Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական տարվա առաջին կեսը. ինչ ունենք հունվար-հունիսին (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

14:06 , 25 Հուլիս 2018

Հ վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ ամփոփեց տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, հրապարակվածն առայժմ ամենակարևոր, ընդհանուր տվյալներն են՝ առանց մանրամասն բացվածքի, սակայն մոտավորապես կարելի է հասկանալ տնտեսության վիճակը և միտումները։

Սկսենք ամենակարևորից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։

Ամենակարևոր միտումներից մեկն այն է, որ ապրիլ և մայիս ամիսների աճի դանդաղումից հետո՝ հունիսին, ՏԱՑ-ի աճը կրկին արագացել է։ Այսպես, եթե 2018 թվականի մարտին՝ 2017 թվականի մարտի համեմատ, ՏԱՑ հավելաճը 10.9% էր, ապրիլին (ապրիլի համեմատ) այն նվազեց մինչև 7.2%, իսկ մայիսին հասավ 5.4%-ի։ Որոշ մասնագետներ ՏԱՑ-ի հավելաճի դանդաղումը պայմանավորում էին քաղաքական իրադարձություններով, սակայն առավել մանրամասն դիտարկումը ցույց էր տալիս, որ դա տեղի է ունեցել պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալների կտրուկ նվազման պատճառով։

Ինչևէ, հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, ՏԱՑ հավելաճի տեմպը կրկին արագացել է և կազմել 9.6%։

tac-june

Արդյունքում՝ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ունենք տնտեսական ակտիվության 8.9%-անոց աճ (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ)։ Վերջին տարիների կտրվածքով՝ սա կիսամյակային ամենաբարձր աճն է։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 2016-ի առաջին կիսամյակի համեմատ, ՏԱՑ հավելաճը 6.3% էր։ Մի խոսքով, կիսամյակը լավատեսական նոտայով է փակվում, և հունիսի ցուցանիշը հույս է ներշնչում, որ տարվա կտրվածքով բարձր աճ կունենանք։

Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել այս աճը, և ընդհանրապես՝ ինչի՞ մասին են խոսում այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները։

Ինչպես տեսնում եք երկրորդ գծապատկերում, աճի մայիսյան դանդաղումը պայմանավորված էր նախևառաջ՝ արդյունաբերական արտադրանքի 3.1%-անոց նվազմամբ և գյուղատնտեսության զրոյական աճով։

Հունիսին պատկերը փոխվել է՝ արդյունաբերության ցուցանիշն անկումայինից դարձել է դրական։ Սակայն տնտեսական աճի արագացումն ապահովել են հիմնականում երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունը և ծառայությունները։

Գյուղատնտեսական ոլորտի արտադրանքն այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, աճել է 14%-ով և կազմել 89.4 մլրդ դրամ։ Մասնագետներն այս աճը բացատրում են այն հանգամանքով, որ եղանակային պայմանների արդյունքում՝ գյուղատնտեսական սեզոնը 1 ամսով առաջ է ընկել։

tac-june2

Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա նախորդ ամիսների աճն է՛լ ավելի է արագացել և հունիսին հասել 21.2%-ի։ Հունիս ամսվա ընթացքում ծառայությունների ծավալը կազմել է 151.1 մլրդ դրամ՝ ավելի շատ, քան արդյունաբերությունը։ Քանի դեռ մանրամասն բացվածքը չի հրապարակվել, դժվար է ասել, թե հիմնականում ինչի հաշվին է արագացել ծառայությունների ոլորտի աճը։ Կարելի է ենթադրել, որ զբոսաշրջության աճը դեր է խաղացել (արդեն նշել ենք, որ հունիսին օդային ճանապարհով Հայաստան ժամանածների թիվն աննախադեպ մեծ եղել)։ Սակայն չի բացառվում, որ դեր խաղացած լինի նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ծառայությունների ոլորտի մեջ մտնում են նաև վիճակախաղերն ու բուքմեյքերները, իսկ հունիսի 15-ին մեկնարկած Աշխարհի առաջնության օրերին Հայաստանում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել։

Արտաքին առևտրի մասով դինամիկան այնքան էլ լավատեսական չէ։ Արտահանման աճի տեմպը հունիսին դանդաղել է մինչև 6.7% (մայիսին 20.6% էր)։ Ներմուծման աճը տարվա առաջին ամիսներին նույնպես դանդաղել է, սակայն հունիսին ներմուծման աճը 3 անգամ բարձր է արտահանման աճից՝ 20.8%։

Արտահանման աճի դանդաղումը նույնպես հիմնականում պայմանավորված է պղնձի գործոնով։

Կիսամյակի կտրվածքով արտաքին առևտրի պատկերն այսպիսին է. արտահանումը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 1 մլրդ 165.2 մլն դոլար (հավելաճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 20%), ներմուծումը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 2 մլրդ 310.9 մլն դոլար (աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 33.9%):

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 3 մլրդ 476.1 մլն դոլար, որը 28.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտաքին առևտրի հաշվեկշիռն առաջին կիսամյակի արդյունքներով բացասական է՝ -1 մլրդ 145.7 մլն դոլարի չափով։

Վերջում մի կարևոր տվյալ՝ աշխատավարձի մասին։ 2018 թվականի հունիսին՝ 2017 թվականի հունիսի համեմատ, հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը նվազել է 6.1%-ով և կազմել 171 950 դրամ։ Պետական հատվածի աշխատավարձը նվազել է 9.1%-ով, ոչ պետական հատվածինը՝ 12.4%-ով։ Այս իրադարձությունը ոմանց կողմից ներկայացվում է՝ որպես բացասական զարգացում, սակայն, մեր տեղեկություններով՝ պատճառը զուտ տեխնիկական է։

Մասնավորապես, մի շարք խոշոր գործարարներ հունիսին ստվերից դուրս են բերել՝ գրանցել են իրենց բոլոր աշխատողներին, բնականաբար, միջինից ցածր աշխատավարձով, ինչի արդյունքում հանրապետության մասշտաբով աշխատավարձի ցուցանիշը նվազել է։ Այս մասին առավել մանրամասն կգրենք առաջիկայում, երբ կունենանք հավաստի տեղեկություններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: