Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական տարվա՝ 2019-ի ամփոփում. արդյունքներ, սոցիալական ազդեցություն

Վերադարձ լուրերի բաժին

EconoMood-ն ամփոփել է 2019 թվականի հիմնական տնտեսական արդյունքները:

2019 թվականին գրանցվել է առաջանցիկ տնտեսական աճ: 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.6%, որն ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր: Արձանագրված 7.6% տնտեսական աճի մակարդակն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատությամբ: Ռուսաստանում 2019 թ. արձանագրվել է 1.3%, Ղազախստանում՝ 4.5%, Բելառուսում 1.2%, Ղրղզստանում՝ 4.5% աճ: Հարևան Վրաստանի տնտեսական աճը եղել է 5.2%, Ադրբեջանինը՝ 2.2%, Թուրքիայինը՝ 0.2%, Իրանինը՝ -9.5%:

2019 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական համակարգի կայուն ցուցանիշներով։ Տնտեսական աճի բարձր ցուցանիշ արձանագրելուն մեծապես նպաստել է մշակող արդյունաբերության ճյուղը, որն աճել է 12%-ով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 27.2% աճով, հանքարդյունաբերությունը՝ 21.3% աճով, առևտուրը՝ 9.3% աճով, շինարարության ոլորտը՝ 4.2% աճով:

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Արդյունաբերության ճյուղում 2017 թվականից հետո հանքարդյունաբերության մասնաբաժինը շարունակաբար նվազում է: 2019-ին այն նվազել է ավելի քան 3․4 տոկոսային կետով: Դրան հակառակ՝ մշակող արդյունաբերության մասնաբաժինը երկրորդ տարին անընդմեջ ավելացել է: 2017-ի համեմատ մշակող արդյունաբերության մասնաբաժինն ավելացել է 7.2 տոկոսային կետով։

Տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2% աճով, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի հետևանք է: Երկրորդ բարձր ոլորտային աճն արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% չափով: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 մլրդ դոլար, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 4,604 դոլար, 2018-ին այդ ցուցանիշը կազմել էր 4,186 դոլար, իսկ 2017-ին՝ 3,868 դոլար: 2019 թվականի ընթացքում գրանցվել են նաև տնտեսական շոշափելի արդյունքներ: Բարձր տնտեսական աճի, հարկունակ ստվերի կրճատման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ 2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով: Դրանից 200 մլրդ դրամը վերադարձվել է տնտեսվարողներին՝ նրանց նկատմամբ պետության ունեցած պարտքերի մարման նպատակով, ինչը գոյացել էր մինչև 2018 թվականը:

2019 թվականին ստվերային տնտեսության կրճատման հիմնական ցուցիչ հանդիսացող Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%, ինչը 1.38 տոկոսային կետով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը՝ 20.95%: 2019 և 2018 թվականների Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների տարբերության 1.38 տոկոսային կետն, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների, որն էլ, այլ հավասար պայմաններում, ապահովվել է հարկունակ ստվերային տնտեսության կրճատման հաշվին:

Սոցիալական ազդեցություն
Բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ ավելացման շնորհիվ միջինը 10%-ով բարձրացվել են կենսաթոշակները և նպաստները, զգալիորեն բարձրացվել են ուսուցիչների, դասախոսների, զինծառայողների, փրկարարների, անտառապահների, սոցիալական աշխատողների, Երևանի շտապ բժշկական օգնության, երաժշտական և արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Այս ուղղությամբ պետական բյուջեից ուղղվել է ավելի քան 71.6 մլրդ դրամ հավելյալ գումար: Նվազագույն աշխատավարձը բարձրացել է 24%-ով՝ 55 հազարից դառնալով 68 հազար:

Լուծվել կամ վերջնական լուծման փուլում են գտնվում Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների, մանկատան շրջանավարտների, Աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրները, իսկ 2020-ի բյուջեով հավելյալ 3 մլրդ դրամով նախատեսվում է վերջնական լուծել աղետի գոտու բնակարանային բոլոր խնդիրները: Պետական եկամուտների ավելացման արդյունքում Կառավարության համար հիմնավոր հնարավորություն է ստեղծվել գրեթե վերացնել կամ էականորեն նվազեցնել հարկային բեռը փոքր տնտեսվարողների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: