Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ + բժշկություն. Հայաստանցի պլաստիկ վիրաբույժը իր բջջային հավելվածն է ստեղծել

Վերադարձ լուրերի բաժին

17:16 , 05 Սեպտեմբեր 2017

Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր աննախադեպ զարգացում են ապրում և ներթափանցում ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ բժշկություն։ Խոսքը ժամանակակից բժշկական սարքավորումների մասին չէ, այլ բջջային հավելվածների, որոնց միջոցով հիվանդները կարողանում են օնլայն շփում հաստատել բժշկի հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և այլն։

Հայաստանում նմանատիպ առաջին հավելվածը ստեղծել և գործարկել է բժիշկ Հրաչյա Արշակյանը։ Արդեն կես տարի է, ինչ գործում է «Dr. Arshakyan – Plastic Surgery by IMED» հավելվածը։ Այն մշակվել և գործարկվել է «Ideal Selfie» բջջային հավելվածի հեղինակ «IMED APPS» ընկերության կողմից։

Պլաստիկ վիրաբույժ, «IMED APPS»-ի համահիմնադիր Հ. Արշակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հավելվածի ստեղծման հիմանական դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա,  ներգնա բժշկական տուրիզմի խթանումն է՝ դեպի Հայաստան հաճախորդների ներգրավումը:

«Ինչպես հայտնի է, ցանկացած բժիշկ ունի իր հաճախորդների մի զանգված, որոնք գալիս են արտերկրից, իսկ դա անմիջականորեն պայամանավորված է բժշկի ճանաչվածությամբ, և շատ դժվար է առանց բժշկի հետ ուղիղ կապ հաստատելու, անհատապես նրան իմանալու, հաճախորդներին դեպի Հայաստան ներգրավելը: Պետության մակարդակով կան որոշակի ծրագրեր, որոնք իրականացվում են այս ոլորտում, բայց դեռ զարգացում չունեն: Մենք ստեղծեցինք «IMED» ընկերությունը, որը զբաղվում է ներգնա բժշկական տուրիզմով, և սկսեցինք օգտագործել ամենաարագ զարգացող ոլորտը՝ IT:

Մեր առաջին ծրագիրը «Ideal Selfie»-ն էր,որի միջոցով մարդիկ խաղում էին և փոփոխում իրենց դեմքը, քիթը, իսկ հետո ստանում իրենց ցանկալի արդյունքը, որից հետո մենք առաջարկում էինք այդ արդյունքը քննարկել բժշկի հետ: Այստեղից էլ եկավ այդ գաղափարը ՝ «բջջային հավելված պլաստիկ վիրաբույժի համար», որը կօգներ հաստատել կապ բժշկի հետ, քննարկել ցանկացած հարց անհատապես և հաղթահարել հեռավորության արգելքը. այս ամենից հետո հավանականությունը, որ հաճախորդը կգա վիրահատության համար, ավելի մեծ է», – ասում է նա:

bjishk1

Հ. Արշակյանի խոսքով, հավելվածի միջոցով աշխատելու նմանատիպ փորձ արել է Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան՝ իր բժիշկների համար, սակայն դրանք ոչ ֆունկցիոնալ, ստատիկ ծրագրեր էին և ծառայում էին որպես բժշկի այցեքարտ։ Իսկ եթե կա օրինակը, ապա, բժշկի համոզմամբ, կարելի է այն վերցնել, փոփոխել և ստանալ ավելի լավ, օգտակար պրոդուկտ. «Մեր հավելվածն «ապրող» ծրագիր է, քանի որ հաճախորդն ավելացնում է իր կարծիքը, բժիշկն ավելացնում, թարմացնում է կոնտենտը, կա դինամիկա»:

Ընդ որում, հավելվածը՝ չնայած իր առայժմ կարճ պատմությանը, արդեն բարձր արդյունավետություն է ցույց տալիս։ Բժիշկ Արշակյանն ասում է, որ իր հաճախորդների 50%-ը գալիս է հենց անձնական հավելվածի միջոցով: Իսկ նրանց նրանց առաջին ծրագիրը ՝«Ideal Selfie»-ն, օրական ներբեռնում են 100-200 օգտատերեր, որոնց մեծ մասը ՌԴ-ից են: «Մեկ տարվա ընթացում այդ ծրագրով կատարվել է մոտավորապես 70.000 մոդելավորում հաճախորդների կողմից», – ասում է Հ. Արշակյանը։

Այս դաշտում առաջինը լինելու հանգամանքը, բնականաբար, մրցակցային առավելություն է ապահովել մեր զրուցակցի համար։ Սակայն նա նշում է, որ իրենց գործընկերների համար արդեն պատրաստած ունեն և պատրաստում են նմանատիպ հավելվածներ. «Արդյունքները բավականին խոստումնալից են: Կոլեգա ունեմ, ով, կոպիտ ասած, սկսել է զրոյից ռուսաստանյան դաշտում աշխատել և գտել է արդեն իր դաշտը հենց հավելվածի միջոցով»:

Սակայն ձեռք բերածը բավարար չէ, և այս մտահաղացման հեղինակները ցանկանում են է՛լ ավելի հեռուն գնալ՝ ներմուծել 6D մոդելավորում։ «Վերջերս Apple ընկերության նոր պրոդուկտների վերաբերյալ շնորհանդեսում ներկայացրին արդեն բավականին լայն տարածում ստացող «augmented reality»-ն (լրացված իրականություն), երբ իրական միջավայր է ներմուծվում որևէ օբյեկտ և մերվում այդ միջավայրի հետ. այսինքն, օրինակ, դուք ձեր դեմքը տեսնում եք հայելու մեջ իրական միջավայրում և վիրտուալ որևէ այլ քիթ՝ դեմքի վրա: ՀՀ-ում հիմա կա 3D մոդելավորում իրականացնող կլինիկա ՝ «Արզնի էսթետիկա պլաստիկ վիրաբուժության կենտրոն»-ը, մենք ցանկանում ենք կատարել հաջորդ քայլը»,- ասում է Հ. Արշակյանը:

Ներկա պահին  ծրագիրը ծածկում է iOS համակարգի դաշտը, բայց շուտով՝ մոտավորապես 1-2 ամիս հետո, հավելվածը հասանելի կլինի նաև Android օպերացիոն համակարգի համար։ Առաջիկայում նախատեսվում է նաև ավելացնել տեսազանգի հնարավորություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրիպտոարժույթները չեն կարող մրցակցել ազգային արժույթների հետ. ԿԲ դիրքորոշումը «ֆինանսական փուչիկ» որակվող երևույթի մասին

Կրիպտոարժույթները որակվում են որպես ֆինանսական փուչիկ (bubble), ինչը ենթադրում է, որ տվյալ ապրանքի կամ ծառայության գինը շատ ավելի չափազանցված և ուռճացված է, քան իր իրական գինը

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ