Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսությունը՝ հեղափոխությունից հետո. հեռանկարներ և ռիսկեր

Վերադարձ լուրերի բաժին

19:03 , 06 Մայիս 2018

Այս օրերին, բացի քաղաքական վերլուծություններից, բուռն կերպով քննարկվում են նաև տնտեսական հարցեր։ Ինչպե՞ս են ազդել այս դեպքերը տնտեսության վրա, կայո՞ւն է արդյոք ֆինանսական համակարգը, ի՞նչ է լինելու հետո, և այլն։ Մենք առանձնացրել ենք ամենակարևոր հարցերը։

Ֆինանսական կայունությունն ու դրամի փոխարժեքը

Ինչո՞ւ չարժեզրկվեց դրամը։ Այս հարցին արդեն անդրադարձել ենք։ Սակայն մեկ անգամ ևս, ավելի պարզ օրինակով, խոսենք այդ մասին և թեման փակենք։

Այսօր մայիսի 6-ն է։ Եթե մի շաբաթ քնած լինեիք ու այսօր արթնանալով՝ դուրս գայիք քաղաք ու զբաղվեիք ձեր առօրյա գործերով, զբոսնեիք ու շփվեիք մարդկանց հետ, մտքներովդ կանցնե՞ր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ Որ Սերժ Սարգսյանն այլևս երկրի ղեկավարը չէ, և մի քանի օրից այդ դերը դե յուրե կստանձնի Նիկոլ Փաշինյանը։

Մարդիկ հանգիստ են, ասես ոչինչ չի եղել։ Ասես ընդամենը 3 օր առաջ նրանք չէին փակել հանրապետության բոլոր ճանապարհները, օդանավակայանը, ասես նրանք չէին համընդհանուր գործադուլ ու դասադուլ և հարյուր-հազարներով ակցիաներ անում փողոցներում։

Ֆինանսական շուկայի կայունության, դրամի փոխարժեքի կայունության գլխավոր գաղտնիքը հենց այստեղ է։ Մենք չունենք խուճապահար ու հոռետես քաղաքացիներ։ Հակառակը՝ ունենք ինքնավստահ ու լավատեսությամբ լցված քաղաքացիներ, որոնք վստահելու են այն իշխանությանը, որը դե յուրե կլինի մի քանի օրից։ Հետևաբար՝ վստահելու են նաև ազգային դրամին։

Դրան գումարած, ՀՀ ֆինանսական համակարգը բավականին կայացած է և կայուն։ Բանկերն ունեն բարձր իրացվելիություն։ ԿԲ-ն ունի բավարար պահուստներ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ՝ իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Այնպես որ, այս հարցում անհանգստանալու պատճառ չկա։

Կարո՞ղ ենք թռիչքաձև աճ ունենալ

Այո։ Միգուցե դա այս տարի չլինի, սակայն, եթե ամեն ինչ ճիշտ ընթանա, արդեն հաջորդ տարի մենք կարող ենք թռիչք գրանցել։

Ինչո՞վ է պայմանավորված այս լավատեսությունը, և, եթե դա հնարավոր էր՝ ինչո՞ւ նախկին կառավարություններին դա չէր հաջողվում անել։

Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանը ոչ թե կարող է, այլ պետք է թռիչքաձև աճի՝ զարգացած երկրներին հասնելու համար։ Մենք բավականին ետ ենք ընկել աճի պոտենցիալից, և դա պետք է հնարավորինս արագ վերականգնել։

Ինչ վերաբերում է նախկին կառավարություններին, ապա նրանք այդ հնարավորությունը չունեին։ Բազմիցս նշվել է, որ առողջ ու արագ զարգացման համար միայն կրթված կադրերն ու «աշխատված» ծրագրերը բավարար չեն։ Ներդրումներ բերելու և տնտեսական զարգացում ունենալու ճանապարհին կային շատ ավելի լուրջ խնդիրներ՝ վստահության տոտալ բացակայություն պետական համակարգի նկատմամբ, դատաիրավական համակարգի կախյալ վիճակ, օրենքի գերակայության բացակայություն, իշխանության և բիզնեսի սերտաճում, և այլն։

Այս խնդիրները լուծելու համար կա՛մ պետք էր քաղաքական կամք, կամ այնպիսի փոփոխություններ, որոնք տեղի ունեցան։ Քաղաքական կամքի մասին միշտ խոսվում էր, սակայն այն այդպես էլ չցուցաբերվեց։

Այժմ բոլոր նախադրյալները կան, որ այս բոլոր խնդիրները լուծվեն՝ բացելով տնտեսության «թթվածնի խողովակը»: Սակայն, նոր հնարավորություններից բացի՝ նոր իրավիճակը նաև ռիսկեր է պարունակում, որոնցից պետք է զգուշանալ։

Ռիսկերը

Ամենակարևոր բանն այս պահին տնտեսական համակարգի բնականոն աշխատանքի շարունակականությունն ապահովելն է։ Եթե շատ պարզեցնենք, կստացվի՝ հարկերը պետք է ամբողջ ծավալով և ժամանակին հավաքագրվեն, թոշակներն ու նպաստները պետք է ժամանակին վճարվեն։

Կադրային ջարդ չի կարելի, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամանակավոր է, և այս փուլում դրա գլխավոր խնդիրն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է և արտահերթ ընտրությունների անցկացումը։ Կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ մշակել նոր տնտեսական քաղաքականություն և կյանքի կոչել այն։ Դատելով ՀՀԿ-ական պաշտոնյաների հայտարարություններից՝ ՀՀԿ-ական նախարարներ նոր կառավարությունում չեն լինի։

Այս պահին դժվար է ասել՝ ովքեր կլինեն տնտեսական բլոկի պատասխանատուները, սակայն ով էլ լինի՝ կտրուկ քայլերից պետք է խուսափի։ Կհայտնվեն անգամ մարդիկ, ովքեր կարճ ժամանակահատվածում ռադիկալ փոփոխություններ անելու խորհուրդներ կտան՝ թե՛ քաղաքականության, թե՛ կադրերի հարցում։

Սակայն չի կարելի շտապել և տրվել գայթակղությանը։ Հայաստանի տնտեսությունը փորձադաշտ չի։ Ավելի լավ է չշտապել և ամեն ինչ անել հազար անգամ ծանրութեթև անելուց հետո։

Չի կարելի նաև ամբողջությամբ քանդել հին համակարգերը։ Այո, դրանցից շատերի նկատմամբ դժգոհություններ կան (ասենք, Հարկային օրենսգրքի): Սակայն գալ ու անմիջապես կտրուկ վերանայել Հարկային օրենսգրքի դրույթները՝ քննադատություններին տեղի տալով, դա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել պետբյուջեի կատարումը։ Հարկային օրենսգիրքն ու մնացած բաները պետք է փոխվեն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լուրջ ու համակողմանի քննարկումներից հետո միայն։

Այսինքն, այս փուլում պետք է փորձել պահպանել առկա համակարգերն ու կադրային բազան, սակայն մեծացնել դրանց արդյունավետությունը։ Այսինքն, ապահովել, որ եղած օրենքները հավասար գործեն բոլորի համար, հետո նոր մտածել օրենսդրական փոփոխությունների մասին։

Առավելևս, որ ներկա փուլում դա դժվար էլ է պատկերացնել, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում դեռ մեծամասնություն ունի։ Թեպետ, հանուն ճշմարտության՝ նշենք, որ ցանկալի կլիներ կառավարության կազմում տեսնել տնտեսական բլոկի նախարարներից, օրինակ, Վաչե Գաբրիելյանին, Սուրեն Կարայանին կամ Վարդան Արամյանին։ Սակայն որքանով հնարավոր կլինի համատեղել պրոֆեսիոնալիզմը՝ կուսակցական լինելու հանգամանքի հետ, արդեն քաղաքական հարթության խնդիր է։

Նույն ռիսկը վերաբերում է նաև մասնավոր հատվածին։ Որոշ օդիոզ դեմքերի «կուլակաթափ» անելու, ունեզրկելու և անգամ բանտ ուղարկելու միտքը շատերի ականջը կարող է շոյել։ Սակայն պետք է իրատեսական լինել և նկատի ունենալ, որ այդ օդիոզ դեմքերն ապահովում են Հայաստանի փոքր տնտեսության հարկային մուտքերի մի զգալի մասը։ Կտրուկ քայլերը կարող են ոչ միայն կապիտալի փախուստ հրահրել, այլ ոչնչացնել բիզնեսները՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։ Բիզնեսի հետ պետք է խոսել անկեղծ և բաց՝ սահմանելով խաղի նոր, արդար կանոններ։

Երկրորդ ռիսկը չափազանցված սպասումներն են։ Մարդիկ տնտեսության դետալների մեջ այնքան էլ չեն խորանում և սպասում են արագ փոփոխությունների։ Նրանք սպասում են, որ իրենց թոշակները շատ արագ կտրուկ կբարձրանան, որ աշխատատեղեր կստեղծվեն, որ որակյալ բուժօգնությունը հասանելի կդառնա։

Պետք է անկեղծ լինել և ասել, որ փոփոխությունները շատ արագ չեն լինի, դրա համար պետք է ժամանակ, աշխատանք և հավատ։ Տարբեր գնահատականներով՝ լուրջ բարեփոխումների շոշափելի էֆեկտը կզգացվի 1-1.5 տարվա ընթացքում։ Սա չափազանց կարևոր է, որովհետև չափազանցված սպասումները կարող են բերել արագ և խորը հիասթափության՝ մսխելով կուտակված էներգիայի ներուժը։

Ի դեպ, հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում հենց դա տեղի ունեցավ։ Սպասումները չափազանցված էին, սակայն անգամ 7.5%-անոց աճի էֆեկտը մարդիկ չզգացին։ Ու հենց դրանով էր պայմանավորված Կարեն Կարապետյանի վարկանիշի կտրուկ նվազումը՝ 80%-ից հասնելով 20-30%-ի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: