայում են միայն իրենց կաբինետի պատուհանից և լուծումներն էլի ունենում ենք կիսատ: Դրա վառ օրինակն է նույն հանրային սննդի արդեն նշածս օրինակը: Այն, իհարկե, ավելի լավ լուծում է 100ք/մ-ից բարձր տարածք զբաղեցնողների համար` հաշվի առնելով, թե ինչ էր գալիս նրանց գլխին, բայց միևնույն ժամանակ վատթարացնում է 100ք/մ-ից ներքև հիմա գործողների հարկային բեռը: Դա կանխատեսելով` առաջարկում էինք հանդիպումներ կազմակերպել  այդ ոլորտի ֆոկուս խմբերի հետ, նոր գնալ լուծումներ փնտրելու: Մեկ անգամ լուծենք ոլորտի բոլոր խնդիրները՝ փոքրերինը, մեծերինը, սննդի առաքումների հարցը և այլն: Եթե գնայինք այդ ճանապարհով, հիմա կունենայինք ավելի լավ մշակված փաստաթուղթ, ինչևէ…

B4B.am – Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ միևնույն փաստաթղթի մասով երկու նախագծեր է ներկայացվում կառավարություն՝ մեկը ֆինանսների նախարարության, մյուսը ՊԵԿ-ի կողմից:

Հակոբ Ավագյան – Իհարկե, տարօրինակ է, որ միևնույն փաստաթղթի մասով երկու տարբեր պետական մարմիններ են ներկայացնում նախագծեր։ Ընդ որում, ինձ համար այդպես էլ անընդունելի է մնում, որ ինչ-որ պահից սկսած մեր երկրի ֆինանսների նախարարությունը չի վերադառնում իր հիմնական՝ քաղաքականություն մշակողի բարձր դիրքին: Էլ չեմ ասում, որ մեր Ազգային ժողովը՝ երկրի հիմնական կանոն սահմանող մարմինը, չի ստանձնում իր դերակատարումը, այլ գործադիր մարմինն ինքը սահմանում է կանոններ, ինքն էլ կիրառում:Նախորդ նստաշրջանի ամեն 10 նախագծից 9-ի հեղինակը եղել է կառավարությունը: Բայց սա մեկ այլ լուրջ խնդիր է, երբ մերօրյա Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում ոչ թե պատգամավորի բարձր մանդատը հարգող, գնահատող պատգամավորներ, այլ տեղապահներ։

Ինչ վերաբերում է նախագծերին, որքանով ես տեղյակ եմ, դրանք պետք է միասնակացվեն և նոր ուղարկվեն ԱԺ:

Անկախ Ձեր հարցերից, մի բան անպայման ուզում եմ շեշտել ևս մեկ անգամ մեր գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների՝ առևտրականի, ռեստորանտի, ծառայություն մատուցողի, արտադրողի համար, որ վերը թվարկված և չթվարկված փոփոխությունները, որոնք իրենց բիզնեսի վատթարացնող նորմեր էին, որ փոփոխվեցին,  արդյունք են երկարատև, հետևողական աշխատանքի:

Այդ աշխատանքները տարվել են ոչ միայն մեր կառույցի կողմից, այլ մեր գործընկեր մի քանի ակտիվ բիզնես շահերը ներկայացնող կառույցների (Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ, փորձագետներ և այլոք) ներկայացուցիչների կողմից։ Այս փոփոխությունները ձեռք են բերվել պաշտոնական, ոչ պաշտոնական, կաբինետային վեճերի քննարկումների, հիմնավորում-տեղեկանքների, նյարդային բախումների արդյունքում:

Չեմ առանձնացնում միջազգային կամ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող փորձագիտական կառույցներին: Իհարկ,ե կեցցեն նրանք, բայց դա նրանց աշխատանքն է, պետք է անեն, իսկ հասարակական կազմակերպությունները այդ ամենն անում են իրենց հանգստի, անձնական կյանքի հաշվին:

Եվ նորից պետք է հիշեցնեմ՝ ո՛ր օրը մենք բոլորս լինենք ավելի միասնական, ավելի ինքնակազմակերպված, ունենանք բիզնես շահերը ներկայացնող ավելի ուժեղ կառույցներ՝ ասոցիացիաներ, միություններ, ապա օր առաջ կունենանք մեզ ավելի շատ լսող, մեզ հետ հաշվի նստող պետական մարմիններ, հետևաբար՝ ավելի լավ մշակված կանոններ: Խնդիրները սրանով չավարտվեցին, չլուծված մնացին փոքր գինեգործների հարցը, արտադրողների և սուպերմարկետների հարցը, և այլն, և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը