Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ոլորտի ամենամեծ հաջողությունների և ամենամեծ ձախողման հետքերով․ խոսում ենք վիճակագրական տվյալներով

Վերադարձ լուրերի բաժին

09:15 , 03 Դեկտեմբեր 2018

Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ իր պաշտոնավորման ժամանակ տնտեսական ոլորտում արձանագրած հաջողությունների և ձախողումների մասին նշել էր, որ հաջողություն է համարում՝ մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ստվերի կրճատումը, իսկ որպես ձախողում՝ այն նեգատիվ ֆոնը, որ առաջացել է ներդրումային միջավայրում՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականության պատճառով՝ համարելով, որ դա էլ բխում է երկրի շահերից։

Հաջողությունների մասին

Այսպես կոչված «մենաշնորհների» վերացում (կամ, մասնագիտական լեզվով ասած, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողի շուկայական մասնաբաժնի կրճատում) եղել է մի շարք ապրանքային շուկաներում:

Մասնավորապես, ըստ ՏՄՊՊՀ-ի 24.11.2018թ-ի մամլո հաղորդագրության՝ 2014թ-ի համեմատ 2018թ-ին (ժամանակահատվածը չի հստակեցվում)

կարագի շուկայում տնտեսվարողների թիվը 24-ից հասել է 57-ի, իսկ գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը 74%-ից դարձել է 49%,

ալյուրի շուկայում՝ տնտեսվարողների թիվը 30-ից հասել է 149-ի և այլևս գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, քանի որ խոշորագույն տնտեսվարողի մասնաբաժինը 5% է,

շաքարավազի շուկայում՝ 36-ից 62-ի, իսկ գերիշխողի շուկայական մասնաբաժինը կրճատվել է 16%-ային կետով` 94%-ից հասնելով 78%-ի,

բանանի շուկայում՝ 9-ից 21-ի, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից հասնելով 56%-ի: Թեև համեմատության բազան 2014թ-ն է, բայց ակնհայտ է, որ հատկապես գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողի շուկայական մասնաբաժնի կրճատման առումով ամենանշանակալից արդյունքը գրանցվել է հենց հետհեղափոխական շրջանում։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարող է վկայել այն փաստը, որ ըստ Վիճակագրական Կոմիտեի (այսուհետ՝ Վիճկոմ) 2017թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կոռուպցիոն բնույթի գրանցված հանցագործությունների քանակը եղել է 515, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1237։ Ըստ Մեդիամաքսի՝ 2018թ. մայիսի 8-ից հոկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում միայն ԱԱԾ քննչական դեպարտամենտում տնտեսական գործունեության դեմ ուղղված եւ կոռուպցիոն  բնույթի հանցագործություններով քննվող գործերի շրջանակում պետբյուջե է վերականգնվել 12.8 մլրդ դրամ։

Ստվերի կրճատման մասին, իսկապես, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրվել է դրական տեղաշարժ մի շարք ցուցանիշների գծով։ Մասնավորապես, ըստ Վիճկոմի կողմից եռամյակային պարբերականությամբ հրապարակվող տվյալների՝ ոչ պետական հատվածում գրանցված աշխատողների թվաքանակը 2018թ-ի մարտի վերջի դրությամբ եղել է 329,198, իսկ արդեն սեպտեմբերի վերջի դրությամբ՝  375,734, բացարձակ հավելաճը՝ 46,536 (ոչ թե 37,000 ինչպես նշում էր Նիկոլ Փաշինյանը)։

Բացի այդ՝ 2018թ-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի եկամուտները հարկերի և տուրքերի գծով եղել են գրեթե 635.1 մլրդ դրամ, իսկ 2017թ-ի նույն ժամանկահատվածում՝ մոտ 573.9 մլրդ դրամ։ Թեև ուղիղ համեմատությունը մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ մեթոդաբանության փոփոխություն է եղել, բայց երբ որ համադրում ենք երկրի մայիս-հոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի, ինչպես նաև ՊԵԿ կողմից վերահսկվող հարկային անցումային գերավճարների բացարձակ մեծության փոփոխության հետ, ապա պարզ է դառնում, որ արձանագրված պետբյուջեի եկամուտների աճը մեծապես պայմանավորված է ստվերի կրճատմամբ:

Ձախողման մասին

Իրոք, ներդրումային գրավչության անկումը կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը, որն ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Որպես օբյեկտիվ պատճառ կարելի է նշել ապրիլ-մայիս ամիսների քաղաքական զարգացումները, տնտեսական բնույթի և կոռուպցիոն հանցագործությունների գծով հարուցված բազմաթիվ քրեկան գործերը և դրանց արդյունքում ձևավորված գործարար սպասումները, իսկ որպես սուբյեկտիվ պատճառ, օրինակ, կարելի է նշել Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ծավալվող զարգացումները և կառավարության «ավելորդ» զգուշավորությունը, միգուցե նախընտրական շրջանում քաղաքական դիվիդենտներ չկորցնելու ձգտումը կամ անփորձությունը։ Ինչևէ ունենք այն, ինչ ունենք․ 2018թ-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներին ՀՀ օտարեկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան 37 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ  96.5 մլրդ դրամ։ Ինչ խոսք այսպիսի անկումից հնարավոր կլիներ ամբողջովին խուսափել, եթե Լիդիան Արմենիային հնարավորություն տրվեր ավարտել ներդրումային նախագիծը, ընդ որում՝ այն իր հերթին կնպաստեր նաև զբաղվածության (այդ թվում՝ գրանցված աշխատողների թվաքանակի) աճին, ինչպես նաև պետբյուջեի եկամուտների ավելացմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։